«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2012-03-17 | #49, 2012-03-20 | #50, 2012-03-21


ԶԱՐԱՔՈԼՈՒԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 10 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Հրատարակիչ, մտավորական Ռագըփ Զարաքոլուի եւ պրոֆեսոր Բյուշրա Էրսանլիի նկատմամբ քրեական մեղադրանքն արդեն իսկ պատրաստ է եւ ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով թիվ 15 դատարան: Ստամբուլի հատուկ լիազորված դատախազ Ադնան Չիմենը դեռեւս երկուշաբթի առաջին ատյանի նշված դատարանին է հանձնել 2400 էջանոց մեղադրականը, որով Զարաքոլուն եւ Էրսանլին մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու եւ դրան աջակցելու մեջ»:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «TodaysZaman» կայքէջը, քրդամետ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (BDP) սահմանադրական խմբի անդամ Էրսանլիին ներկայացվում է մինչեւ 15 տարվա ազատազրկում «ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու համար», իսկ «Բելգե» հրատարակչության հեղինակ, ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Զարաքոլուին ներկայացվում է մեղադրանք «աջակցելու ահաբեկչական խմբի»` մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ:

Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին ձերբակալված Էրսանլին եւ Զարաքոլուն, ենթադրաբար, կսպասեն մինչեւ 15 օր, երբ դատարանը մեղադրանքի հանդեպ վերաբերմունք կարտահայտի այնպիսի մի գործով, որով 193 կասկածյալներից 147-ը կալանավորված են:

Թուրքական պարբերականը հիշեցնում է, որ միջազգային «Amnesty International» կազմակերպությունը նամակ էր ուղարկել Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալային` կոչ անելով ազատ արձակել Զարաքոլուին եւ Էրսանլիին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4