«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ «ՎԻԹԽԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ»` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած քսան տարիներին համանախագահող երկրների եւ անձամբ այդ երկրների նախագահների ձեռնարկած հետեւողական ջանքերի համար:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, երեկ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներինՙ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ:

Թեեւ Մինսկի գործընթացի գլխավոր նպատակը` հիմնախնդրի կարգավորումը, դեռեւս մնում է չիրագործված, Սերժ Սարգսյանը նշել է, որ, այդուհանդերձ, անհնարին է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որ անցած քսան տարիներին իրականացվել է Մինսկի խմբի համանախագահության կողմից` «կողմերի դիրքորոշումների մոտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարվածության լիցքաթափման եւ խաղաղության պահպանման համար»:

Ա. Հ.

Հ.Գ. Ադրբեջանում առայժմ նախընտրում են լռությունը, թեեւ ոչ երկրի նախագահը, ոչ էլ արտգործնախարարը երբեւէ հրապարակայնորեն դժգոհություն չեն արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առնչությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4