«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2012-03-17 | #49, 2012-03-20 | #50, 2012-03-21


ՍՈՒՐԵՆ ՉԱԽԱԼՅԱՆ. «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՎ ԷԼ «ՓՅՈՒՆԻԿԸ» ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Օրերս Դուբայում անցկացրած ուսումնամարզական հավաքից Երեւան վերադարձավ «Փյունիկը», որը սեփական մարզաբազայում շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Երեկ կայացած հերթական պարապմունքից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ թիմը լրջորեն է նախապատրաստվել նոր մրցաշրջանինՙ անցկացնելով ուսումնամարզական երեք հավաք: Այդ հավաքների ընթացքում հաջողվել է իրականացնել նախատեսված ողջ ծրագիրը: Անցկացրած մի շարք ստուգողական հանդիպումները հնարավորություն են ընձեռել ստուգելու ֆուտբոլիստների խաղային ունակությունները եւ որոշելու թիմի հիմնական կազմը: Գլխավոր մարզիչը գոհ է կատարված աշխատանքից: Կարեւոր է, որ այսօր թիմում չկան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ: Ծանր վնասվածքից ու վիրահատությունից հետո վերջապես ապաքինվել է Դավիթ Մանոյանը, որն աստիճանաբար վերագտնում է իր խաղն ու լավ մարզավիճակ է ձեռք բերում: Վատ տպավորություն չեն թողնում նաեւ թիմի 2 նորեկները, որոնց հետ «Փյունիկը» պայմանագրեր է կնքել:

Ինչպես միշտ, «Փյունիկը» պայքարելու է չեմպիոնության համար: Ակումբի ռազմավարությունն այս տարի էլ չի փոխվել: Թիմը համալրվել է սեփական մարզադպրոցի սաներով: Չի բացառվում, որ անցյալ տարվա նման նոր մրցաշրջանի ընթացքում էլ «Փյունիկում» աչքի ընկնող մի քանի ֆուտբոլիստներ մեկնեն արտերկիր: Ըստ Սուրեն Չախալյանի, դա կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը: Իսկ հանուն դրա ակումբը պատրաստ է նույնիսկ զոհաբերել իր արդյունքները երկրի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում: Իհարկե, դա չի նշանակում, թե «Փյունիկը» լրջորեն չի պայքարելու ոսկե մեդալների համար: Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգայի խաղարկությանը, ապա նույնիսկ այդ մրցաշարի համար ակումբը չի պատրաստվում համալրել թիմը լեգեոնականներով: Գլխավոր մարզչի կարծիքով այդ մրցաշարը վարպետության հիանալի դպրոց կլինի թիմի երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք պետք է ձգտեն դրսեւորել իրենց:

Սուրեն Չախալյանը համոզված է, որ իր գլխավորած «Փյունիկը» ոչնչով չի տարբերվի Վարդան Մինասյանի օրոք կազմավորված թիմից. «Ես նոր մարդ չեմ «Փյունիկում», 10 տարի այս ակումբում եմ: Թիմի խաղաոճում ոչինչ չի փոխվի: Ակումբն ունի իր ռազմավարությունը, որով էլ առաջնորդվելու ենք»:

Քանի որ առաջնության մեկնարկային տուրը հետաձգվել է, ուստի մարտի 25-ին «Փյունիկն» ընկերական խաղ կանցկացնի «Փյունիկ-2-ի» հետ: Սուրեն Չախալյանի կարծիքով, մեկնարկելիք առաջնությունը բավականին հետաքրքրական պայքարում կանցնի, քանի որ թիմերը համեմատաբար հավասար են: Ճիշտ է, «Ուլիսն» իր կազմով առանձնանում է մյուսներից, քանի որ փորձառու ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Սակայն բոլոր թիմերին էլ Սուրեն Չախալյանը լուրջ մրցակից է համարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4