«38 տարի ծառայել եմ ոստիկանության համակարգում եւ մնում եմ նվիրյալ Հայաստանի Հանրապետությանն ու ոստիկանությանը»: Սրանք ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի խոսքերն են` հնչած Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Ազգ» -ն արդեն տեղեկացրել է, որ նախորդ դատական նիստում դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել էր Թամամյանին ազատազրկել 4 տարով, իսկ գործով անցնող մյուս երկու ամբաստանյալներին` Արմեն Պողոսյանին եւ Վահան Խանզադյանին, դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման: Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանն իր պաշտպանական ճառում շատ խիստ գնահատեց դատախազի մեղադրանքը` հավելելով, որ գործում ծանրացնող հանգամանքներ չկան:
Որպես մեղմացուցիչ հանգամանք Վաղինակ Գեւորգյանը շեշտեց, որ Թամամյանը նպաստել է օբյեկտիվ քննություն անցկացնելուն, ունի անչափահաս երեխա, համաձայնել է մեղադրանքին, նախկինում դատապարտված չի եղել ու իր գործողություններում չի խոչընդոտել գործի քննությանը:
Ըստ փաստաբանիՙ 4 տարվա ազատազրկմամբ սոցիալական արդարությունը չի վերականգնվի: Պաշտպանական ճառում նա միջնորդեց պայմանականորեն չկիրառել պատիժ, ազատ արձակել եւ մեկ տարի ժամկետով փորձաշրջան նշանակել:
Սակայն նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը 4 տարվա ազատազրկման դատապարտեց Թամամյանին: Դատարանի վճռով նա իրավունք չունի երկու տարի զբաղեցնել պաշտոն տեղական եւ պետական մարմիններում: Գործով անցնող մյուս երկու ամբաստանյալները դատապարտվեցին 2.6 տարվա պայմանական ազատազրկման եւ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ Թամամյանն անազատության մեջ է գտնվում նախորդ տարվա մարտի 24-ից եւ մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ, որը առաջացրել է ծանր հետեւանքներ: Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Արզումանյանը նախորդ տարվա փետրվարի 24-ին Թամամյանին գլխավոր դատախազի միջնորդությամբ աշխատանքից ազատել էր «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:
Գործով անցնող երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր էին ճանաչել կատարած հանցանքում եւ պահանջել արագացված դատավարություն:
Հ. Հ.