Հայտնի է, որ թիվ 40 ընտրատարածքում իր թեկնածությունը չառաջադրեց նույն ընտրատարածքից նախորդ ընտրություններում պատգամավոր դարձած Միքայել Վարդանյանը, ինչպես նաեւ այս անգամ պատգամավորության թեկնածու չի առաջադրվել նախորդ ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան անցած Կարեն Վարդանյանը, ովքեր երկուսն էլ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերն են: Ինչո՞ւ այս անգամ Միքայել եւ Կարեն Վարդանյանները որոշեցին չառաջադրվել: Այս հարցով դիմեցինք «Գրանդ Հոլդինգի» մամուլի հարցերով պատասխանատու Վահրամ Բրուտյանին : Ըստ պրն Բրուտյանի, Վարդանյաններն այս անգամ որոշել են իրենց փոխարեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իրենց ձեռնարկությունների գործադիր տնօրեններին, ովքեր լիովին ազատ կլինեն այլ աշխատանքից եւ կկարողանան ամբողջությամբ նվիրվել օրենսդրական աշխատանքին: 5-րդ գումարման խորհրդարանում նրանց գործունության գերխնդիրը լինելու են հայրենական արտադրության եւ երկրի տնտեսության զարգացման շահերը: Այս աշխատանքը Վարդանյանները վստահել են իրենց տնօրեններին, քանի որ իրենք գերզբաղված են` առաջիկա տարիների համար նախատեսված բազմաթիվ բիզնես-ծրագրերով: Վարդանյան եղբայրները մոտակա հինգ տարում պլանավորել են մի քանի հազար նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանում: Նման ծանրաբեռնվածությունը հնարավոր չէ համատեղել խորհրդարանական աշխատանքի հետ: Ահա սա է նման որոշման պատճառը: Ի դեպ, հատկանշական է, որ թիվ 40 ընտրատարածքում, որտեղից ընտրվել էր Միքայել Վարդանյանը, մեծամասնական ընտրակարգով որեւէ կուսակցական թեկնածու այս տարի չի առաջադրվել:
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ