ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Երկու հայ պատրիարքների անգործության մատնվելը (մեկըՙ Ստամբուլում, մյուսըՙ Երուսաղեմում) մռայլ ապագա է կանխատեսում ընդհանրապես Հայ եկեղեցու համար: Այդ երկու պատրիարքարանները մեր եկեղեցու գլխավոր նվիրապետական աթոռներից են եղել եւ երկուսն էլ այժմ կաթվածահար վիճակում են բնության դաժան հարվածների հետեւանքով: Բայց է՛լ ավելի ողբերգական է այն ահավոր լռությունը, որ տիրում է այդ տագնապալի դրության շուրջը ամբողջ հայկական աշխարհում:
Երկու պատրիարքություններն էլ այնպիսի երկրներում են, որտեղ հայերին չեն սիրում: Ստամբուլի պատրիարքարանի պարագայում հայ համայնքը չկարողացավ բնականոն կացություն հաստատել, երբ պարզվեց, որ Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը անբուժելիորեն անկարողության էր մատնվել ղեկավարելու հայկական եկեղեցու գործերը: Երկու տարբեր առաջարկներ ներկայացվեցին թուրքական կառավարությանըՙ ընտրել մի նոր պատրիարք կամ մի աթոռակից, որը կվարեր պատրիարքարանի գործերը: Իշխանությունները նախընտրեցին երկրորդ տարբերակը, որից էլ օգտվեց համայնքում ոչ այնքան լավ համբավի արժանացած, բայց Թուրքիայի քաղաքական շահերին լիովին համապատասխանող Արամ եպիսկոպոս Աթեշյանը:
Երուսաղեմի պատրիարքարանի պարագայում անհաջողությունը երաշխավորված էր նախապես: Ծերունի Թորգոմ պատրիարք Մանուկյանը արդեն մեկից ավելի անգամներ ապացուցել էր, որ չի կարողանում պաշտպանել պատրիարքարանի շահերը, հատկապես եկեղեցապատկան անշարժ գույքի սեփականության իրավունքի պահպանման հարցերում, եւ ակներեւ էր, որ հետագայում եւս կարող էր այդ կալվածները զիջել այն խարդախ «շնաձկներին», ովքեր մրցում են տիրանալու դրանց:
Երուսաղեմում հայերն ապրել են անհիշելի ժամանակներից: Մ. թ. ա. 95 թվականին դեռեւս Երուսաղեմը մաս էր կազմում Տիգրան Բ-ի կայսրության: Պատրիարքությունն, անշուշտ, հաստատվել է ավելի ուշՙ մեր թվարկության 7-րդ դարում, 638-ին, երբ Ումար Իբն Խաթթաբ խալիֆը հայոց եկեղեցու ավագ եպիսկոպոս Աբրահամ Ա-ին նշանակել է պատրիարք եւ արեւելյան ուղղափառ հարանվանյայց (ասորիներ, ղպտիներ եւ եթովպացիներ) առաջնորդՙ չեզոքացնելու համար հույն ուղղափառ պատրիարք Սոֆրոնիուսի իշխանությունը:
Հետաքրքրական է, որ Ֆաթիհ Սուլթան Մոհամմեդ անունով մեկ ուրիշ մահմեդական էլ նպաստել է, որ հաստատվի Ստամբուլի հայոց պատրիարքությունը, երբ 1453-ին նվաճել է այդ քաղաքը եւ հետապնդել է բյուզանդական իշխանությունը չեզոքացնելու քաղաքականությունը:
Հայերն անշուշտ օգտվել են մրցակից տերությունների այդ հակամարտություններից, բայց միաժամանակ վաստակել են հույն ուղղափառ եկեղեցու մինչ օրս հարատեւող թշնամանքը:
Ի դեպ, իսրայելա-կիպրական եւ դրանից բխող իսրայելա-հունական ներկայումս ընթացող մերձեցումները կարող են է՛լ ավելի սրել Սուրբ Քաղաքի հայերի նկատմամբ հույն պատրիարքությանը պատկանող եկեղեցիների թշնամանքը: Բայց հայերը օտար, արտաքին թշնամիների կարիք բոլորովին չունեն: Նրանք կատարելապես ի վիճակի են ոչնչացնելու ինչպես միմյանց, այնպես էլ իրենց հաստատությունները: Ենթադրվում է, որ 1948-ի տարանջատումից հետո 16 հազար հայեր են ապրել Երուսաղեմում: Հետագայում այդ թիվը 25 հազարի է հասել: Այսօր, սակայն, նրանց թիվը հազարից էլ պակաս է: Եվ այստեղից էլ տրամաբանական հարց է առաջանում. եթե այդ մարդիկ ապահով էին զգում իրենց եւ վայելում «Մերձավոր Արեւելքի այդ միակ ժողովրդավարական երկրի» բարօրությունը, ապա ինչո՞ւ պիտի այլ, ավելի բարվոք հնարավորություններ փնտրեին հեռավոր երկրներում: Այս հարցի պատասխանը Նիր Հոսան անունով հրեա լրագրողն է տալիսՙ իսրայելական «Հաարեց» թերթում գրելով. «Երուսաղեմի քրիստոնյա համայնքը գնալով ավելի է իրեն վտանգված զգում: Վտանգն առանձնապես զգալի է հրեաների հարեւանությամբ ապրող քրիստոնյաների համար: Հինավուրց քաղաքի քահանաները, հատկապես հայազգի քահանաները, ովքեր ստիպված են հաճախ անցնել հրեական թաղամասերով, ասում են, որ ամեն օր իրենց վրա թքում են»: Հայերի վրա թքելը գուցե նվազագույն անարգանքը համարվի, եթե հաշվի առնենք, որ հայերն այնտեղ հսկայական «ոսկե հանքեր» ունեն, ի դեմս կալվածքների, որոնք հետզհետե կուլ են գնալու հրեա նորաբնակների ծավալապաշտական անհագ ախորժակներինՙ Իսրայելի իշխանությունների բարյացակամ աչքերի առջեւ:
Այս ահագնացող ախորժակների դեմ մենք առայժմ ունենք հյուծված եւ անգործունեության մատնված մի պատրիարք եւ անմիասնական մի միաբանություն, որն իր վիճակի չէ կառավարելու իր գործունեությունը:
Լինելով ամենափոքր թաղամասերիցՙ հայկականը զբաղեցնում է Հին քաղաքի մեկ վեցերորդ մասը: Բայց պատրիարքությունը որպես սեփականություն ունի բազմաթիվ այլ տարածքներՙ նույնիսկ Հին քաղաքի սահմաններից դուրս, որոնց կառավարումը, դժբախտաբար, շատ վատ է կազմակերպվել դարեր շարունակ:
Ժամանակ առ ժամանակ հայերը ստիպված են եղել դիմագրավել «երուսաղեմյան ճգնաժամեր», որոնք պահանջել են բոլոր հայ համայնքներից օգնության ձեռք մեկնելՙ փրկելու համար կատարված անարդարություններից, բայց միշտ էլ թափանցիկությունն ու հաշվետվությունը խորթ են եղել պատրիարքարանի գործունեությանը:
Դարերի ընթացքում հավաքված գանձերն ու կալվածքները հայ ժողովրդի սեփականություններն են, որոնք միաբանությանն են վստահվել, որպեսզի վերջինս պահպանի այդ հարստությունը: Միաբանության հոգեւոր առաջնորդները պարզապես պետք է գործեին որպես պահապաններ, բայց նրանցից շատ քչերն են գիտակցում իրենց այդ պարտականությունը: Մեծամասնությունը գործում է այնպես, կարծես այդ ամբողջը իր սեփականությունն է: Իհարկե, այս քննադատական խոսքերը ուղղված չեն որեւէ որոշակի պատրիարքի կամ միաբանության անդամի դեմ: Դրանք ընդհանուր երեւույթի մասին են: Հիշեցնենք, որ նման մի պատմական ճգնաժամ տեղի ունեցավ 1914-ին, Համաշխարհային առաջին պատերազմից եւ Մեծ եղեռնից անմիջապես առաջ: Այդ ժամանակ Երուսաղեմի պատրիարքարանը գտնվում էր Ստամբուլում գործող «Հայոց ազգային կենտրոնական խորհրդի» խնամակալության ներքո, որն էլ որոշել էր ճգնաժամը հարթելու նպատակով երկու ականավոր անձնավորությունների առաջնորդությամբ մի պատվիրակություն ուղարկել Երուսաղեմ: Առաջնորդներից մեկը հասարակական-քաղաքական հայտնի գործիչ, պատմաբան, բանասեր եւ Կոստանդնուպոլսի հայոց նախկին պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանն էր, իսկ մյուսըՙ անբասիր ազնվության մարմնացում, համաշխարհային մակարդակի բանաստեղծ եւ հասարակական գործիչ Վահան Թեքեյանը:
Հենց պատվիրակությունը հասնում է Երուսաղեմ, Օրմանյան արքեպիսկոպոսը գաղտնի համագործակցում է միաբանության կղերականների հետ, որպեսզի չեզոքացնի Թեքեյանի ներկայությունը: Դրանից հետո պատերազմն է սկսվում, եւ ամեն ինչ էլ ավելի խճճվում:
Սա այդ վայրին բնորոշ տեւական խնդիր է, ախտանիշ: Ամեն անգամ, երբ բարձրաստիճան մի անձնավորություն փորձում է իր լիազորությունների սահմաններում կարգի բերել գործերը Երուսաղեմում, կղերականները համախմբվում են եւ դեմ կանգնում նախաձեռնությանը, ամբարտավան ձեւով հայտարարելով. «Մենք ավելի լավ գիտենք գործի էությունը, հետեւաբար մի խառնվեք մեր գործերին»: Բայց նրանց այդ «խիզախությունն» ուղղված է միայն հայ հեղինակություններինՙ լինեն նրանք աշխարհիկ թե հոգեւոր անձնավորություններ: Երբ խոսքը իշխող քաղաքական կամ պետական հեղինակություններին է վերաբերում, ապա միաբանության անդամները միշտ հլու-հնազանդ են ու զիջող: Եվ այստեղ է, որ մենք կորուստներ ենք արձանագրում:
Երուսաղեմի ռուսական եկեղեցին մեծապես օգտվել է Մոսկվայից, նույնիսկ դեռ խորհրդային վարչակարգի տարիներին: Բայց մեր կղերականները բոլորովին չեն ցանկանում որեւէ պաշտպանական քայլ կամ խորհուրդ ընդունել Հայաստանի կառավարությունից, Հայաստանյայց եկեղեցու գերագույն հոգեւոր առաջնորդից կամ որեւէ կազմակերպությունից:
Դրսից տրվող օժանդակությունների կամ խորհուրդների դեմ արտահայտված այս գերհակադարձությունը պայմանավորված է մի օրենքով, որով կառավարվում են սրբազան վայրերը այդ քաղաքում: Այդ օրենքը ուժի մեջ է մտել սուլթան Աբդուլ Մեչիդի 1852 թվի հրամանագրով, որով կարգավորվում են իրավունքներն ու արտոնությունները տարբեր կրոնական հաստատությունների: «Ստատուս քվո» հորջորջումով ճանաչված այդ օրենքից օգտվել են ինչպես օսմանյան եւ հորդանանյան, այնպես էլ բրիտանացի գաղութարարների իշխանությունները:
Ճիշտ է, այդ օրենքը մի կողմից պաշտպանել է տարբեր կրոնական եւ այլ հաստատությունների իրավունքները կառավարող իշխանությունների ոտնձգություններից, սակայն, մյուս կողմից, հսկայական հարստության ճակատագիրը թողել է բացառապես միաբանության ձեռքերում:
Վերջին տարիներին, ի տես պատրիարքի առողջության վատթարացման, փորձ է արվել համոզելու Սուրբ Հակոբյանց միաբանությանըՙ մշակելու սերնդափոխության սահուն անցման մի ծրագիր: Սակայն միայն անցյալ տարվա ընթացքում աթոռակից պատրիարք ընտրելու օրակարգով նախատեսված երկու եկեղեցական ժողովները չեղյալ հայտարարվեցին:
Նոր պատրիարքի ընտրությունը պահանջում է, որ փոփոխություն կատարվի պատրիարքարանի կանոնադրության մեջ: Նման մի փոփոխություն պատրաստված էր, սակայն անընդհատ ձգձգումները այսօրվա անելանելի վիճակին հասցրեցին:
Ներկայումս պատրիարքարանի լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նշանակվել է տեղապահ եւ ստանձնել ամենօրյա գործունեությունները կառավարելու պատասխանատվությունը: Դժբախտաբար պատրիարքի ապաքինումը այնքան էլ իրատեսական չէ: Այդ մասին բացարձակ լռություն է տիրում, որը չափազանց վտանգավոր է: Այն թեկնածուները, ովքեր կարող են հաջորդել եւ կայունացնել իրավիճակը, կարծես այնքան էլ հետաքրքրված չեն առաջադրվելու, իսկ մյուս կողմից նրանք, ովքեր պատրաստակամություն են ցուցաբերում «գահ բարձրանալու» եւ հանգուցյալ Եղիշե պատրիարք Տերտերյանի շռայլ ապրելակերպը նմանակելու, փորձում են օգտվել առիթից:
Պատրիարքարանի միայն նյութական արժեքները չեն, որ վտանգված են, այլեւ նրա մշակութային եւ պատմական գանձերը: Մի քանի տասնամյակ առաջ լոնդոնյան «Սոթբիում» 28 նկարազարդ ձեռագրերը վաճառելու փորձը դեռեւս դրոշմված է մեր հիշողություններում որպես ցավալի մի երեւույթ:
Թուրքական եւ հրեական իշխանությունները նույնպես աչալուրջ հետեւում են իրադարձություններինՙ ցանկանալով իմանալ, թե ինչ է կատարվելու 1915-ի ցեղասպանության վերաբերյալ ամբաստանական հարուստ փաստաթղթեր պարունակող այն արխիվի հետ, որն Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Ստամբուլի պատրիարքարանից Երուսաղեմ էր փոխադրվելՙ ապահով ձեռքերում լինելու նպատակով:
Այնպես որ Երուսաղեմը բոլորի մտահոգության առարկան է: Այո՛, եւ յուրաքանչյուր հայի գործը: Միաբանությունը պարտավոր է ձեռք մեկնել համայն աշխարհի հայ համայնքներինՙ անկախ «ստատուս քվոյի» հատկանիշներից եւ ընտրել պատրիարքի արժանավոր հաջորդին: Նաեւ պարտավոր է ֆինանսների եւ անշարժ գույքի արհեստավարժ մասնագետների օժանդակությունը ապահովել, որպեսզի հնարավոր լինի փրկել Սուրբ Քաղաքի մեր ողջ ժառանգությունը:
Մինչ այդ աղոթենք մեր հիվանդ պատրիարքի ապաքինման եւ մանավանդ առայժմ անորոշության մեջ գտնվող Երուսաղեմի մեր պատրիարքարանի վտանգված ապագայի համար:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.