«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2012-03-17 | #49, 2012-03-20 | #50, 2012-03-21


4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄՙ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻՆ. ԴԱՏԱՎՃԻՌԸՙ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

«Առաջարկում եմ Հովհաննես Թամամյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման եւ պատժի սկիզբը համարել 2011թ. մարտի 24-ը»:

Սա ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանի միջնորդության վերջին հատվածն էր ` ուղղված Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:

ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով անցնող մեղադրյալներ, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանի եւ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանի համար դատախազը միջնորդեց 2 տարի պայմանական դատավճիռ:

Պաշտպանական ճառն ու դատավճռի հրապարակումը տեղի կունենան մարտի 23-ին:

Դատական նիստի ավարտին դահլիճից հեռանալիս Հովհաննես Թամամյանը ներկաներին համբերության կոչ արեց, իսկ նրա պաշտպանը` Վաղինակ Գեւորգյանը զարմանք ու զայրույթ հայտնեց դատախազի միջնորդության վերաբերյալ: Պաշտպանին հատկապես զարմացնում է, որ դատախազն իր պաշտպանյալի համար 4 տարվա ազատազրկում է պահանջել, մինչդեռ գործով անցնող մյուս երկու մեղադրյալներին` պայմանական ազատազրկում:

Թեեւ փաստաբանը դատախազի միջնորդության հիմքում քաղաքական որեւէ միտում չի տեսնում, սակայն հավելում է, որ որոշված է Թամամյանին դատել:

«Ազգ»-ն արդեն տեղեկացրել է, որ Թամամյանը մեղադրվում է պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակն օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նախորդ դատական նիստի ժամանակ վերոնշյալ երեք ամբաստանյալներն էլ ընդունեցին իրենց հասցեագրված մեղադրանքը` դատարանից պահանջելով արագացված դատաքննություն:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4