«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2012-03-17 | #49, 2012-03-20 | #50, 2012-03-21


ՓԱԿ ԴՈՒՌԸ ԲԱՑԵՑ ՆՌՆԱԿՈՎ... ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում այնպիսի երեւույթների, որոնք զայրույթ ու զարմանք են առաջացնում, հատկապես երբ դրանցում խառնված են այնպիսի երիտասարդներ, որոնք ամենուր բղավում ենՙ «մեր դեմ խաղ չկա»: Պարզվում է, որ այդպես է: Ամիսներ առաջ երիտասարդ աղջկան դանակահարած 29-ամյա Վարդան Դեմիրճյանը իր արարքի համար պատիժ չի կրել ու շարունակել է նման կեցվածքը: Մարտի 20-ի գիշերը, ժամը 1-ին Վարդանը «տրամադրությունը բարձր» ցանկացել է մտնել Աբովյան փողոցում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբ: «Ազգը» տնօրենի հետ զրույցից տեղեկացավ, որ շենքի անվտանգության աշխատակիցները, ճանաչելով Վարդանին, նրան թույլ չեն տվել մտնել ակումբ, որպեսզի չխանգարի զվարճացողներին: Երիտասարդը վիրավորվածի կեցվածք է ընդունել, հայհոյել է ու ահաբեկել. «Ես քիչ հետո կգամ ու կտեսնեք ձեր հալը...»: Մոտ 30 րոպե անց Վարդանը կրկին մոտեցել է շենքին ու քաշելով նռնակի օղակը, այն շպրտել է շենքի 2-րդ հարկի ուղղությամբ: Նռնակի հարվածից կոտրվել են ապակե պատուհանները, պայթյունից բռնկվել է հրդեհ 2-րդ հարկի հյուրանոցային 4 սենյակներում եւ միջանցքում: Այրվել է գույքը, հրդեհը տարածվել է մոտ 200 քմ մակերեսով: Տնօրենը անմիջապես զանգահարել է հրշեջ ծառայություն, շտապօգնություն եւ ոստիկանություն: Մինչ հրշեջների գալը անվտանգության աշխատակիցները օգնել են 3-րդ հարկի դիսկոտեկում զվարճացողներին տարհանել: Ահազանգից րոպեներ անց դեպքի վայր են հասել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է եւ մարվել 01.35-ին: Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով այրվածքային կենտրոն են տեղափոխվել ԻԻՀ քաղաքացիներ Նարիման Սալեհիպուրը, Ալիռեզա Մինային, Ահմեդ Փոլադբուզը: Իսկ Նատիսե Քոնզադին, Զահրո Ասադը, Նազդե Նեմալը, Գարիուսի Մարիամը, Հուսեին եւ Ֆաթիմա Թայլիները եւ ՀՀ քաղաքացի Վահե Միրաքյանը ծխահարվել են: Ըստ բժիշկների, տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Ոստիկանության ծառայությունների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, լուսադեմինՙ ժամը 08-ի սահմաններում, Արգավանդ գյուղի «Օջախ» ռեստորանային համալիրի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վարդան Դեմիրճյանին, որի մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Վարդան Դեմիրճյանը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4