«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2012-03-17 | #49, 2012-03-20 | #50, 2012-03-21


ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ` ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ «ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ» ՏԱԿ

Հակամարտության լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսնում են միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին եւս մեկ անգամ հիշեցրել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:

Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման` փակուղային վիճակում գտնվելու գնահատականների առնչությամբ` նա հիշեցրել է նաեւ «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների Դովիլյան հայտարարությունը, ըստ որի «Ուժի կիրառումը հանգեցրել է ներկայիս առճակատմանն ու անկայունությանը, դրա կրկնությունը միայն նոր տառապանքներ կբերի ու կդատապարտվի միջազգային հանրության կողմից»:

Պոպովը նաեւ ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` տարբեր հանդիպումներում արտահայտած պատրաստակամությունը` «արագացնելու հիմնարար սկզբունքների համաձայնեցման հասնելու գործընթացը»: Ու թեեւ ամեն անգամ Ալիեւը համաձայնություն տալով` հետագայում հրաժարվել է իր իսկ ստորագրած հայտարարություններից, ռուս դիվանագետը երկու նախագահների «պատրաստակամությունը» մեկնաբանել է նաեւ որպես «բանակցային գործընթացից սպասվող արդյունք ստանալուն ուղղված ջանքեր գործադրելու պատրաստակամության վկայություն»:

Թե ինչո՞ւմ է Պոպովը տեսել Ադրբեջանի պատրաստակամությունը, դժվար է ասել, դրա փոխարեն, նա հավաստիացրել է, թե տարաձայնությունների բերող հարցերը, «արդեն իսկ համաձայնեցվածների համեմատությամբ, շատ չեն, բայց դրանք առավել բարդերն են»:

Առավել հետաքրքրական է, որ, Պոպովի տեղեկացմամբ, շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման գործընթացն ընթացքի մեջ է, ավելին, այն «կատարելագործվում է» ռազմական փորձագետների կողմից:

«Կարծում եմ, մեխանիզմի փաստացի գործարկումը թույլ կտա նվազեցնել զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը, որոնց պատճառով մարդիկ են զոհվում, այդ թվում` քաղաքացիական բնակչությունը, նաեւ երեխաներ», նշել է ռուս դիվանագետը, որպես փաստ ներկայացնելով այն, ինչ ադրբեջանական կողմը ստի ու կեղծարարության միջոցով փորձում է ներկայացնել որպես այդպիսին: Պոպովին թերեւս ավելորդ չի լինի հիշեցնել, որ հատկապես երեխաների մահվան դեպքերի առնչությամբ նույն այդ հայտարարությունները կարիք ունեն հետաքննության, որից հետո միայն կարելի կլինի խոսել դրանց «իսկության» մասին:

Համանախագահի համար բնավ էլ ոչ հարիր բացթողումներով հանրությանը ներկայացող Պոպովն, այդուհանդերձ, հարցազրույցի ավարտին հույս է հայտնել, թե «կողմերի կառուցողական մոտեցման դեպքում» այս տարի կհաջողեն ավելի առաջանալ, քան նախորդ տարի:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4