Մի նոր ուսումնասիրությամբ պարզվել է, որ 45 տարեկանից հետո մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, եւ որ ավելորդ քաշը արգելք չէ հետագա տարիները վայելելու համար: Ինչո՞ւ: Հավանաբար պատճառը ավելի քիչ սպասելիքներն են...
Մենք գուցե տանջվենք կախվող թշերից կամ դժվարանանք Ա-ից Ֆ-ն կարդալ, բայց միջին տարիքին հասնելը եւ ավելի տարիքով դառնալը խոչընդոտ չեն երջանկության համար: Ընդհակառակը:
Հարցմամբ, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի 10 հազ. բնակիչների հետ, պարզվել է, որ տարիքի հետ բարձրանում է մարդկանց մտավոր կյանքի որակը` չնայած ֆիզիկական կյանքի որակի անկմանը: Այս ուսումնասիրությունը կարծես հաստատում է նախկինում կատարված մի այլ հետազոտության արդյունքները, ըստ որի 40-ին մոտ տարիքում ամենահավանականն է, որ դեպրեսիան գլուխ բարձրացնի:
Ուսումնասիրությունը կատարել է Մեծ Բրիտանիայի Ուորվիք համալսարանը, կյանքի որակը չափվել է ութ տարբեր գործոններով` ներառյալ ընդհանուր առողջությունը, ցավը, սոցիալական գործունեությունը եւ մտավոր առողջությունը:
Ուսումնասիրության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սավերիո Սթրենջսը ասում է. «Ակնհայտ է, որ մարդկանց կյանքի ֆիզիկական որակը տարիքի հետ ընկնում է, բայց նրանց մտավոր որակները, ընդհակառակը, բարելավվում են:
Մենք կարծում ենք, որ սա կարող է պայմանավորված լինել ընդօրինակելու ավելի լավ ունակություններով: Այս կարծիքին հանգել է նաեւ նախորդ հետազոտությունը, որը պարզել է, որ ավելի տարիքով մարդկանց ներքին մեխանիզմը հակված է ավելի լավ դիմակայելու դժվարություններին ու ծանր պայմաններին, քան երիտասարդներինը»:
«Դա կարող է պայմանավորված լինել նաեւ կյանքից ավելի քիչ սպասելիքներով, քանի որ ավելի տարիքով մարդիկ ավելի քիչ են իրենք իրենց ճնշում անձնական եւ մասնագիտական ոլորտներում»:
Նախորդ հետազոտությունը, որը ղեկավարում էր Ուորվիք համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Օսվալդը, այն կարծիքին էր հանգել, որ երջանկությունը տարիքի համեմատ մի U-աձեւ կոր է հիշեցնում, որի ամենացածր կետերը 40-ին մոտ տարիքում են գտնվում, որից հետո այն նորից սկսում է բարձրանալ: Ե՛վ կանանց, ե՛ւ տղամարդկանց համար Մեծ Բրիտանիայում դեպրեսիայի ամենաբարձր մակարդակը մոտավորապես 44 տարեկանում է:
«Թե ինչու է U-աձեւ կորը նույն տեսքն ունենում զարգացած եւ զարգացող աշխարհի տարբեր մասերում, անհայտ է», ավելացնում է Օսվալդը:
«Այնուամենայնիվ, հավանաբար այս ամենի բացատրությունն այն է, որ մարդիկ սովորում են հարմարվել իրենց ուժեղ եւ թույլ կողմերին եւ իրենց կյանքի կեսին հասնելով` սկսում են ճնշել իրենց անիրագործելի ձգտումները»:
«Եվ միայն 50 տարեկանից սկսած մարդկանց մեծ մասը դուրս է գալիս այս ծանր շրջանից: Բայց այս ամենի մեջ քաջալերում է այն, որ 70 տարեկանում, եթե ֆիզիկապես դեռ նորմալ վիճակում եք, դուք մոտավորապես նույնքան երջանիկ եք եւ մտավոր առումով նույնքան առողջ, որքան 20 տարեկանում: Հավանաբար, տեղեկանալով, որ կյանքի կեսերին նմանատիպ զգացողությունները նորմալ են, մարդիկ կկարողանան ավելի հեշտ հաղթահարել դժվար փուլը», եզրահանգում է պրոֆեսորը:
«Գարդիան», Թարգմ.` ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ