Անկախությունից հետո մեր երկրի ղեկավարները արտերկրներում համայնքի հետ հանդիպման ընթացքում մշտապես հորդորել են ու կոչ արել մայր հայրենիքում իրենց բիզնեսը ծավալել ու աշխատատեղեր բացել: Շատերը այդ կոչին ականջալուր եկան Հայաստան, գործ դրեցին: Սակայն կարճ ժամանակ անց նրանցից շատերը հայտնվեցին այնպիսի իրավիճակում, որ ստիպված եղան «թքել» ու հեռանալ: Իսկ պատճառները շատ ենՙ տեղացի «լավ տղեքը» փայատեր էին ուզում դառնալ (հիշենք մանկական խաղալիքների «Արմենթոյ» ընկերությունը- Մ. Մ.) կամ ահաբեկում էին, ամեն կերպ խոչընդոտներ ստեղծում եւ այլն: Այդ դեպքերից շատերին «Ազգը» անդրադարձել է: Այժմ էլ մի նոր, ինչպես ժողովուրդն է ասում «քցոցի» է գնում, եւ արդեն 17 սփյուռքահայերի գումարները թալանվել են: Դրանց թվին ավելացել է եւս մեկըՙ 81-ամյա Ժորժ Թոմասյանը, որն արդեն 11 ամիս Հայաստանի դատական տարբեր ատյաններում չի կարողանում իր ներդրած միլիոնավոր դոլարները թալանողների դեմ քրեական գործ հարուցել:
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց Ժորժ Թոմասյանի եւ նրա ներկայացուցիչների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունըՙ դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ: Հիշեցնեմ, որ ներկայացված վերաքննիչ բողոքով Ժ. Թոմասյանը եւ նրա ներկայացուցիչները խնդրել են վարույթն իրականացնող մարմնի «նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը վերացնել եւ պարտավորեցնել վերջինիս ձեռք բերված ապացույցներով հարուցել քրեական գործ: Գործի մանրամասներին «Ազգը» մի քանի անգամ անդրադարձել է: Դատական 3-րդ նիստը սկսվեց, եւ 30 րոպե անց պարզ դարձավ, որ դատախազ Արսեն Բեգինյանը չկարողացավ պատասխանել դատավոր Ա. Պետրոսյանի այն հարցին, թե «շինարարական կազմակերպությունը առանց լիցենզիայի շինարարության քանի՞ տոկոսն է իրականացրել եւ որքա՞ն է վնասի չափը»: Դատախազը դատարանից պահանջեց լրացուցիչ ժամանակ... նյութերին ծանոթանալու համար: Ժ. Թոմասյանի ներկայացուցիչ Սամվել Ջաղինյանը առարկեց, պատճառաբանելով, որ առանց լիցենզիայի «Դերշին» ՍՊԸ-ի կողմից չորս ամիս իրականացվել է շինարարություն, յուրացվել են ներդրված գումարները, պատճառվել են խոշոր չափի վնասներ սփյուռքահայ Ժ. Թոմասյանին եւ պետությանը: Իսկ թե ինչո՞ւ այս փաստին դատախազը չի տիրապետում, մնում է անհասկանալի: Նշենք, որ շենքի արժեքը կազմել է մոտ 45 միլիոն, ներդնողը վճարել է 75 միլիոն: «Այսինքն մինչ լիցենզիա հանելը արդեն 30 միլիոնի պակաս է եղել, չհաշված անորակ շինարարությունը (բետոնը մոտ 45 տոկոսով պակաս է եղել, Մ. Մ.), որը գործի նյութերում առկա է: Նաեւ նախագծից շեղումներ կան: Դատախազը նյութերին տեղյակ չէ, որովհետեւ այս ամենին իրենք նայում են մատների արանքով, ձեւական բնույթ է կրումՙ առանց փաստերի, մանրամասների մեջ կենտրոնանալու: 2011 թ. մայիսից գործը միտումնավոր ձգձգվում է: Չմոռանանք, որ Թոմասյանը 81 տարեկան է, վատառողջ, եւ ամեն անգամ նիստի ձգձգումը, անարդյունավետ գործելաոճը գալիս է ապացուցելու, որ միտումնավոր է արվում այս ամենը ու վերջը չի երեւում: Մինչդեռ Թոմասյանի շահերի պաշտպանների պահանջը ընդհանրապես պատճառաբանված չի եղել, եւ Սահմանադրական դատարանն արդեն իսկ դրան անդրադարձել է, որ չպատճառաբանված, չհիմնավորված որոշումները ենթակա են բեկանման եւ այդ դատական ակտը չի կարող մնալ ուժի մեջ: Դա գլխավոր հիմքն է, որ ՍԴ-ի եւ ԵԴ-ի նախադեպային որոշումները պարտադրում են, որ նման որոշումները բեկանեն, ինչը չի կատարվում: Մենք բոլոր դատական ատյանների որոշումներից հետո միանշանակ դիմելու ենք Եվրոդատարան», պարզաբանեց պրն Ջաղինյանը:
Ի վերջո դատավորը դատական նիստը հետաձգեց մեկ օրով: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 22-ին ժամը 11-ին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ