«Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպությունը նախընտրական պատկերը Հայաստանում պարզելու նպատակով փետրվարի 29-ից մարտի 5-ը հարցում է անցկացրել: Հարցազրույցին մասնակցել է 1602 քաղաքացի, ովքեր ընթացակարգով են ընտրվել: Հետազոտության արդյունքները երեկ ներկայացրեց կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը ` հավաստիացնելով, որ այն անկախ է եւ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին:
2010-ի հոկտեմբերին նույն կազմակերպությունը կրկին սոցիոլոգիական հարցում էր անցկացրել Հայաստանում: Զուգահեռներ անցկացնելով նախորդ հետազոտության արդյունքների հետ, պարզվել է, որ երկու տարվա ընթացքում ոչ միայն կուսակցությունների մասին տեղեկացվածությունն է աճել, այլեւ կոնկրետ քաղաքական գործիչների: Համաձայն հարցման արդյունքներիՙ հասարակության շրջանում տեղեկացվածության առումով ԲՀԿ-ն առաջին հորիզոնականում է, ՀՀԿ-ն` երկրորդ: Եթե 2 տարի առաջ ամենահայտնի քաղաքական գործիչը Սերժ Սարգսյանն էր, այսօր նա զիջել է դիրքերը. առաջատարը Ծառուկյանն է: Նրա առաջատար լինելը պայմանավորված է հանգամանքով, որ ԲՀԿ-ն ժողովրդականություն է վայելում, մինչդեռ երբ հերթը հասնի նախագահական ընտրություններին, ապա հասարակությունը նախապատվություն կտա Սերժ Սարգսյանին: Հետազոտության արդյունքներով աճել են ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների վարկանիշները:
Ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 64 տոկոսը: Հարցինՙ «Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ո՞ր կուսակցությանը կընտրեիք», հարցվածների գերակշիռ մասը` 41 տոկոսը, նախապատվությունը տվել է ԲՀԿ-ին, 37 տոկոսը` ՀՀԿ-ին: Քամբեքը շեշտում է, որ վերոնշյալ երկու կուսակցություններն առաջատար են: ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը կհավաքեն 5, «Ժառանգությունը»` 4 տոկոս: Քամբեքը փաստում է, որ ուսումնասիրության ժամանակ հանդիպել են անորոշության շատ մեծ տոկոսի, հետեւաբար դժվարանում են միանշանակ ասել, թե բացի ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից որ կուսակցությունները կմտնեն խորհրդարան:
Ըստ Մայքլ Քամբեքիՙ ՀՀԿ ընտրազանգվածի 2/3-ը 2007-ին ՀՀԿ-ի օգտին քվեարկածներն են: ԲՀԿ-ի ընտրազանգվածի գերակշիռ մասը հավաքվել է վերջին 5 տարվա ընթացքում: «Մարդիկ հավատում են, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները` ղարաբաղյան հակամարտություն, գործազրկություն, աղքատություն, կրթական եւ առողջապահական համակարգի հարցերը, կարող են լուծել ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն:
Համաձայն հետազոտության արդյունքների` եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այս կիրակի, կհաղթեր Սերժ Սարգսյանը: Եթե 2 տարի առաջ Սարգսյանի վարկանիշը 27 տոկոս էր, այս անգամ աճել է` կազմելով 33 տոկոս:
Եթե Սերժ Սարգսյանն ընկալվում է որպես 100-տոկոսանոց փորձառու քաղաքական գործիչ, ապա Ծառուկյանին այդպիսին բնութագրում է հարցվածների 77 տոկոսը, մինչդեռ որպես վստահելի քաղաքական գործիչ Ծառուկյանը առաջ է անցնում Սարգսյանից` 87 տոկոս -71 տոկոս հարաբերակցությամբ: Հետազոտության հեղինակները փորձել են նաեւ պարզել, թե 5 տարվա ընթացքում երկրում ինչպիսի փոփոխություններ են գրանցվել: 24 տոկոսի կարծիքով իրավիճակը զգալիորեն վատացել է, 20 տոկոսի կարծիքով` մասամբ վատացել է, 42 տոկոսի գնահատմամբ` մասամբ լավացել: 8 տոկոսը կարծում է, որ կյանքը Հայաստանում զգալիորեն է լավացել, իսկ 6 տոկոսը համոզված է, որ ոչինչ չի փոխվել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ