Այդ մասին մարտի 19-ին Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի պաշտոնական կայքէջում գրել է պաշտոնաթող դեսպան Օմեր Էնգին Լյութեմը, որը երկար տարիներ ղեկավարում էր Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը:
Լյութեմը գրում է, որ ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում գոհունակություն պատճառեց Թուրքիային եւ տպավորություն ստեղծեց, թե այդ հարցը ընդմիշտ լուծված է: Մինչդեռ հարցը չի լուծվել, այլ ընդամենը հետաձգվել է մինչեւ նախագահական, ապա եւ խորհրդարանական ընտրությունների ավարտը:
Նա այս տեսակետը հիմնավորելու համար մատնացույց է անում նախագահ Սարկոզիի նոր օրինագիծ պատրաստելու հրահանգը կառավարությանը, Մարսելում հայ համայնքին այցելելը, այնուհետեւ Փարիզում Ելիսեյան պալատում ֆրանսահայերի պատվին տված ընդունելությունն ու այնտեղ օրինագծի առնչությամբ տված խոստումները: Ապա Լյութեմը շարունակում է. «Նախագահ Սարկոզին հայ համայնքի առջեւ այնպիսի պարտավորություններ ստանձնեց, որ հետագայում հազիվ թե ի վիճակի լինի հրաժարվել: Հետեւաբար Սարկոզիի վերստին նախագահ ընտրվելու պարագայում Թուրքիան շարունակելու է խնդիրներ ունենալ Ֆրանսիայի հետ, ընդ որումՙ ոչ միայն Հայկական հարցի, այլեւ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցելու առնչությամբ»:
Լյութեմը Թուրքիայի համար բարենպաստ չի համարում նաեւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդի ընտրությունը, ընդգծելով, որ Օլանդը խոստացել է ընտրվելու դեպքում օրինագծին հետամուտ լինել պաշտոնավարման հենց սկզբում, այլ ոչ թե 5 տարիների ընթացքում, ուստի 2012-ին Թուրքիան կարող է դեմ հանդիման կանգնել նոր օրինագծին:
Այնուհետեւ Լյութեմն ավելացնում է. «Սոցիալիստական կուսակցությունը դեմ չէ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Սակայն Օլանդը, մարտի 12-ին հանդիպելով Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի ներկայացուցիչներին, ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ԵՄ-ին անդամակցության նախապայման է առաջադրելու Թուրքիային: Նա միաժամանակ պետական աջակցություն է խոստացել Հայոց ցեղասպանության թանգարանին, որի բացումը Ֆրանսիայում նախատեսվում է 2015-ին: Այսպիսով, Ֆրանսիայի նախագահի պաշտոնի երկու գլխավոր հավակնորդներն էլ ստանձնում են հայերի պահանջները լիարժեք կատարելու պարտավորություն»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ