«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ԱՌԵՂԾՎԱԾԸ» ԵՎ ԱՌԵՂԾՎԱԾԻ «ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Այսպես կոչված «Կովկասյան Աղվանքի» շուրջը պատմաբանասիրական բանավեճն առնվազը կեսդարյա պատմություն ունի: Ըստ էության, դա գիտական խնդիր չէ, այլ արհեստականորեն սադրվել է Ադրբեջանում, որտեղ նպատակադրված էին անցյալ դարասկզբին Արեւելյան Անդրկովկասում թուրք-բոլշեւիկյան վերաձեւումները «հիմնավորել պատմական ժառանգորդությամբ»: Այն է` «ապացուցել», որ Լեռնային Ղարաբաղը «հայ միջավայրի հետ երբեւէ կապ չի ունեցել»:

Հայ պատմագիտությունը հիմնավորապես հերքել եւ հերքում է այդ հակագիտական մոտեցումը: Խնդրին անդրադարձել են նաեւ խորհրդային, ռուս եւ եվրոպական արեւելագետներ: Վերջին շրջանում ուշագրավ ուսումնասիրություններ են անում նաեւ իրանցի մասնագետները: Հարցի մասնագիտական արծարծումը դուրս է մեր իրավասության եւ հետաքրքրությունների շրջանակից եւ թեմային անդրադառնում ենք զուտ քաղաքական դիտանկյունից:

Ադրբեջանցի ուսումնասիրող Ֆարիդա Մամեդովան մի ծավալուն հարցազրույց է տվել, որի առանցքային «գաղափարը» այն է, որ «Կովկասում հայերը պատմական հայրենիք չունեն, քանի որ նրանք այստեղ աբորիգեն չեն»: Մամեդովան Հայաստանը «տեղորոշում է» ինչ-որ վիրտուալ տարածքում` «Եփրատ գետի վերին ավազանում, որտեղ Գրիգոր Լուսավորիչը մկրտել է հայերին»: Այս «տրամաբանությամբ» առաջնորդվելու դեպքում սլավոնական ազգերի հայրենիք «պիտի համարել Կիեւի Կրեշչատիկը», իսկ իսլամադավան բոլոր ժողովուրդներին «հարկ կլինի հավաքել Մեքքայի շուրջ»:

Բայց Մամեդովայի անտրամաբանականությունը միայն այսքանով չի սահմանափակվում: Նա «Կովկասյան Աղվանքի քաղաքական սահմանները» տարածում է մինչեւ Արեւելյան Անատոլիա, իսկ հյուսիսում` ներառում Դաղստանը: Ինչպես տեսնում ենք, «ախորժակն ուտելիս է բացվում». եթե նրա ուսուցիչ Զիա Բունիաթովը «բավարարվում էր» Լեռնային Ղարաբաղով եւ Նախիջեւանով եւ «մեծահոգաբար» ՀԽՍՀ տարածքին «ձեռք չէր տալիս», ապա Ֆարիդա խանումն ստանձնել է Իլհամ Ալիեւի աշխարհաքաղաքական հավակնությունների սպասարկուի դերը:

Ինչի՞ հանգեցրեց «Լեռնային Ղարաբաղը հայ միջավայրի հետ պատմամշակութային կապ չունի» նպատակադրվածությունը` ակնհայտ է: Ղարաբաղյան շարժումն այդ «հիմնավորման» հակադարձումն էր: Ինչի՞ կարող է բերել «Կովկասում հայերը պատմական հայրենիք չունեն»` Ադրբեջանի իշխանություններից հրահանգված «տեսաբանումը», սա խնդիր է ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի, որքան` միջազգային հանրության համար, որը փորձում է հաշտություն եւ խաղաղ համակեցություն ստեղծել իր իսկ կողմից Հարավային Կովկաս անվանված տարածաշրջանում:

Հնարավո՞ր է կարգավորում հուսալ, երբ կողմերից մեկը` Ադրբեջանը, պաշտոնական մակարդակով հրահանգավորում է պատմաբաններին` «հիմնավորելու, որ Կովկասում հայերը հայրենիք չունեն», այսինքն բացառում է տարածաշրջանում քաղաքական ինքնություն ունենալու հայ ժողովրդի իրավունքը: Իհարկե` ոչ: Ավելին, երբ նման «հիմնավորումներն» ու իշխանությունների ռազմաքաղաքական ձեռնարկումները սինխրոնացվում են, ապա ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը ոչ թե փոխըմբռնման եւ խաղաղության, այլ նոր առճակատման է նախապատրաստվում:

Ո՞րն է իրականության «առեղծվածը»: Այն, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն աջակցում են, որ Ադրբեջանն օրըստօրե ավելի հավակնոտություն դրսեւորի, ինչն իր հերթին բացահայտում է «առեղծվածի» իրականությունը. խնդիրը շարունակում է մնալ ռազմաքաղաքական մրցակցության հարթությունում: Մեզ համար սա բոլորովին էլ նորություն չէ: Արտառոցը եվրոպացի զանազան տրամաչափի փորձագետների եւ վերլուծաբանների կեցվածքն է, երբ, փաստորեն ակնարկելով, որ «Ադրբեջանն ավելի ուժեղ է», տեսք են ընդունում, թե «ոչինչ չեն ասում»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4