Գյուղնախարարը` եղանակի ազդեցության եւ գյուղացիներին պետական աջակցության ծրագրերի մասին
Սովորականից երկար տեւած ձմեռն ինչպե՞ս կազդի Հայաստանի գյուղատնտեսության վրա, կառավարությունն այս տարի գյուղացիների աջակցության ի՞նչ ծրագրեր ունի: Այս հարցերի շուրջը զրուցեցինք գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
- Պրն Կարապետյան, բավականին երկարատեւ եւ առատ տեղումներով ձմեռն ի՞նչ ազդեցություն կունենա մեր գյուղատնտեսության վրա: Ավելի լա՞վ էր, որ ձմեռն այսպիսին էր, թե՞ ավելի վատ:
- Որ ձմեռը երկար տեւեց, ձյունը առատ եղավ, դա բերքառատության նշան է, որովհետեւ նախ` հողն ավելի խոնավ կլինի, երկրորդ` հալոցքի ժամանակ ջրամբարները կլցվեն ջրով: Հաջորդ պահը գարնանային ցրտահարությունների վտանգի հետ է կապված: Երբ գարունը վաղ է սկսվում, ծառերը շուտ են բողբոջում, գարնանային ցրտահարությունների ենթարկվելու հավանականությունը մեծ է: Իսկ այս տարի, երբ ծառերը դեռ չեն բողբոջել, ավելի հավանական է, որ գարնանային ցրտահարություներ չեն լինի: Թեեւ ոչ մի երաշխիք չկա, իհարկե, որ ջերմաստիճանը մի օր, օրինակ, 8-10 աստիճանով չի նվազի: Պարզապես տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ գարունն ավելի ուշ է սկսվում, նման ցրտահարությունները քիչ են լինում:
- Կառավարությունն անցյալ տարի որոշում ընդունեց սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների մի մասը: Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշման արդյունավետությունը:
- Անցյալ տարի երկու փուլով կառավարության տրամադրած միջոցներով գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման գործընթացն արդյունավետ եմ համարում: Այն իր ծավալով եւ ընդգրկվածությամբ աննախադեպ ծրագիր էր: 837 համայնքների ավելի քան 25 հազար գյուղացիական տնտեսություններին տրամադրվեցին 17,4 մլրդ դրամի վարկեր: Պետությունը սուբսիդավորում էր վարկային տոկոսադրույքի 4 տոկոսը, իսկ 179 առավել կարիքավոր գյուղերում` 6 տոկոսը: Գյուղատնտեսության մեջ անցյալ տարի արձանագրած բարձր տնտեսական աճի (14,1 տոկոս - Ա. Մ.) ցուցանիշի մեջ վարկերի սուբսիդավորման այս ծրագիրն իր դերն է ունեցել:
- Այս տարի կառավարությունը որոշումներ ընդունեց գումարներ տրամադրել գյուղացիներին դիզվառելիքի եւ պարարտանյութերի մատակարարման համար: Կհասցնե՞ք մինչեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք սկսվելը այդ որոշումներն իրագործել:
- Արդեն սկսել ենք պարարտանյութի ներկրումը, մոտ 15 հզ. տոննայի մի մասն արդեն բաշխվել է, մյուս մասը փոխադրվում է Հայաստան: Մինչեւ բուն գարնան աշխատանքների սկսելը մենք կհասցնենք գյուղացիներին բաշխել եւ դիզվառելիքը, եւ պարարտանյութը:
Հիշեցնեմ, որ դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության շրջանակներում նախատեսված է գյուղացիներին վաճառել 12,6 հզ. տոննա դիզվառելիք` 1 լիտրը 350 դրամ` շուկայականից զգալիորեն ցածր գնով: Վառելիքի շուկայական գնի եւ գյուղացիներին մատակարարման գնի տարբերությունն էլ փոխհատուցվելու է պետության կողմից:
Պարարատանյութերի տրամադրման ծրագրի շրջանակներում պետության կողմից հատկացված 1 մլրդ դրամն ուղղվելու է մոտ 25 հզ. տոննա ամոնիակային սելիտրան գյուղացիներին մատչելի գներով` 1 կգ-ն 120 դրամով կամ 1 պարկը 6 հզ. դրամով տրամադրելու համար:
- Մեկ այլ որոշմամբ էլ այս տարի կառավարությունը 7,5 մլրդ դրամ է հատկացնելու գյուղացիական տնտեսություններին: Ի՞նչ նպատակով է այն տրամադրվելու:
- 7,5 մլրդ դրամը տրամադրում ենք գյուղացիներին գարնանային աշխատանքները սկսելու համար: Ապրիլի 1-ից այդ գործընթացը սկսելու ենք մեզ հետ համագործակցող 5 բանկերի միջոցով: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են:
2012-ին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման այս ծրագրով պահպանվելու են գյուղացիներին վարկեր տրամադրելու արտոնյալ պայմանները: Մասնավորապես, վարկերի առավելագույն գումարը կազմելու է 3 մլն դրամ, առավելագույն ժամկետը` 2 տարի, 14 տոկոս վարկային տոկոսադրույքի 4 տոկոսը սուբսիադավորվելու է պետության կողմից, իսկ առավել կարիքավոր 225 համայնքներում սուբսիդավորվելու է 6 տոկոսը: Վարկերի եւ տոկոսադրույքների մարման նվազագույն ժամկետը 6 ամիսն է: Կանխատեսվում է, որ պետական աջակցության այս ծրագրից կօգտվեն 11-12,5 հազար գյուղացիական տնտեսություններ:
Տեղեկացնեմ, որ եւս 7,5 մլրդ դրամ գումար նույն նպատակով պետությունը գյուղացիներին տրամադրելու է աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար:
Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ