«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2012-03-21 | #51, 2012-03-22 | #52, 2012-03-23


«ԳՈՎՔ» ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ

Այլ կերպ չես վերնագրի ասելիքդ, երբ նյութը ադրբեջանական կողմին է վերաբերում: Բայց առանձնահատուկ է Day.az-ի հրապարակումը: Առիթը հայկական լրատվամիջոցների տեղեկատվությունն է Երեւանի «Ալեն-Էլեն» ակումբում եղած միջադեպի մասին, որի հետեւանքով տուժել են նաեւ Իրանի մի քանի քաղաքացիներ: «Հայաստանում թիրախ են ընտրել Իրանի ադրբեջանցիներին», - գրել է նշված լրատվամիջոցը:

Ոչինչ, իհարկե, չի ասվում, թե որտեղի՞ց է հայտնի, որ տուժածներն Իրանի «ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիներ են»: Ի՞նչ կարիք կա, եթե ունեն պատրաստի կաղապար. «էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհամատեղելի է համարել հայերին եւ ադրբեջանցիներին»: Ե՞րբ, որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը նման միտք հնչեցրել` որեւէ հղում չի արվում: Հանձնարարություն տրված է` մարդը, որի անունը նույնպես չի հրապարակվում, ընդհատել է Նովրուզի առթիվ Իլհամ Ալիեւից շնորհված արձակուրդը եւ մոգոնել, թե «անկախ նրանք ո՞ր երկրի քաղաքացի են, հայերն ամենուր հետապնդում են ադրբեջանցիներին»: Երեւի այդ «սարսափից» է, որ Բաքուն Ադրբեջան մուտքի արտոնագիր չի տալիս ազգությամբ հայերին` որ երկրի քաղաքացի էլ լինեն:

Այստեղ էլ, ըստ էության, ավարտվում է «տրամաբանությունը»: Քանի որ հարց է առաջանում. Ռոբերտ Քոչարյանի «ասածը» միայն Բաքվո՞ւմ են լսել: Եթե Հայաստանի էքս-նախագահը «հայերին եւ ադրբեջանցիներին անհամատեղելի է համարել», այդ մասին պիտի որ բոլոր ադրբեջանցիներն իմանային` անկախ քաղաքացիությունից: Եվ, ուրեմն, Իրանի` ազգությամբ «ադրբեջանցի» քաղաքացիները, ելնելով «անվտանգության նկատառումներից», պետք է զերծ մնային Հայաստան մուտք գործելու գայթակղությունից: Կյանքն, ինչպես ասում են, թանկ է: Իսկ եթե Երեւանի «Ալեն-Էլեն» ակումբում տուժած Իրանի քաղաքացիներն իրոք էթնիկ ադրբեջանցիներ են, հետեւաբար այդ մարդիկ չեն զգացել, որ Հայաստանում «բոլոր ադրբեջանցիներին հետապնդում են»: Կամ էլ այդ մարդիկ իրենց ադրբեջանցի չեն համարում:

Ոչ ոք եւ ոչ մի երկիր պատահարներից ապահովագրված չէ: Համանման դեպքեր տեղի են ունենում ամենուր: Այդ թվում եւ ավելի հաճախ` Ադրբեջանում: Վերջերս Ղազախում ուկրաինուհին որսորդական հրացանով գնդակահարել էր երկու երիտասարդ ադրբեջանցու, երբ վերջիններս սեքսուալ ոտնձգություն էին կատարել: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ Ադրբեջանում սլավոնական ծագումով բոլոր կանայք սեքսուալ հետապնդումների թիրախ են: Կարելի՞ է միջադեպից եզրահանգել, որ Ուկրաինան պետք է համապատասխան եզրակացություններ անի` նկատի ունենալով, որ ադրբեջանցիներն իրենց հոգեկերտվածքով սեքսուալ բնույթի շեղումներ ունեն: Պատասխանները թողնենք ադրբեջանական կողմին:

Ակնհայտ է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների անշեղ վատթարացման ֆոնին Բաքվում «մոմը ձեռքներին հակասություններ են փնտրում» հայ-իրանական միջպետական եւ հանրային մակարդակի շփումներում: «Ալեն- Էլեն» ակումբի պատահարը Բաքվի քարոզչամեքենայի համար ուղղակի «գտածո» էր: Մանավանդ այն դեպքում, երբ, ինչպես վիճակագրությունն է վկայում, Նովրուզի տոնակատարության օրերին Իրանից Հայաստան են այցելում մի քանի տասնյակ հազար զբոսաշրջիկներ:

Խնդիր է դրված աղտոտել այդ իրոք բարեկամական հարաբերությունները, խոչընդոտել Իրան-Հայաստան միջպետական կապերին: Բայց մի՞թե այդքան անգրագետ հարձակումներն են ադրբեջանական հատուկ ծառայությունների եւ դրանց խոսափող լրատվամիջոցների մակարդակը: Տվյալ դեպքում դա այդպես է, ուստի մեզ մնում է եւս մի անգամ գովել հարեւան երկրի պատկան մարմինների հիմարությունները եւ նրանց հետագա հաջողություններ մաղթել: Առանց ենթատեքստի եւ չակերտների:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4