«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2012-03-16 | #48, 2012-03-17 | #49, 2012-03-20


«ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՇՔ ՖՐԻԴԵԿԻՑ»

Չեխական ազեցիկ ամսագիրըՙ հայկական «Մառլենկա» թխվածքի ու Հայոց ցեղասպանության մասին

Չեխական հայտնի «Տիդեն» ամսագիրը «Հաջողությունՙ պատրաստված է Չեխիայում» հատուկ թողարկման մեջ ներկայացրել է բիզնեսի, արվեստի ու մշակույթի բնագավառի չեխական ամենահաջողակ 23 անհատների, որոնց թվումՙ չեխահայ գործարար, «Մառլենկա» հայտնի թխվածքի արտադրության սեփականատեր Գեւորգ Ավետիսյանին : Ծավալուն հարցազույցում ամսագիրը անդրադառնում է ոչ միայն հայտնի գործարարի Չեխիայում հաստատվելու պատմությանը, նրա հիմնադրած «Միկո Ինթերնեշընլ» ընկերության գործունեությանը, այլեւ հայ ժողովրդի պատմությանն ու Հայոց ցեղասպանության խնդրին:

«Եթե 1714 թվականին հայ Գեւորգ Դեոդատ Դամասկոսցին Պրահայում առաջին սրճարանն էր հիմնել, ապա 300 տարի անց Երեւանից եկել է Գեւորգ Ավետիսյանը եւ չեխերին հայկական մեղրով տորթից կախվածության մեջ գցել»,- գրում է Իվան Մոտիլը : Հոդվածագիրը անդրադառնում է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման օրինագծի ընդունմանը, մեջբերելով նաեւ հայ գործարարի այն խոսքը, որ եթե մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը եվրոպական երկրների դեմոկրատներն ու մտավորականները հետաքրքրվեին հայերի ցեղասպանությամբ, ապա Հիտլերը հրեաների Հոլոքոսթը կազմակերպելուց առաջ չէր ասի` «Ո՞վ է այսօր հիշելու հայերի կոտորածները»: Մինչդեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի իրականացրած ցեղասպանությամբ 1,5 միլիոն հայեր սպանվեցին: Հեղինակը նաեւ հիշում է չեխ գրող եւ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» գիրքը, որտեղ պատմվում է դարասկզբին հայերի հետ կատարված վայրագությունների մասին: Կարել Հանսան հայ փախստականների օգնության առաջին հիմնադրամն է ստեղծել Չեխոսլովակիայում դեռեւս 1923 թվականին:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասինՙ հիշատակվում է «Ակօս»ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության փաստը եւ տրվում պոլսահայության վիճակի գնահատականը: Գեւորգ Ավետիսյանի պապերը Վանից են, իսկ մոր պապը ժամանակին Պոլսում ունեցել է լոխումի արտադրության մեծ ֆաբրիկա: Թուրքերը նրան հենց այնտեղ կախելով սպանել են:

Խոսելով Հայաստանի եւ Չեխիայի մասինՙ հայ գործարարը հիացական խոսքեր է ասում Պրահայի գեղեցկության մասին, բայց նաեւ չեխերին հորդորում է ճամփորդել Հայաստանում, ուր զբոսաշրջիկները կտեսնեն եւ կճաշակեն աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկրի գեղեցիկ հուշարձաններն ու մարդկանց հյուընկալությունը:

Հոդվածագիրն անդրադառնում է նաեւ հայկական թխվածքին, որի խմբաքանակները արդեն հասնում են նաեւ Հայաստան, ուր մեծ սուպերմարկետներում առայժմ վաճառվում են միայն «Մառլենկայի գնդիկները»: Աշխարհի տասնյակ երկրներ արտահանվող հայկական թխվածքն այսօր դարձել է նաեւ Չեխիայի Ֆրիդեկ Միստեկ քաղաքի այցեքարտը Եվրոպայի եւ Արեւելքի երկրներում: «Մառլենկայի» տուփերին բարձր որակի եւ բնամթերքի նշանների կողքին արդեն պատկերված է նաեւ Ֆրիդեկ Միստեկի զինանշանը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4