Հարցազրույց թարգմանչուհի Ռաիսա Ղարագյոզյանի հետ
Երբ խոսք է գնում հայ-ուկրաինական մշակութային կապերի մասին, ապա դրանում մի առանձնահատուկ տեղ է տրվում գեղարվեստական թարգմանությանը: Ուստի նշանակալի է, որ Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի բացման նախօրեին Երեւանի «Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Միխայլո Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները» վիպակը եւ Սերգեյ Փարաջանովի «Հավերժական շարժում» էսսեն ամփոփող գիրքը ուկրաիներենից հայերենՙ Ռաիսա Ղարագյոզյանի թարգմանությամբ: Նրա աշխատանքի շնորհիվ 70-ական թվականներից հայերենով լույս են տեսել ուկրաինական ավելի քան երեսուն գրողների ստեղծագործություններՙ առանձին գրքերով եւ ամսագրերում, մասամբ, Պ. Զահրեբելնու, Վ. Զեմլյակի, Ցու. Մուշկետիկի, Գրիգոր Տյուտյուննիկի, Յու. Շչերբակի, եւ «Ուկրաինական ժողովրդական հեքիաթները»: Իսկ այժմ էլ ահա հայ ընթերցողի սեղանին է ուկրաինական նշանավոր արձակագրի վիպակը եւ այն էկրանավորած մեծ ռեժիսորի գրչի տակից դուրս եկած էսսեն: Խմբագրությունը դիմել է թարգմանչուհունՙ պատմելու վերջին գրքի թարգմանական աշխատանքների մասին:
- Տիկին Ռաիսա, պատմեցեք այս գրքի մասին: Ե՞րբ եք մտահղացել թարգմանել այն, եւ ինչպե՞ս է ստացվել, որ մի գրքում տեղ են գտել ուկրաինական հանրահռչակ արձակագիրըՙ Միխայլո Կոցյուբինսկին, որն ապրել ու ստեղծագործել է XIX դարավերջում եւ XX դարասկզբում եւ Սերգեյ Փարաջանովըՙ մեր ժամանակակիցը եւ մեծ ռեժիսորը:
- «Մոռացված նախնիների ստվերները» Մ. Կոցյուբինսկու լավագույն գործերից է: Դա մի գողտրիկ, սրտառուչ վիպակ էՙ երկու սիրահարների ողբերգական սիրո ու վախճանի, կյանքի ու մահվան, եւ ընդհանրապես կեցության իմաստի մասին: Այն բազմաթիվ լեզուներով է թարգմանվել եւ, բնականաբար, ապրելով ու ստեղծագործելով Ուկրաինայում, ես նույնպես վաղուց մտմտում էի իրականացնել վիպակի հայերեն թարգմանությունը: Եվ անպատճառ, քանզի Հայաստանում, որտեղ Սերգեյ Փարաջանովի հանդեպ հիրավի պաշտամունքի հասնող հիացմունք կա, որտեղ երեւի թե չկա մեկը, որ չիմանա «Մոռացված նախնիների ստվերները» աշխարհահռչակ ֆիլմի մասին, ուկրաինական գրականության այդ գոհարըՙ որպես գրական երկ, մինչեւ այսօր ծանոթ չէր մեր ընթերցող հասարակությանը: Մի երկ, որի հիման վրա ստեղծվել է ֆիլմը, որը համաշխարհային հռչակ է բերել Մաեստրոյին: Ի վերջո աշխարհը ճանաչեց Գուցուլշչինանՙ «Աստծուց եւ մարդկանցից մոռացված» այդ երկիրը, լսեց գուցուլական բարբառը, այդ գունեղ լեզուն, որն այնպես շռայլորեն գործածել են թե՛ Կոցյուբինսկին եւ թե՛ Փարաջանովը: Չէ՞ որ Փարաջանովը կտրականապես հրաժարվել է ժապավենը ռուսերեն կրկնօրինակելուց, եւ շատ ճիշտ է արել, քանի որ ֆիլմը դրանից շատ բան կկորցներ: Գուցուլական հմայիչ բարբառն է հենց ֆիլմին մի առանձին երանգավորում ու բարեհնչություն տալիս: Դա է պատճառը, որ վաղուց էի մտադրվել թարգմանել գործը, սակայն երկյուղում էի: Ի վերջո ձեռք զարկեցի, չէ՞ որ մշտապես ինձ հետ է իմ հայրենի Գորիսի լեռնային բարբառը, որը ոչ պակաս գունեղ է ու թովիչ, ու որը հարազատ մոր պես միշտ ինձ զորավիգ էՙ գրական աշխատանքով զբաղվելիս, թե այլ հանգամանքներում:
Եվ երբ պատրաստվում էի թարգմանել «Ստվերները» , ձեռքս ընկավ Սերգեյ Փարաջանովիՙ քչերին հայտնի «Հավերժական շարժում» էսսեն: Կարելի է ասել, որ դա արվեստագետի կոչման ու դերի մասին նրա ստեղծագործական խոհերի բուն էությունն է, Միխայլո Կոցյուբինսկու վիպակի նրա ընթերցումն ու ռեժիսորական իմաստավորումը, Ուկրաինան, նրա մշակույթը, պատմությունը նրա կողմից ճանաչելուՙ ինչ-ինչ իմաստով ամփոփումը: Ի վերջո դա նաեւ ռեժիսորիՙ նկարահանման աշխատանքների հետ կապված հետաքրքրական դրվագների, գուցուլների հետ շփման, նրանց նիստուկացի, սովորությունների շատ հետաքրքրական նկարագրություն էՙ զուտ փարաջանովյան մեկնաբանությամբ: Այստեղից էլ ինքնըստինքյան միտք առաջացավ հրատարակել այնպիսի գիրք, որտեղ գրողն ու ռեժիսորը, որն էկրանավորել է նրա ստեղծագործությունը, հանդես գան մեկտեղՙ մի գրքում: Ես համոզված էի, որ երկու մեծերի նման հանդիպումը շատ տպավորիչ կլինի, մանավանդ, որ նրանք ոչ միայն համահեղինակներ են, այլեւ համախոհներ, նույն միս ու արյունից, ինչպես Ռեդյարդ Կիպլինգն է ասում:
- Պատմեցեք, խնդրեմ, թարգմանական ձեր աշխատանքի մասին, որտե՞ղ էր թարգմանության բարդությունը, եւ որքանո՞վ է ձեզ հաջողվել վերարտադրել Կոցյուբինսկու ոճը: Չէ՞ որ հայտնի է` որ Կոցյուբինսկին ուկրաինական գրական ոճի լավագույն վարպետն է:
- Այո, շատ ճիշտ եք նկատում, ոճի, լեզվի նրբագեղության տեսակետից ուկրաինական գրողներից ոչ ոք չի կարող հավասարվել նրան: Սակայն այդ գործը թարգմանելու բարդությունը ոչ միայն գրողի ոճը պահպանելու մեջ է: Դա, ինքնին հասկանալի է, ամեն թարգմանչի ուղղակի պարտականությունն է: Քիչ առաջ ես նշեցի, որ այդ երկի մի նշանակալի մասը գրված է ուկրաինական Կարպատներում բնակվող գուցուլների բարբառով, չնայած որ ինքըՙ գրողը, ողջ կյանքում ապրելիս է եղել Վիննիցա եւ Չեռնիգով քաղաքներում: Ինձ օգնության եկավ այն երջանիկ հանգամանքը, որ ես ծնվել ու մեծացել եմ աշխարհի ամենագեղեցիկ բնությունն ունեցող քաղաքումՙ Գորիսում, որի բարբառը ես սիրով օգտագործել եմ այստեղ:
Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, կասեմ, որ ամեն թարգմանիչ ունի աշխատանքի իր ոճը, այսպես ասածՙ իր ստեղծագործական խոհանոցը: Իմ կարծիքով գործը հաջողելու գրավականը թարգմանության նախապատրաստական աշխատանքն է, եւ թարգմանչի պատասխանատվության զգացումը նախ ստեղծագործության հեղինակի, ապա ընթերցողի առջեւ: Ես ջանում եմ զգալ թարգմանվող գործի ժամանակաշրջանը եւ ապրել նրանում: Շատ կարեւոր է լավ բառարանների ու հանրագիտարանների առկայությունը: Ես հատկապես սիրում եմ հոմանիշների ու դարձվածքների բառարաններ թերթել ու ամեն անգամ սքանչանում եմ, թե ինչ գեղեցիկ է, անհուն եւ ճկուն իմ մայրենի լեզունՙ հայերենը: Նաեւ, իմ համոզմամբ, թարգմանիչը ինչ-որ չափով արտիստ պետք է լինի: Եթե գործը վերամարմնավորել գիտես, ապա մի կասկածիր, որ ընթերցողը կստանա որակով գիրք, իսկ դուՙ նրա հավանությունը:
- Ի՞նչ կարող եք ասել գրքի գեղարվեստական ձեւավորման մասին:
- Իմ կարծիքով, գրքի կազմը ձեւավորելիս նկարիչ Գրիգոր Մարիկյանը բավականին հաջող օգտագործել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի վաթսունական թվականների կինոազդը: Այն ցայտուն է, գրավիչ: Գրքի կոնցեպցիան. գաղափարը հաղորդելու համար շահեկան է հայերենով եւ ուկրաիներենով արված գրքի վերնագիրը:
Ընդհանրապես գիրքը նախատեսված է լրջախոհ ընթերցողի համար, որը այդ նշանավոր ստեղծագործությունն ընթերցելու հաճույքը ստանալուց բացի, հնարավորություն կունենա այն ընկալել կիեւցի նկարիչ Գեորգի Յակուտովիչի ինքնատիպ նկարազարդումների միջոցով: Իմիջիայլոց, այդ նկարիչը նույնպես Փարաջանովի նկարահանող խմբում էր: Իսկ Փարաջանովի էսսեն նկարազարդված է ֆիլմիՙ արդեն դասական դարձած կադրերով, ինչպես նաեւ Մաեստրոյի լուսանկարներով: Դրանցից որոշները տպագրվում են առաջին անգամ: Այստեղ ես չեմ կարող երախտապարտությամբ չհիշել տիկին Մարթա Ձյուբային, հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանին, կինոարվեստաբան Վոլոդիմիր Վոյտենկոյին, կինոօպերատոր Յու. Հարմաշին, որոնք այնպես սիրալիր այս գրքի համար հազվագյուտ լուսանկարներ են տրամադրել, հուսով եմՙ հայ ընթերցողի համար տպավորիչ:
Բացի դրանից նա շատ բան կքաղի իր համար հայագետ Օլեքսանդր Բոժկոյի բովանդակալից նախաբանից, որը փորձում է համեմատել առաջին հայացքից խիստ տարբեր այդ անհատականություններին, որոնք ապրել ու արարել են տարբեր ժամանակաշրջաններում, սակայն ի հեճուկս ամեն տեսակի հալածանքների եւ ձախորդությունների, մինչեւ վերջ հավատարիմ են մնացել արվեստագետի իրենց կոչմանը: Որքան ինձ հայտնի է, հոդվածը կարդացել եւ բարձր է գնահատել ուկրաինացի հանրահայտ գրականագետ ու փիլիսոփա, ակադեմիկոս Իվան Ձյուբան, որը բարեկամական կապերի մեջ է եղել Սերգեյ Փարաջանովի հետ եւ նրա պես իր վրա զգացել է խորհրդային բռնատիրական ռեժիմի ողջ դաժանությունը:
- Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ թարգմանությունը:
- Այնպես է ստացվել, որ ես հիմնականում ժամանակակից ուկրաինական գրականություն էի թարգմանում, օրինակՙ իմ ամենասիրած արձակագրինՙ Գրիգոր Տյուտյուննիկին, որի ստեղծագործությամբ տարված, ճիշտն ասած, ինձ նվիրել եմ գեղարվեստական թարգմանությանը: Խորհրդային տարիներին, երբ նրան Ուկրաինայում չէին տպագրում, ես նրա գրչի տակից դուրս եկած ամեն ստեղծագործություն թարգմանում եւ տպագրում էի Հայաստանում, որտեղ երանելի ազատություն էր, ասես արտասահման լիներ: Դա բարոյական, նաեւ ինչ-որ նյութական նեցուկ էր այդ անչափ տաղանդավոր, հալածյալ գրողի համար: Ընթերցողը ջերմությամբ է ընդունել Վ. Զեմլյակի «Կարապների երամը», Պ. Զահրեբելնու «Եվփրաքսիա» վեպերը: Խորհրդային Միության անկումից հետո թարգմանչի գործը դժվարացել է, հաճախ հարկադրված ես լինում ինքնուրույն լուծել հրատարակության հետ կապված նյութական եւ այլ հարցեր: Լեհական դեսպանությունըՙ ի դեմս պարոն Տոմաշ Կնոտեի, որին մինչեւ օրս Երեւանում մեծ հարգանքով են հիշում, օգնեց ինձ լույս ընծայելու «Լեհական ժողովրդական հեքիաթները»:
Հետաքրքրական է, որ այդ գիրքը ես վաղուց էի պատրաստել «Արեւիկ» հրատարակչության համար եւ նկարազարդողըՙ Վահան Թոփչյանը, միակ ձեռագիրը վերցրել, հետը տարել էր Լենինական, աշխատելու, մեծ երկրաշարժի նախօրեին: Միայն շատ տարիներ անց, հատուկ գնացի Լենինական, գտա Վահանին ողջ ու առողջ, այն էլ միանգամայն անվնաս մնացած իր տանըՙ Գյումրիի հենց կենտրոնում: Հուրախություն ինձ, «Լեհական հեքիաթներն» էլ անվնաս էին, դեռ ավելին, արդեն պատրաստ էին նկարչի հոյակապ նկարազարդումները: Եվ գիրքը վերջապես հրատարակվեց:
Այնուհետեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության օգնությամբ լույս ընծայվեց «Ուկրաինական ժողովրդական» հեքիաթների շքեղ ժողովածունՙ ամբողջ 3000 տպաքանակով, որ մեր ժամանակների համար արտառոց բան է: Անկախության տարիներին «Գարուն» ամսագրի համար ուկրաինացի մի շարք երիտասարդ գրողների պատմվածքների փունջ եմ պատրաստել, որի համար ամսագրի հատուկ մրցանակին եմ արժանացել:
«Մոռացված նախնիների ստվերները» վիպակի վրա աշխատանքով ես, ըստ էության, առաջին անգամ եմ դիմել ուկրաինական դասական գրականությանը: Բացի մեծ գրողի խոսքը վայելելու հաճույքից, նաեւ հնարավորություն ստացա ավելի լավ ճանաչել ուկրաինացի ժողովրդին, նրա բարդ ու հակասական պատմությունն ըմբռնել:
Դա մի կում զուլալ ջուր է, թարմ օդի շիթՙ համատարած էրզացի ու նենգափոխության մեր ժամանակում: Այդ պատճառով որոշել եմ շարունակել ուկրաինական դասական գրականություն թարգմանել: Այժմ աշխատում եմ Իվան Նեչույ-Լեվիցկու «Կայդաշի ընտանիքը» վիպակի վրա: Գուցե թե արտասովոր թվա, եթե ասեմ որ երբեք չթառամող, գունագեղ ուկրաինական կերպարներով հագեցած այդ ստեղծագործությունում, որ գրվել է հեռավոր XIX դարում, ընթերցողը կկարողանա գտնել այն տանջող հարցի պատասխանը, թե ինչու դարավոր պայքարներից հետո ձեռք բերած անկախության պայմաններում, հսկայական տնտեսական ու մարդկային ներուժ ունեցող այդ երկիրըՙ աշխարհի լավագույն սեւահողերի տերը, ոչ մի կերպ չի կարողանում մեջքն ուղղել եւ լուծել իր պրոբլեմները:
Դասական, անշուշտ եւ հայկական դասական գրականություն կարդալով են դաստիարակվել շատ սերունդներ: Ուստի կարեւոր է, որ մենքՙ գեղարվեստական գրականության թարգմանիչներս, աշխատենք պահպանել սերունդների կապը: Թե՛ Հայաստանում, եւ թե՛ Ուկրաինայում: