«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2012-03-17 | #49, 2012-03-20 | #50, 2012-03-21


ԷՐՎԻՆ ՍՏՈԲ. «ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՉԱՐԻՔԸ»

Մասաչուսեթսի համալսարանում «Խաղաղության եւ բռնության հոգեբանությունը» ծրագրի հիմնադիր տնօրենՙ Էրվին Ստոբը երկար տարիներ ուսումնասիրել է բռնության դրսեւորումներն ու պատճառները եւ նաեւ հաղթահարման մեթոդներն ու մարտավարությունը: «Հաղթահարել չարիքը: Ցեղասպանություն, կատաղի հակամարտություն եւ ահաբեկչություն» խորագրով վերջերս հրատարակված գիրքը նրա նախորդՙ «Չարիքի արմատները: Ցեղասպանության եւ այլ բռնությունների ակունքները» աշխատության (1989) անմիջական շարունակությունն է եւ հիմնված է 32 տարիների հետազոտական ուսումնասիրությունների վրա: «Գիրքը գրել եմ, որպեսզի ցույց տամ, թե ինչպիսի գործնական քայլերով կարելի է հաղթահարել բռնությունը, կանխարգելել եւ հաշտության եզրեր փնտրել», գրել է նախաբանում:

Գիրքը գրախոսելով «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթումՙ Դեֆնի Աբիլը (թերթի երկարամյա աշխատակից) տեղեկացնում է, որ հեղինակը ծնվել է Հունգարիայում, որտեղ ապրել է մինչեւ 18 տարեկանը եւ զգացել կոմունիստական վարչակարգի հետեւանքները: Իր փորձառությունն է դրդել վերոնշյալ գրքերը գրելու: Նա մի քանի պառճառներ է նշում ակտիվ խմբական բռնությունների համար. շարունակական հակասություններ տարբեր խմբավորումների միջեւ (նյութական եւ հոգեբանական հողի վրա), դժվարին սոցիալական պայմաններ (տնտեսական, առողջապահական), քաղաքական անկազմակերպվածություն կամ քաոսային վիճակ երկրում, «ճիշտ» եւ «բարոյական» ըմբռնումների խաթարումՙ երբ գովաբանվում կամ հերոսացվում են սխալ գործողը, հանցագործը եւ դատապարտվում անմեղը, եւ այլն: Այս բոլորը Ստոբը դասակարգում է տարբեր ենթավերնագրերի տակ եւ բացատրելուց հետո տալիս լուծման հնարավոր «դեղատոմսեր»: Նա հատուկ քննության է ենթարկում ինչպես հրեական Հոլոքոսթը, այնպես էլ Հայոց ցեղասպանությունն ու հութուների եւ թութսիների հակամարտությունըՙ Ռուանդայում, ինչպես նաեւ Կոնգոյի իրադարձությունները:

Նա ակտիվ մասնակցություն է ունեցել լուծելու մի շարք հակամարտություններ, այդ թվում, իր գործընկերոջՙ Լորա Փըրլմենի ընկերակցությամբ, հութու-թութսի երկխոսության արդյունավետ անցկացմանը: Նրան նաեւ հրավիրել են Ամստերդամ, որտեղ մահմեդական ջիհադիստի կողմից սպանվել էր ֆիլմ արտարտադրող Թեո վան Գոգը, որը քննադատել էր կանանց նկատմամբ մահմեդականների վերաբերմունքը: Երկխոսությունից բացի մեծ տեղ է հատկացնում իրազեկությանը, կրթությանն ու դաստիարակմանը: Ուրիշների մասին մտածելը, պատասխանատվություն զգալը եւ հանդուրժողական մոտեցում ցուցաբերելը դաստիարակության խնդիրներ են, համոզված է նաեւ եւ գտնում է, որ վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «գրավիր Ուոլ սթրիթը» շարժումը հակադարձ պատասխանն է Ամերիկայում գոյություն ունեցող «հավասարության» առասպելին, որտեղ հարուստների եւ աղքատների միջեւ «անդունդը» բավական խորն է:

Սա հրաշալի մի գիրք է հիմնված լուրջ ուսումնասիրության, խորազնին վերլուծության վրա, որը տալիս է նաեւ գործնական քայլեր ձեռնարկելու իր անձնական փորձի բազմաթիվ օրինակներ, եզրակացնում է Դեֆնի Աբիլըՙ խորհուրդ տալով մանրամասնությունների համար այցելել «http://overcomingevil.wordpress.com» կայքը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4