Հունվար-փետրվարին` 5,6 տոկոս աճ
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակած 2012-ի փետրվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 6,3 տոկոս: Հիշեցնենք, որ 2011-ից Ազգային վիճակագրական ծառայությունն անցել է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես, դադարեցվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվել է տնտեսական ակտիվության ցուցանիշը:
Ամենամեծ աճը շարունակում է արձանագրվել արդյունաբերությունում` 16,2 տոկոս նախորդ տարվա փետրվարի համեմատ եւ 4,5 տոկոս աճ 2012-ի հունվարի նկատմամբ: էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 30,3 տոկոսով, հունվարի նկատմամբ` 0,4 տոկոսով: Շինարարությունն ունեցել է 0,5 տոկոս անկում, իսկ հունվարի նկատմամբ 25,1 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա փետրվարի նկատմամբ 9,7 տոկոս աճ է արձանագրվել, իսկ հունվարի նկատմամբ` 7,3 տոկոս անկում: Մանրածախ առեւտրում արձանագրվել է չնչին` 1,2 տոկոս աճ, իսկ հունվարի նկատմամբ գրանցվել է 22 տոկոս աճ: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը մնացել է անփոփոխ, իսկ հունվարի նկատմամբ աճելՙ 42,6 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի փետրվարին 2011-ի փետրվարի նկատմամբ ավելացել է 17 տոկոսով եւ կազմել 431 մլն դոլար: 2012-ի հունվարի նկատմամբ աճը կազմել է 24,2 տոկոս: Արտահանումը կազմել է 112,4 մլն դոլար, արձանագրելով 20,1 տոկոս աճ, իսկ 2012-ի հունվարի նկատմամբ` 54,7 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 318,6 մլն դոլար, աճելով 15,9 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի նկատմամբ` 16,1 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 206 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում փետրվարին կազմել է մոտ 114 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 138 հազար դրամ, պետականումՙ 95 հազար դրամ:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաեւ 2012-ի հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները եւ դրանք համադրել 2011-ի հունվար-փետրվարի հետ: Համաձայն դրանց, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2012-ի հունվար-փետրվարին կազմել է 5,6 տոկոս:
Արդյունաբերությունում աճը կազմել է 18,5 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 23,3 տոկոս, շինարարությունն ունեցել է 0,1 տոկոս անկում, ծառայությունների ոլորտում արձանագրվել է 9,8 տոկոս աճ, մանրածախ առեւտրում` 0,6 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` անփոփոխ` նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի հունվար-փետրվարին 2011-ի հունվար-փետրվարի նկատմամբ ավելացել է 11,6 տոկոսով եւ կազմել մոտ 778 մլն դոլար: Արտահանումը կազմել է 185 մլն դոլար, արձանագրելով 12,3 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 593 մլն դոլար, աճելով 11,4 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 408 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-փետրվարին կազմել է մոտ 113 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 138 հազար դրամ, պետականումՙ 92 հազար դրամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ