Ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ 2 հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլային մրցաշրջանը մեր հանրապետությունում, որն այս տարի սովորականից ավելի երկարատեւ է լինելու: Ինչպես հայտնի է, առաջնությունն անցկացվելու է 6 շրջանով ու թիմերից յուրաքանչյուրը 42 խաղ է անցկացնելու:
Գավաթի մրցաշարում առաջինն ասպարեզ դուրս եկան Դիլիջանի «Իմպուլսն» ու ՀՀ չեմպիոն Երեւանի «Ուլիսը»: Այդ հանդիպումը նախատեսված էր Արարատի «Այգ» մարզաբազայի խաղադաշտում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով անցկացվեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում:
Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում, վտանգավոր պահերն էլ հազվադեպ էին: Կարելի է թերեւս հիշատակել 40-րդ րոպեին ուլիսցի Գեւորգ Նռանյանի դիպուկ հարվածը, որից հետո դարպասապահ Գոռ Էլյազյանը հրաշքով փրկեց դրությունը:
2-րդ խաղակեսի սկզբում արդեն «Ուլիսի» դարպասապահ Մանվել Աֆրիկյանին հարկ եղավ ցուցադրելու վարպետությունըՙ հետ մղելով Նորայր Գյոզալյանի վտանգավոր հարվածը: Սակայն քիչ անց Աֆրիկյանն անկարող էր փրկել իր թիմին, երբ դարպասին հարվածեց «Իմպուլսի» նորեկ, մակեդոնացի Ֆիլիպ Տիմովը: 4 րոպե անց Արսեն Բալաբեկյանը կարող էր վերականգնել հավասարակշռությունը, սակայն մենմենակ հայտնվելով դարպասապահի դիմաց ու շրջանցելով նրան, սուր անկյան տակ չկարողացավ գրավել դարպասը: Վտանգավոր էր նաեւ Գեւորգ Նռանյանի գլխի հարվածը, սակայն այս անգամ էլ «Իմպուլսի» դարպասապահը վստահ խաղաց:
69-րդ րոպեին «Իմպուլսը» 11 մ հարվածի իրավունք ստացավ ու Նորայր Գյոզալյանը կրկնապատկեց հաշիվը: Պարտությունից խույս տալու «Ուլիսի» բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Չեմպիոնին միայն հաջողվեց կրճատել հաշիվը: Խաղավարտից մեկ րոպե առաջ Արսեն Բալաբեկյանը 11 մ հարվածով «թրջեց» հաշիվըՙ 2-1: Այս գոլը շատ կարեւոր էր «Ուլիսի» համար, քանի որ պատասխան խաղում 1-0 հաշվով հաղթելու դեպքում եզրափակիչի ուղեգիր կնվաճի:
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:
Արմեն Գյուլբուդաղյանց («Իմպուլս») -Գավաթային հանդիպումներին բնորոշ մրցավեճ էր, որում երկու թիմերի համար էլ գլխավորն արդյունքն էր: Ուստի որոշ չափով տուժեց խաղի դիտարժանությունը: 2-րդ խաղակեսում «Ուլիսը» մեծ ճնշում գործադրեց, բայց մեզ հաջողվեց արժանիորեն դիմադրել: Ցավոք, խաղավերջում մեր դարպասին 11 մ հարված նշանակվեց ու մենք կորցրինք 2 գնդակի առավելությունը: Մենք նախապատրաստական լավ փուլ ենք անցել, թիմը նորմալ ֆունկցիոնալ վիճակում է: Այսօր տղաները լավ խաղացին: Ամեն ինչ կանենք, որ պատասխան խաղում էլ լավ հանդես գանք ու եզրափակիչ մտնենք: Եզրափակիչի ուղեգրի նվաճման թիմերի հնարավորությունները հավասար եմ գնահատում:
Սեւադա Արզումանյան («Ուլիս») - Սովորաբար գավաթային հանդիպումները լարված պայքարում են անցնում, ուստի դիտարժան խաղ չստացվեց: Մեր ֆուտբոլիստների մոտ որոշակի լարվածություն էր նկատվում, ինչը խանգարում էր նրանց գրոհներին արդյունավետ վերջակետ դնել: Այսօր հիմնական կազմից 7 ֆուտբոլիստ բացակայում էր, ինչը չէր կարող չազդել թիմի ելույթի վրա: Լավ էր, որ վերջում գոլ խփեցինք: 1-2 հաշիվը պատասխան խաղում վերջնական հաղթանակի հասնելու հույսեր է ներշնչում: Թիմի նորեկ բրազիլացի Արագոնեյ դա Սիլվա Սանթոսը վատ տպավորություն չթողեց, սակայն ժամանակ է անհրաժեշտ, որ նա մերվի կոլեկտիվին: Թիմում կան դիրքեր, որոնք ուժեղացման կարիք են զգում: Ցանկալի կլինի, որ չեմպիոնների լիգայի մրցաշարից առաջ համալրվենք 2-3 բարձրակարգ ֆուտբոլիստներով: «Իմպուլսը» լավ թիմ է, երեւում է, որ լուրջ աշխատանք է կատարվել: Թիմի բոլոր օղակներն էլ լավ են համագործակցում ու մեզ պատասխան խաղում բարդ հանդիպում է սպասում:
Կիսաեզրափակիչի մյուս խաղում Իջեւանի «Արնար» մարզադաշտում «Շիրակը» հյուրընկալել էր «Միկային»: Թեեւ վերջինիս կազմում ներկայումս մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, սակայն գործող գավաթակիրը հաջող անցկացրեց հանդիպումը ու 1-0 հաշվով հաղթեց: Միակ գնդակը 67-րդ րոպեին խփեց Արեգ Ազատյանը, որը մենմենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, գրավեց Արթուր Հարությունյանի պաշտպանած դարպասը:
Կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին եւ 12-ին, որոնք էլ ի հայտ կբերեն եզրափակիչի մասնակիցներին: