«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2012-03-17 | #49, 2012-03-20 | #50, 2012-03-21


ԹՇՆԱՄԱՆՔԻ «ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հարեւան երկրի լրատվամիջոցներից մեկի տեղեկացվածությամբ, ամենամոտ ժամանակներս «իշխանությունների կողմից կստեղծվի նոր հեռուստաընկերություն, որը կոչված կլինի Իրանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու»: Նման նախագծի մասին, հարկ է նկատել, Բաքվում հայտնի է դառնում այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակն Իրանի հետ հարաբերությունները գնահատել էր «բարիդրացիական»: Խոսք չկա` «գերազանց բարիդրացիություն է», մանավանդ ադրբեջանական մամուլը հեղեղած հրապարակումների ֆոնի վրա, որոնք կանխագուշակում են «մոլլապետական ռեժիմի շուտափույթ կործանում»:

Ադրբեջանում, իհարկե, «բացատրություն» գտնվել է: Իշխանամերձ պատգամավոր եւ Ադրբեջանցիների համաշխարհայի կոնգրեսի նախագահ Սաբիր Ռուսատամխանլին ասել է, որ չնայած «գործադրած ջանքերին, չի հաջողվել կասեցնել Իրանում հակաադրբեջանական քարոզչությամբ զբաղվող «Սահար» հեռուստաընկերության գործունեությունը»: Ակնարկն, ինչպես ասվում է նման դեպքերում, չափազանց թափանցիկ է. «եթե իրանական «Սահար»-ը չի փակվում, ապա Ադրբեջանն էլ պետք է ստեղծի դրա համարժեքը»:

Խնդիրն այն է, սակայն, որ «Սահար»-ը գործում է իբրեւ Իրանի էթնիկ ադրբեջանցիների հեռուստաընկերություն եւ հեռարձակում է ադրբեջաներենով: Բաքուն պաշտոնապես հանդես է գալիս որպես Իրանի էթնիկ ադրբեջանցիների «իրավունքների ջատագով», բայց գործնականում դեմ է, որպեսզի այդ փոքրամասնությունը հեռուստաընկերություն ունենա, քանի որ վերջինիս հաղորդումներն «ունեն հակաադրբեջանական ուղղվածություն»:

Նման եւ այլ հարցերում կողմերի տեսակետները չեն համընկել տարիներ ի վեր: Այդ դեպքում ինչո՞ւ մինչ Իրանի շուրջն իրավիճակի սրումը Բաքուն որեւէ հակաքայլ չէր ձեռնարկում: Պատճառն ակնհայտ է. իշխող վարչակազմը գիտակցում էր, որ Իրանի պատասխան գործողություններն իր համար կարող են ճակատագրական լինել: Այսօր նա վստահ է, քանի որ ունի «բավարար երաշխիքներ»: Ադրբեջանի ԱԱ նախարարության ձեռնարկած վերջին քայլերի կապակցությամբ «Զերկալո»-ի մեկնաբանին Թուրքիայի ԱԳՆ «մի բարձրաստիճան պաշտոնյա» անթաքույց ասել է, որ «դա վկայում է երկու երկրների հարաբերությունների խզման մասին, իսկ նման քայլի Բաքուն չէր գնա առանց դաշնակիցների հետ խորհրդատվությունների, իսկ նրա դաշնակիցները Թուրքիան եւ ԱՄՆ-ն են»:

Անհավանական չէ, որ հակաիրանական քարոզչության հեռուստաընկերությունն էլ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների, Իսրայելի հետ համաձայնությամբ կամ հենց այդ երկրների հրահանգով է հիմնադրվում: Ավելի ճիշտ, դա արդեն Իրանի դեմ քարոզչական պատերազմում Ադրբեջանի ներգրավվածությունն է փաստում: Եվ դա` տառացիորեն մի քանի օր առաջ Թեհրանում Սաֆար Աբիեւի այն հայտարարությունից հետո, թե «Ադրբեջանը երբեք իր տարածքը չի տրամադրի Իրանի դեմ թշնամական գործողությունների»:

Երեւույթը որքան ցինիկ, նույնքան էլ ողբերգական է: Բացառված չէ, որ Ադրբեջանն իրոք չէր ցանկանա հակաիրանական արշավում ներգրավված լինել: Բայց ի՞նչ կարող է անել խամաճիկ վարչակազմը, եթե նրա «հեռակառավարման վահանակը» գտնվում է Երուսաղեմում: Կամ` Անկարայում: Կամ` Վաշինգտոնում: Կամ էլ երեք մայրաքաղաքներում` միաժամանակ: Բավական է մի թեթեւակի շեղում, եւ արեւմտյան մամուլն իսկույն Իլհամ Ալիեւին կոչում է իսկական անունով` «կոռումպացված բռնապետ»:

Եվ ահա «նորին բռնապետական մեծություն» Իլհամ Ալիեւը խաղալիք է դարձել օտարերկրյա հատուկ ծառայությունների, անդրազգային կորպորացիաների ձեռքին: Եվ պարտադրված խաղում է հերթական ֆարսը. նա որոշել է նոր հեռւստաընկերությունը կոչել... «BA» TV: Հապավումը եթե բացենք, կստացվի «Բութով Ազարբայջան», թարգմանաբար` «Միասնական Ադրբեջան» հեռուստաընկերություն: Այդ անվամբ «հասարակական կազմակերպություն» Բաքվում գործում է վերոհիշյալ Սաբիր Ռուստամխանլիի նախագահությամբ: Նա էլ, ամենայն հավանականությամբ, կգլխավորի նոր հեռուստաընկերությունը: Չէ՞ որ Ռուստամխանլին «բոցաշունչ» բանաստեղծ է, Հեյդար Ալիեւի կառավարությունում զբաղեցրել է տեղեկատվության եւ քարոզչության նախարարությունը:

Ամեն ինչ չափազանց ակնհայտ է: Բացի մի բանից. ի՞նչ ճակատագիր է իրականում Ադրբեջանին սպասում, եթե Իրանի շուրջը խաղաղ կարգավորման հնարավորություններն իրոք սպառվեն եւ բանը հասնի ուժի փոխադարձ գործադրմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4