Արտակարգ դրության վերաբերյալ օրենքի ընդունումը ծանրացավ
Երեկ Ազգային ժողովում քվեարկությունների ժամանակ, երբ հերթը հասավ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ այդ պահին քվեարկություններն ավարտվեցին: Այս օրինագիծը հասարակական հնչեղություն է ստացել եւ միանշանակ չի ընդունվում. հավանաբար օրինագծի ընդունմամբ շահագրգիռ ԱԺ ղեկավարությունը նկատեց, որ այն հազիվ թե անհրաժեշտ ձայներ ապահովի, քանի որ հատկապես ՀՀԿ-ի կոալիցիոն երկու գործընկեր կուսակցությունների պատգամավորներից շատ բացականեր կային: Մինչ այդ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում էր վերցրել` հավանաբար կամ քվեարկողների անհրաժեշտ թիվ ապահովելու, կամ էլ որոշելու` ինչպե՞ս վարվել: Երեւի հենց այդպես էլ որոշել են` այս մի օրինագիծը քվեարկել այսօր առավոտյան, անհրաժեշտ թվով պատգամավորներ այս նախընտրական-կրակ ժամանակաշրջանում Ազգային ժողովում քվեարկողների բավարար թիվ ապահովելով:
ԱԺ նախագահը` ՀՀԿ համամասնական ցուցակում իր տեղի մասին
Լրագրողները երեկ ԱԺ նիստի ընդմիջմանը հետաքրքրվեցին ԱԺ նախագահ Ս. Նիկոյանից, թե ի պաշտոնե երկրի երկրորդ դեմքի` համամասնական ցուցակում 5-րդ տեղում լինելը վիրավորական չէ՞: Ս. Նիկոյանն, ի տարբերություն լրագրողների, այդ փաստը վիրավորական չի համարում. ընդհակառակը, նա հիշեց եւ լրագրողներին հիշեցրեց, որ խորհրդարան գալիս անցյալում եղել է 24-րդ հորիզոնականում, այնպես որ այս անգամ առաջադիմել է անգամ: Սակայն նախորդ անգամ նա հասարակ ՀՀԿ-ական էր:
Ընդդիմության հացը մի կտրեք
Կոալիցիոն իշխանությունների ներկայացուցիչները կտրում են ընդդիմության հացը, այնպիսի պաթոսով են երբեմն քննադատում, որ մարդ շփոթվում է` մտածելով, թե Հայաստանում գործել են ընդդիմադիր ուժեր, որոնց մասին մարդ տեղյակ չէր մինչեւ հիմա: Այս միտքը հնչեցրեց երեկ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ԱԺ հայտարարությունների ժամին: Նա, իհարկե, հնչող քննադատությունների բերած փաստերին համաձայն է, բայց եւ նրան անսովոր է թվում, որ կոալիցիայի ներկայացուցիչներ կան, ովքեր իրավիճակը ներկայացնում են «Ժառանգության» պատգամավորների պես: Մինչդեռ հենց նրանք են այնպես արել, այնպիսի օրենքներ ընդունել, որ մեր քաղաքացիները արտագաղթեն կամ ընդդիմադիր դառնան, դատարաններում անարդար վճիռներ կայացվեն, մարդիկ գերակա շահի անվան տակ զրկվեն ունեցվածքից. «Իհարկե, կարող եք մխիթարվել` ձեր ներկա պահվածքը նոր չէ աշխարհում: Այն արձանագրված է անգամ ավետարանում` փարիսեցիություն անվամբ, բայց քրիստոնեավայել է նաեւ մեղքերն ընդունելը», դիմեց պատգամավորը կոալիցիայի ներկայացուցիչներին` նշելով, որ աղետալի իրավիճակի մեղավորությունն ընդունելու դեպքում հնարավոր է, որ մեր հայրենակիցները ներեն նրանց:
Մ. Խ.