«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2012-03-17 | #49, 2012-03-20 | #50, 2012-03-21


ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ «ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ» ԲԵՄԱԴՐՎԵՑ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ

Հայկական բարեգործական ընդհանուր միության Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը 53 տարի անդադար ծառայել է լիբանանահայ բեմին ու նպաստել հայապահպանման կարեւոր գործին: Կես դարից ավել թատերախմբում իրենց ներդրումն են ունեցել սիրողական մակարդակի դերասաններ, պրոֆեսիոնալ հայտնի բեմադրիչներ: Թատերախմբի անցած ստեղծագործական ուղուն «Ազգը» անդրադարձել է բազմիցս ու ներկայացրել բոլոր ձեռքբերումները: Վերջին փայլուն հաջողությունը, որ կայացավ մարտի 8-ին, հայ դասական Ալեքսանդր Շիրվանզադեի «Ազգային գոծիչը» երկմասանոց քաղաքական սատիրան էր: Պիեսը բեմադրելու համար կրկին Բեյրութ էր հրավիրվել պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը , որն, ի դեպ, պրն Ղազանչյանն արդեն 11 բեմադրություն իրականացրել է «Վահրամ Փափազյան» թատերախմբի հետ, ու այդ թատերախումբը համարվում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի քույր թատրոնը:

«Ազգը» հանդիպեց Երվանդ Ղազանչյանի հետ ու խնդրեց պատմել, թե ինչպես են անցել բեմադրության 8 օրերը եւ արդյոք թատերախմբում կա՞ն փոփոխություններ: «Արդեն 12-րդ անգամ ես սիրով աշխատեցի իմ հարազատ «Վահրամ Փափազյան» թատերախմբի հետ: Այս տարին առանձնահատուկ էր, որովհետեւ բացվեց նաեւ ՀԲԸՄ «Էհրամջյան» մշակույթի կենտրոնը, որտեղ առանձնացվել են հատուկ փորձասենյակներ «Վահրամ Փափազյան» թատերախմբի համար: Երկհարկանի գեղեցիկ վերանորոգված շենքի ընդարձակ դահլիճում շուրջ երկու ամիս ընթանում էին թատերախմբի փորձերը: Ուրախալի է, որ թատերախումբը համալրվել է հինգ նոր, երիտասարդ անդամներով, որոնք առաջին անգամ էին բեմ բարձրանում, եւ Արփի Ավետիքյանի, Հարութ Սամոյանի, Հարութ Թորոսյանի, Մակի Վասիլյանի հետ մի հրաշալի կուռ թատերախումբ դարձան: Ներկայացումը ցուցադրվեց 8 անգամ Բուրջ Համուդի Հակոբ Տեր-Մելքոնյան թատերասրահում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար»: Ինչպես նշեց պրն Ղազանչյանը, քույր թատրոնի հետ համագործակցությունը շարունակվելու է եւ արդեն ծրագրված է հաջորդ տարի նոր բեմադրության հարցը:

Ավելացնենք, որ «Ազգային գործիչը» բեմադրությունը լայն արձագանք է գտել լիբանանահայերի շրջանում եւ արժանացել բարձր գնահատանքի: Բեմադրության առաջնախաղից հետո թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը ջերմ ու գնահատանքի խոսքեր է ասել պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանինՙ եւս մեկ հրաշալի թատերախաղ բեմադրելու եւ լիբանանահայությանը տոնական տրամադրություններ, տոնական անմոռանալի 8 օրեր պարգեւելու համար: Երվանդ Ղազանչյանն իր շնորհակալությունն է հայտնել ՀԲԸՄ-ին, թատերախմբին ու բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայել օգնելու, աջակցելու թատերախմբին ու բեմադրության կայացմանը: Ընթերցվել են նաեւ Հայաստանից ստացված մեկ տասնյակ շնորհավորական հեռագրեր առաջնախաղի առիթով:

Տեղեկացնենք նաեւ, որ «Էհրամջյան» մշակութային սրահի բացման առիթով ՀԲԸՄ-ն հատուկ ճաշկերույթ էր կազմակերպել, որի ժամանակ պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանին «Հայ թատրոնին անսահման նվիրումի եւ վաստակաշատ ներդրումի համար» ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը անձամբ հանձնել է հատուկ մրցանակ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4