Այսօր Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Չեմպիոնը կորոշվի շվեյցարական մրցակարգով 11 տուրով անցկացվելիք մրցաշարում, որին կմասնակցեն 350 շախմատիստներ: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար եվրո է: Չեմպիոնը կպարգեւատրվի 14 հազար եվրոյով, 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներըՙ համապատասխանաբար 11 եւ 9 հազար եվրոյով: Հետաքրքրական է, որ վերջերս Թուրքիայում ավարտված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում մրցանակակիրների պարգեւավճարներն ավելին էին: Եվրոպայի չեմպիոնուհին պարգեւատրվել էր 20,5 հազար եվրոյով, 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները ստացել էին համապատասխանաբար 15,5 եւ 11,5 հազար եվրո:
Հայաստանից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 11 շախմատիստներՙ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը (2702), Վլադիմիր Հակոբյանը (2684), Գաբրիել Սարգսյանը (2674), Տիգրան Պետրոսյանը (2643), Հրանտ Մելքումյանը (2628), Արման Փաշիկյանը (2618), Զավեն Անդրեասյանը (2616), Ռոբերտ Հովհաննիսյանը (2600), Սամվել Տեր-Սահակյանը (2578), ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը (2441) եւ Վլադիմիր Պողոսյանը (2153):
Առաջնության մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն (2767) ունի իտալացի Ֆաբիանո Կարուանան, որին հաջորդում են ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2752), ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն (2729) եւ հոլանդացի Անիշ Գիրին (2717): Սերգեյ Մովսիսյանն իր վարկանիշով (2702) 12-րդ տեղում է: