Վանիկ Սանթրյանը ճանաչված դեմք է ո՛չ միայն բովանդակ հայաշխարհումՙ Մայր հայրենիքում, Արցախում, Սփյուռքում, այլեւՙ այլազգի շրջանակներից շատերում: Եվ նա մեծ ճանաչում է ձեռք բերել լրագրական, հրապարակագրական երկարատեւ եւ բեղուն աշխատանքի շնորհիվ:
Վ. Սանթրյանի մասնագիտական գործունեությունը լայն հնարավորություն է ստեղծել, որ նա շփվի տարբեր հասարակական-քաղաքական, մշակութային կազմակերպությունների, տարբեր զբաղմունքներ ունեցող տասնյակ հարյուրավոր մարդկանց հետ: 1957-ին ավարտելով Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ու գրականության բաժինըՙ հինգ տարի որպես լրագրող աշխատել է «Երեւան» (հետագայումՙ «Երեկոյան Երեւան») թերթի խմբագրությունում: 1962-ից մինչեւ 2010 թ. (մոտ 4 տասնամյակ) եղել է Արմենպրեսի եռանդուն աշխատակիցներից մեկը: Վերջին տարիներին թղթակցում է «Հայաստանի Հանրապետություն» թերթին: Հասկանալի է, որ լրագրական երկարամյա գործունեության ընթացքում Վ. Սանթրյանը գրել ու հրապարակել է հազարավոր հոդվածներ: Միաժամանակ հավելեմ, որ նա 50-ից ավելի գրքերի հեղինակ է, գրքեր, որոնք նվիրված են նշանավոր մարդկանց գործունեությանը, Արցախյան ազգային-ազատագրական պայքարին, Հայաստանի պատմության կարեւոր իրադարձություններին եւ այլ դեպքերի ու երեւույթների:
Եվ այս ամենից էլ ծնվել է տաղանդավոր լրագրողի, գեղանկարչի, գրողի ու հրապարակագրի լայն ճանաչումը: Այդ ճանաչումը առիթ է դարձել, որ հարյուրավոր, տասնյակհարյուրավոր մարդիկ իրենց ստեղծած գրքերը ամենատարբեր բովանդակություն ունեցող ընծայագրերով նվիրեն Վանիկ Սանթրյանինՙ այդ կերպ հայտնելով իրենց երախտիքի ջերմ խոսքերը: Եվ այդ ընծայագրերից ու տարբեր բնույթի հանդիպումներից ծնվել է Վանիկ Սանթրյանի լայնընդգրկուն ու ծավալուն (614 էջ) նոր գիրքը, որ 2011-ին շքեղ կազմով ու բարձրորակ թղթով հրատարակել է Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունըՙ «Ձեր ընծայագրերի հետքերով» վերնագրով:
Վանիկ Սանթրյանի այս ծավալուն գիրքը ինքնատիպ ինքնալրագիտարան է, մի յուրօրինակ զրույց բազմաթիվ մարդկանց հետ, որոնք պատիվ են արել հեղինակինՙ գրքեր ընծայելու: Շատերն էլ գրքում հայտնվել ենՙ ելնելով բազմաբնույթ հանդիպումներից: Ընծայագրերի հեղինակները, տարբեր դրվագներում հանդիպած մարդիկ հայեր են, կան նաեւ այլազգիներ: Նրանք գրողներ են, գրականագետներ, գիտնականներ, դերասաններ, երգիչներ, նկարիչներ, քաղաքական գործիչներ, բարերարներ, Հայ եկեղեցու նշանավոր գործիչներ: Գրքում բնութագրական խոսքեր կանՙ նվիրված հայոց կաթողիկոսներ Վազգեն Ա-ին, Գարեգին Ա-ին, Գարեգին Բ-ին, Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանին: Փոքրաթիվ չեն նաեւ սփյուռքահայ այն բարերարները, որոնց մասին ջերմ խոսքեր են ասված եւ որոնց լուսանկարները զետեղծված են գրքում:
Հեղինակը երբեմն շատ կարճ, մի քանի տողով, երբեմն էլ առավել ծավալուն ներկայացնում է ընծայագրողների, ինչպես նաեւ տարբեր առիթներով հանրապետության մարդկանց կենսագրությունները կամ առանձին դիպվածներ, խոսքային բնութագրումներ:
Ընծայագրերի այս ինքնալրագիտարանում ընթերցողը հանդիպում է նաեւ անցյալ ժամանակների հայազգի եւ օտարազգի առանձին նշանավոր դեմքերի, օրինակՙ Լորիս-Մելիքովինՙ իր համառոտ կենսագրությամբ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենինՙ իր հայանպաստ գործունեությամբ, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին եւ ուրիշներին:
Գրքում ներկայացված մարդկանց մեծագույն մասի կենսագություններին, բնութագրերին զուգակցվում են նաեւ լուսանկարները, որոնք մի քանի հարյուրների են հասնում եւ առավել ուշագրավ դարձնում աշխատությունը:
Գրախոսվող աշխատությունը ինքնալրագիտարանի առաջին հատորն է, որն ընդգրկում է Ա-Կ, գրերով սերվող ազգանուններն ու անունները: Շուտով ընթերցողները կունենան 2-րդ հատորը, որն ընդգրկելու է Հ-Ֆ տառերով սկսվող ազգանուններ կրող անձնավորություններին:
Ներկա հատորը հրատարակվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանի աջակցությամբ, որի համար էլ հեղինակը հայտնում է իր շնորհակալությունը:
Այս ինքնատիպ ժանրի ինքնալրագիտարանը հարստացնում է մեր մշակույթի պատմությունը եւ առատ տեղեկություններ հաղորդում հատկապես մշակութային հարցեր լուսաբանող լրագրողներին, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներին, դասախոսներին եւ ընթերցողների լայն շրջաններին:
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ