Ի դեմս «Ամերիա աուդիտի»
Հայաստանում աուդիտորական գործունեություն ծավալելու նպատակով աշխարհի խոշորագույն 5-րդ` «Բի Դի Օ» ընկերությունը ձեռք է բերել «Ամերիա աուդիտ» ընկերությունը: Դա «Բի Դի Օ»-ի առաջին ներդրումն է Հայաստանում, բայց առաջիկայում ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը նոր ձեռքբերումներով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին «Բի Դի Օ»-ի միջազգային կապերի գծով գործընկեր Ալեքսանդր Վերենկովը, «Ամերիա» խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը եւ «Բի Դի Օ Արմենիա»-ի տնօրեն Արթուր Անդրեասյանը :
Բացելով մամուլի ասուլիսըՙ «Ամերիա» խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ «Ամերիա աուդիտը», հանդես գալով նոր ապրանքանիշով, կնպաստի Հայաստանի աուդիտի շուկայում մրցակցությանը, ինչպես նաեւ կներդնի «Բի Դի Օ»-ի հարուստ միջազգային փորձն ու ստանդարտները մեր երկրում:
«Բի Դի Օ»-ի միջազգային կապերի գծով գործընկեր Ալեքսանդր Վերենկովը նշեց, որ ընկերության հետաքրքրությունները Հայաստանում բիզնես սկսելու վերաբերյալ շատ տարիներ առաջ են սկսվել: Ըստ նրա, Հայաստանի եւ Ռուսաստանի ֆինանսատնտեսական հատվածները փոխկապակցված են, այդ պատճառով էլ այստեղ բիզնես սկսելու որոշումը «Բի Դի Օ»-ն համարել է որպես առաջնահերթություն: Ըստ Ալեքսանդր Վերենկովի, դժվար էր գործընկեր գտնելը, բայց իրենք գոհ են, որ, ի դեմս «Ամերիա աուդիտի» գտել են նորարարական, հուսալի գործընկերոջ: Նրա հավաստիացմամբ, «Բի Դի Օ»-ն ոչ միայն նոր ստանդարտներ եւ փորձ է բերելու Հայաստան, այլ նաեւ եկել է սովորելու այստեղ: «Այն հաջողությունները, որ հասել է «Ամերիան» Հայաստանում, հնարավորություն է տալիս հուսալու, որ մեր գործընկերությունը հաջող կլինի», նշեց «Բի Դի Օ»-ի միջազգային կապերի գծով գործընկերը:
«Բի Դի Օ Արմենիա»-ի տնօրեն Արթուր Անդրեասյանը տեղեկացրեց, որ այս համագործակցությունը փոխշահավետ է, եւ «Բի Դի Օ Արմենիա»-ն պատրաստ է ծառայություններ մատուցել ամենատարբեր ոլորտներում հանդես եկող առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններին, պետական ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին եւ անհատ հարկ վճարողներին:
Ներկայացնելով «Բի Դի Օ» ըներությանը, Արթուր Անդրեասյանը հայտնեց, որ այն ստեղծվել է 1963-ին, 1988-ին կազմավորվել է ընկերության միջազգային կառուցվածքը: Ընկերության ստեղծած ցանցը շարունակելով զարգանալ, 2009-ին վերանվանվեց BDO («Բի Դի Օ»): Ներկայումս ընկերությունը գործում է աշխարհի 135 երկրներում, ունի 1118 գրասենյակներ ու 48,8 հազար աշխատակիցներ: 2011-ի արդյունքներով «Բի Դի Օ» ցանցի անդամ բոլոր ընկերությունների ընդհանուր եկամուտը կազմել է 5,6 մլրդ դոլար: «Բի Դի Օ Արմենիա»-ի տնօրենի ներկայացմամբ, ընկերության գործունեությունն առանձնանում է ծառայությունների ճկուն գներով եւ բարձր որակով, հաճախորդների հանդեպ մոտեցմամբ:
Ա. Մ.