«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2012-03-22 | #52, 2012-03-23 | #53, 2012-03-24


«ՕԵԿ-ՈՒՄ ԻՆՁ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ»

ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը տեւական ժամանակ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր ոչ միայն ի պաշտոնե, այլեւ որովհետեւ լուրեր էին շրջանառվում, որ նա կլինի կուսակցության երկրորդ կին պատգամավորը: ՕԵԿ-ում այդ լուրը չէին մեկնաբանում` առաջարկելով սպասել կուսակցության նախընտրական ցուցակի հրապարակմանը:

Երբ կուսակցության 15-ամյակի կապակցությամբ բեմում Արթուր Բաղդասարյանը հրապարակեց ցուցակի առաջին տասնյակը, Աբրահամյանի անունն այնտեղ չկար, մինչդեռ Հեղինե Բիշարյանից բացի բեմ բարձրացան եւս երկու` հասարակությանն անհայտ կանայք` Դիաննա Բիազյանն ու Նատալյա Ադամյանը: Հաջորդ օրը կայքերից մեկի հարցադրմանն ի պատասխանն Աբրահամյանն ասաց, որ ցուցակը պաշտոնական չէ: Ամենայն հավանականությամբ, նա հույս ուներ, որ ԿԸՀ ներկայացնելիս ՕԵԿ ցուցակի անցողիկ տեղում կհայտնվի նաեւ իր անունը, սակայն հույսերը չարդարացան: Ըստ ցուցակի, Աբրահամյանն ընդամենը 36-րդն էր, ինչը վիրավորել է ՕԵԿ արդեն նախկին մամուլի քարտուղարին:

Երեկ նա պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել եւ չի բացառում, որ առաջիկայում կհեռանա նաեւ կուսակցությունից:

«Խնդիրը ցուցակային տեղը չէ, բայց դա վերաբերմունք է: Դա նշանակում է, որ կուսակցության էլիտան, տվյալ պարագայում առաջնորդն ու քաղխորհուրդը, չի գնահատել մամուլի խոսնակի աշխատանքը: Մինչդեռ ռազմավարական առումով կուսակցության գաղափարախոսությունը այս 6 տարիների ընթացքում արտահայտվել ու արդյունավետ ներկայացվել է ԶԼՄ-ներում: ՕԵԿ-ում չեն գնահատում», ասաց Աբրահամյանը` հավելելով, որ իր անունը պետք է գոնե առաջին քսանյակում լիներ:

Իր խոսքերովՙ կուսակցության վարկանիշի համար արել է առավելագույնն ու շնորհակալ է բոլոր ԶԼՄ-ներին 6-ամյա աշխատանքի համար:

Աբրահամյանը հերքեց լուրերը, թե ցուցակի տեղերի քննարկումների հետ կապված հակասություններ է ունեցել Հեղինե Բիշարյանի հետ: Հիշեցնենքՙ լուրեր էին շրջանառվում, որ Աբրահամյանի ՕԵԿ ցուցակում ընդգրկվելուն ամենից շատ դեմ էր Բիշարյանը: Նշենք, որ կրկին ըստ շրջանառվող լուրերիՙ Բիշարյանը լուրջ հակասություններ է ունեցել նաեւ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հետ ցուցակի երրորդ տեղի համար պայքարում: Բիշարյանը կուսակցության երկրորդ տեղում է, Շահգելդյանըՙ տասնյակում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4