«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2012-03-17 | #49, 2012-03-20 | #50, 2012-03-21


«1915-ԻՆ ՔԵՄԱԼԱԿԱՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՀԱՐՍՏԱՑԵԼ ԵՆ, ԹԵՐԵՎՍ ԴԱ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԵՐԵՍՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հարցազրույցում ասում է Թաներ Աքչամըՙ պարզաբանելով փոխհատուցման իմաստը

Հ. ՉԱՔՐՅԱՆ

«Ազգի» մարտի 16-ի համարում թուրքական իրականության առանձնահատկությունը դարձած հայատյացության դրսեւորումներին անդրադառնալիս, որոնք ամենաայլանդակ տեսքով արտահայտվել էին Խոջալուի «կոտորածի» այսպես կոչված ոգեկոչման ստամբուլյան հանրահավաքում, ընդարձակ մեջբերումներ էինք արել Թաներ Աքչամի հետ «Թարաֆի» հարցազրույցից, հրապարակվածՙ այդ թերթի մարտի 12-ի համարում:

Թղթակցի հարցերին ի պատասխան Աքչամն ասում էր, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ուստի հանրահավաքը կազմակերպվել է 2015-ին ընդառաջ, հայերի կոտորածին բացի պետությունից մասնակցել է նաեւ թուրք հասարակությունը, հայերի ունեցվածքը լուրջ դեր է խաղացել Անատոլիայում հայկական կոտորածների կազմակերպման առումով, մարդիկ, մտածելով, թե գալու են իրենց ձեռքից խլելու հարստությունը, վախենում են փոխհատուցումից, եթե օրակարգի խնդիր դառնա, ապա փոխհատուցման գործընթացն այդպիսի զարգացում չի ունենալու:

Ակամա հարց է ծագում. ինչպիսի՞ զարգացում է ունենալու: Հարցին Աքչամը պատասխանում է հարցազրույցի «Թարաֆ» թերթի մարտի 14-ի համարում հրապարակված 3-րդ մասում: Հարցազրույցի այս հատվածում թղթակցուհու հարցերն արտացոլում են 2015-ի շեմին Թուրքիայի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առավել ծավալումից, եւ դրա հետեւանքներից բխող մտավախությունները, իսկ Աքչամը պատասխաններով շարադրում է Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հետեւանքները Թուրքիայի համար, փոխհատուցման հավանական տարբերակները, Ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ քեմալականների դիրքորոշումն ու պատմության հետ առերեսման առջեւ կանգնած խոչընդոտները:

Շարադրանքն ամբողջությամբ առնչվում է Ցեղասպանության հետեւանքների վերացման Աքչամի տեսակետներին, իսկ հետեւանքների վերացումը, իբրեւ առանձին հարց, հավանաբար միջազգային օրակարգ կմտնի աշխարհում Ցեղասպանության լիարժեք ճանաչումից հետո: Անկախ Աքչամի պատասխանների բնույթից, շոշափվող թեման հետաքրքրական է, ուստի հարցազրույցի 3-րդ հատվածը ներկայացնում ենք հարցուպատասխանի ձեւով:

- Մոտենում է ապրիլի 24-ը: Հայկական հարցն աշխարհում վերստին կմտնի՞ օրակարգ:

- Այո, առավելագույն ձեւով, որովհետեւ բոլորն ատամ են սրում:

- Ձեր կարծիքով, Հայկական հարցի առնչությամբ այս տարի ի՞նչ կանի ԱՄՆ-ը:

- Հավանաբար նոր բան չի անի, որովհետեւ 2012-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն են: Ընտրություններից առաջ Օբաման հազիվ թե փոխի վերաբերմունքը, բայց 2015-ին, իմ համոզմամբ, նա կարտասանի ցեղասպանություն բառը:

- Ի՞նչ կփոխվի, եթե ԱՄՆ-ը ճանաչի Ցեղասպանությունը:

- Շատ բան, որովհետեւ միջազգային ասպարեզում Թուրքիան կարողանում է ազատ խաղալՙ շնորհիվ ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Իսրայելի թույլտվության: Եթե այս եռյակը ճանաչի Ցեղասպանությունը, ապա Թուրքիան այսքան անկաշկանդ ձեւով խաղալ չի կարողանալու: Ժխտողականությունը աշխարհում կմեկուսացնի Թուրքիային: Նա կհայտնվի Հարավային Աֆրիկայի Հանրապետության երբեմնի ռասիստական կարգավիճակում կամ կնմանվի մեր օրերի Հյուսիսային Կորեային: Պարտադիր չէ, որ Թուրքիան եւս «Ցեղասպանություն» ասի: Սակայն նա պարտավոր է 1915-ը ընդունել որպես մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություն եւ ներողություն խնդրել:

- Մեր հողերում կոտորածի հետեւանքով հարստության տերերը փոխվեցին: Ներողություն խնդրելու դեպքում մի՞թե չի առաջանա հայկական ունեցվածքը վերադարձնելու եւ փոխհատուցում վճարելու խնդիրը:

- Երբ Աթաթուրքը ափ իջավ Սամսունում (1919-ի մայիսի 19-ին, սկսելու ազգային պատերազմները), նամակով դիմեց քուրդ աղաներին եւ զգուշացրեց. «Հայերը կգան եւ հետ կվերցնեն իրենց ունեցվածքը»: Հայերի վերադարձը եւ իրենց ունեցվածքին տեր կանգնելու վախը լուրջ ազդակ հանդիսացան ազատագրական պատերազմում: Ունեցվածքն իրականում անհնար է վերադարձնել, թող ոչ ոք չխաբի թուրք մարդուն: Փոխհատուցման հարցը հնարավոր է լուծել երկու կառավարությունների բանակցություններով միայն: Ընդ որումՙ լուծումը պետք է բավարարի երկու հասարակություններին էլ: Դրան կարող է հասնել երկու կառավարությունների կազմած համատեղ հանձնաժողովը, որի քննարկումները մատչելի պետք է լինեն հասարակությանը, որովհետեւ փոխհատուցումը բարոյական կատեգորիա է, զուտ փող չի ենթադրում:

- Ի՞նչ պետք է հասկանալ փոխհատուցում ասելով:

- Ներողություն խնդրելը, Անատոլիայում առկա հայկական հետքը երեւան հանելը, Հայաստանին սոցիալ-տնտեսական օգնություն տրամադրելը, նրան Տրապիզոնի նավահանգստից օգտվելու հնարավորություն տալը կամ, ինչպես Հրանտ Դինքն էր առաջարկում, Եվրոմիությանը Հայաստանի հետ համատեղ անդամակցելու Թուրքիայի պատրաստակամությունը:

- Ինչո՞ւ Թուրքիան չի կարողանում լուծել Հայկական հարցը: Դրան խոչընդոտում են Ադրբեջանի հետ հարաբերություննե՞րը:

- Դա, ինչ խոսք, դեր խաղում է: Սակայն կան մի քանի այլ պատճառներ: 90 տարի շարունակ մեր պետությունը սուտ է ասել մեզ: Մարդկանց ուղեղը լվացել են ազգայնամոլությամբ: Եթե պետությունը 90 տարի հետո ասի, որ սուտ է խոսել, ապա մարդիկ կզայրանան: Դրա հետ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրների մի զգալի հատված, ցավոք, մասնակցել է 1915-ին կամ էլ հարստացել այդ թվերին:

- Մենք գիտենք, որ հայերի ունեցվածքը եղել է երկրի երեկվա եւ այսօրվա մեծահարուստների հարստացման աղբյուրը: Մե՞ծ է նրանց թիվը ազգային պայքարը ձեռնարկողների (նկատի ունի քեմալականներին) մեջ:

- Այո, սրանք իթթիհադական կադրերն են: Զինադադարից հետո (1918-ի հոկտեմբերի 30-ին) կամ մնալու էին Ստամբուլում եւ 1915-ի պատճառով դատաստանի առջեւ կանգնելու, կամ էլ անցնելով Անատոլիաՙ դառնալու էին ազգային ազատագրության հերոս: Նրանք նախընտրեցին 2-րդ տարբերակը: Իհարկե ասածս բոլորին չի վերաբերում: Բոլորն անխտիր մեղավոր չեն: Սակայն կա մի ստվար հատված, որը 1915-ին ուղղակի մասնակցել կամ 1915-ին հարստացել է: Ներկա պահին հենց դա է 1915-ի հետ առերեսման գլխավոր դժվարությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4