Մարմնամարզության Հայաստանի առաջնության ավարտից հետո, որում բազմամարտում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արթուր Դավթյանը, ճշգրտվել են երկրի տղամարդկանց եւ երիտասարդների հավաքականների կազմերը:
Մարտի 28-30-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 4 մարմնամարզիկներՙ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Սերոբ Սողոմոնյանը:
Հաջորդ լուրջ քննությունը մեր մարմնամարզիկների համար կլինի Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մայիսի 21-27-ը կայանալիք Եվրոպայի թիմային 30-րդ առաջնությունը: Այդ մրցումներին Հայաստանի տղամարդկանց հավաքականը կներկայանա Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Ստեփանյան, Վահագն Դավթյան, Վահան Վարդանյան կազմով: Երիտասարդների մրցավեճին կմասնակցեն Վիգեն Խաչատրյանը, Արմեն Պետրոսյանն ու Արամ Մովսիսյանը:
Ինչպես հայտնի է, հայ մարմնամարզիկներից առայժմ միայն Արթուր Դավթյանն է օլիմպիական ուղեգիր նվաճել: Նրա համար նախատեսվում է ապրիլին ուսումնամարզական հավաք կազմակերպել Իրանում: Մինչեւ օլիմպիադա մեկնելը Արթուրի համար ուժերի լավ ստուգատես կլինի հունիսի 10-15-ը Երեւանում կայանալիք Ալբերտ Ազարյանի մրցանակների միջազգային ավանդական մրցաշարը: