«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ՄԱՅՐ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐ

Նաեւ փոքրիկ հույսով, որ մի օր մյուս քաղաքների մասին էլ կմտածեն

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Ամեն անգամ, երբ Երեւանի քաղաքային տրանսպորտը համալրվում է նոր ավտոբուսներով, դրանց նոր խմբաքանակով, մայրաքաղաքի բնակիչ չլինելով էլ ուրախանում ես: Մեր մայրաքաղաքն է, ուրեմն նրա ամեն լավը նաեւ մեր սիրո ու հպարտության առարկան է: Ավտոբուսների պարագայում ուրախանում ես մեկ նրա համար, որ միկրոավտոբուսների տիրապետության ստեղծած քաոսն ու անհարմարությունները նվազեցնելու մի քայլ արվեց, երկրորդ` որ մենք էլ մեկ-մեկ առիթ կունենանք գործով Երեւան եկած ժամանակ օգտվելու դրանցից ու մի քիչ էլ մեզ մարդ զգալու: Եվ երրորդ, մի պահ արթնացած թո՜ւյլ հույսով մտածում ես, թե միգուցե մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրը քիչ թե շատ լուծելուց հետո մեր ղեկավարներն այդ փորձի հիման վրա ու ինչ-որ չափով դրա օրինակով` մտածեն հանրապետության նաեւ մյուս համեմատաբար մեծ քաղաքների համանման, չափերի առումով` շատ ավելի հեշտ լուծելի խնդրի մասին:

Մոտավորապես մի երկու-երեք տարի առաջ մի անգամ Գյումրու Անկախության հրապարակի մոտով անցնելիս անակնկալ համակած զարմանք ապրեցի մի անսովոր ու դրանով տարօրինակ տեսարանից, որը առաջին պահ չհասկացա` այս քաղաքի տրանսպորտային տխուր համապատկերին նետված հրա՞շք էր, տեսողական խաբկա՞նք էր, թե՞ արթմնի երազ...

Հրապարակում դեղին, նոր «Բոգդան» ավտոբուսների ասես շքերթ էր, ոչ մեկ տասնյակ նոր ավտոբուսներ իրար հետեւից, շարասյունով սրընթաց մտնում ու շրջադարձ գործելով արագ անցնում, ճանապարհը շարունակում էին դեպի Տիգրան Մեծի պողոտա: Ուղղակի անհավանական էր... Հետո սթափվելով, հիշեցի ու հասկացա, որ ինչ-որ ճանապարհով եկել եւ Գյումրու միջով սլանում են դեպի Երեւանի ճանապարհը... Ամեն նման առիթով սա հիշում ու, մի հասարակ նոր ավտոբուսն ի՞նչ է, քաղաքիս համար սկսում եմ երազել:

Այստեղ Գյումրու քաղաքային տրանսպորտի նկարագիրը ներկայացնելու նպատակ չունեմ, դա առանձին խոսակցության նյութ է: Փոխարենը այս անգամ ուզում եմ մի առաջարկություն անել: Մայրաքաղաքում շաբաթ օրը չինական նոր ավտոբուսների առաջին ուղեւորը, կարծեմ, հանրապետության նախագահն է եղել: Թող խորհրդարանական առաջիկա ընտրարշավի ընթացքում Գյումրու ընտրողների հետ հանդիպման եկող (մյուս քաղաքների իրավիճակը չգիտեմ) ամեն պատգամավորության թեկնածու ու կուսակցության մի ղեկավար ներկայացուցիչ նախքան հանդիպումը փորձի այստեղ, նաեւ, ներքաղաքային մի երթուղու հասարակական տրանսպորտով ճանապարհ անցնել, տեսնել: Եվ հատկապես` ավտոբուսով... եթե պատահեցնի: Եվ մի կերպ դիմանա` եթե այդ ավտոբուս կոչվածն էլ իր տեսքով ու վիճակով այսօր լոկ պայմանականորեն կարելի լինի համարել քաղաքային տրանսպորտի միջոց:

Որ վաղը էլի պատգամավոր ու կառավարություն լինեն` իմանան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4