Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում անցկացվեցին նաեւ արագ շախմատի եւ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնությունները:
Արագ շախմատի առաջնությունն անցկացվեց շվեյցարական մրցակարգով 11 տուրով: 46 մասնակիցների թվում էին Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, ինչպես նաեւ Էլմիրա Սկրիպչենկոն, որը հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո:
Ավելի հաջող խաղաց Լիլիթ Գալոյանը, որը 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր ու գրավեց 15-րդ տեղը: Լիլիթը հաղթեց Ելենա Չերեդնիչենկոյին, Աննա Ուշենինային, Ելենա Մեդինային, Իվա Վիդենովային, Մերի Արաբիձեին եւ Սոֆիկո Գուրամիշվիլուն, ոչ-ոքի խաղաց Բահիրա Կովանովայի հետ, պարտվեց Անտոանետա Ստեֆանովային, Սվետլանա Բեզգոդովային, Իրինա Բուլմագային եւ Նինո Խուրցիձեին:
Լիլիթ Մկրտչյանը 6 միավորով գրավեց 19-րդ տեղը, իսկ Էլմիրա Սկրիպչենկոն 5,5 միավորով 24-րդն էր:
Արագ շախմատի Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: 2-րդ եւ 3-րդ տեղերը 8,5-ական միավորով զբաղեցրին ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը եւ գերմանացի Էլիզաբեթ Պյոտցը:
Կայծակնային մրցաշարին մասնակցեցին 41 շախմատիստներ: Անցկացվեց 10 տուր, ընդ որում յուրաքանչյուրում մրցակիցները միմյանց հետ երկու պարտիա խաղացին: Այս մրցաշարում ավելի հաջող հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանը, որը 20 հնարավորից վաստակած 10 միավորով գրավեց 23-րդ տեղը: Լիլիթ Գալոյանը 9,5 միավորով 28-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Էլմիրա Սկրիպչենկոն 8 միավորով 36-րդ տեղում է:
Բոլորից հաջող ելույթ ունեցավ ռուսաստանցի գրոսմայստեր Վալենտինա Գունինան, որը վաստակեց 15 միավոր: Նրան կես միավոր զիջեց գերմանացի Էլիզաբեթ Պյոտցը: 13,5-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին վրացի Նանա Ձագնիձեն եւ բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան: