Վերջերս կատարված մի նոր ուսումնասիրություն ապացուցել է, որ երեք տարի շարունակ օրական քիչ քանակությամբ ասպիրին օգտագործելով կարելի է կրճատել քաղցկեղով հիվանդանալու վտանգը մոտ մեկ քառորդով:
Օրական քիչ քանակությամբ ասպիրինը կարող է կանխել քաղցկեղը եւ կանգնեցնել դրա տարածումը, վերջերս հայտարարել են բրիտանական երեք առաջատար բժշկական ամսագրերը: Ասվում է, որ ասպիրինը հնարավոր է նաեւ օգտագործել հիվանդության բուժման համար:
Օքսֆորդի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Փիթեր Ռոֆուելլը եւ Ջոն Ռեդքլիֆ հիվանդանոցի գիտնականները, ինչպես նաեւ Լանցետ (Lancet) եւ Լանցետ-Ուռուցքաբանություն (Lancet Oncology) բժշկական հայտնի ամսագրերում տպագրվող հեղինակները նախկինում արդեն փաստել էին, որ տասը եւ ավելի տարիներ շարունակ ասպիրինի օրական օգտագործումը կրճատում է աղիքային եւ քաղցկեղի մյուս տարածված տեսակներով հիվանդանալու վտանգը: Սակայն որոշ փորձագետներ իրենց մտահոգությունն էին հայտնել, որ ասպիրինի երկարաժամկետ օգտագործումը կարող է խնդիրներ առաջացնել, ներառյալ ստամոքսի արյունահոսությունը:
Վերջերս կատարված նոր ուսումնասիրությունները հաստատում են այն տեսակետը, որ ասպիրինը կարող է զենք դառնալ քաղցկեղի դեմ: Ըստ այդ ուսումնասիրությունների` երեք տարի շարունակ օրական քիչ քանակությամբ ասպիրինի օգտագործումը կարող է քաղցկեղով հիվանդանալու վտանգը կրճատել մոտ մեկ քառորդով` 23%-ով տղամարդկանց եւ 25%-ով կանանց մեջ: Քաղցկեղից մահանալու վտանգը կրճատվում է 15%-ով, իսկ 37%-ով այն մարդկանց մեջ, ովքեր ասպիրին են օգտագործում ավելի քան հինգ տարի:
Տվյալները վերցված են 51 փորձերից, որոնց ժամանակ ցածր դոզայի ասպիրին է տրվել սրտի կաթվածի կամ ինսուլտի վտանգ ունեցողներին: Հայտնի է, որ ասպիրինը թուլացնում է արյունը եւ կրճատում թրոմբի առաջացումը:
Ուսումնասիրություններից մեկով պարզվել է, որ ասպիրինը կանխարգելում է քաղցկեղի տարածումը կամ հիվանդի կյանքի համար լուրջ սպառնալիք մետաստազների տարածումը այլ օրգաններ:
Մետաստազների տարածումը դանդաղեցնելու ասպիրինի հատկությունը գիտնականները կապում են արյան տրոմբոցիդների վրա դրա ազդեցությամբ, որոնք էլ պատասխանատու են արյան մակարդելիության համար: Դեռեւս 40 տարի առաջ գիտնականները, ուսումնասիրելով մկներին, ապացուցել են, որ տրոմբոցիդները մեծ դեր ունեն քաղցկեղի տարածման գործում:
Ըստ Ռոֆուելլի, ասպիրինի դերը քաղցկեղի տարածման կանխարգելման մեջ յուրահատուկ է, այն կարող է նաեւ օգտակար լինել հիվանդության բուժման համար: «Նախքան այս, գիտնականները չէին հայտնաբերել որեւէ այլ դեղահաբ, որ կարողանար կրճատել մետաստազների տարածումը-, ասում է նա,- սա հիվանդության բուժման մի բոլորովին նոր ժամանակաշրջանի սկիզբ է դնում»:
Այսօր շատ մարդիկ են օրական 75 մգ ասպիրին օգտագործում` խուսափելու սրտի կաթվածից եւ ինսուլտից: Սակայն այն դեղամիջոցը, որը կանխարգելում է արյան թրոմբների առաջացումը, կարող է ներքին արյունահոսության պատճառ դառնալ ստամոքսում, աղիներում եւ ուղեղում:
Ռոֆուելլը կարծում է. «Ժամանակն է ասպիրինի օգտագործման ռիսկերի եւ օգուտների վերլուծություններում ներառել նաեւ քաղցկեղի կանխարգելումը, քանի որ մինչեւ հիմա բոլոր ուղեցույցները հիմնված են եղել ինսուլտների եւ սրտի կաթվածների կանխարգելման վրա»:
«Այս ուսումնասիրությունը իսկապես ցույց է տալիս, որ ասպիրինի օգուտը քաղցկեղի կանխարգելման գործում մեծ է, կարելի է ասելՙ նույնիսկ ավելի մեծ է, քան դրա օգուտը սրտի կաթվածների եւ ինսուլտների կանխարգելման մեջ»:
guardian.co.uk, Թարգմ. ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ