«Կյանքի խոսք» աղանդի հայաստանյան մասնաճյուղը` Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ, «Իրավունք» թերթի դեմ հայցով դիմել էր դատարան` «Հետաքննության» թիվ 39-ում հրապարակված կոլաժի կապակցությամբ:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին նշանակված նախնական դատական նիստը հայցվոր կողմի չներկայանալու պատճառով ու պատասխանողի փաստաբանի միջնորդությամբ հետաձգվել էր եւ նշանակվել էր օրեր առաջ:
Ըստ հայցվորիՙ թերթում տպագրված նյութում ոտնահարվել է իրենց պատիվը, արատավորվել բարի համբավը, եւ հոդվածում տեղ գտած «աղանդ» բառն իրենց համար վիրավորական է: Նրանք վրդովվել են նաեւ, որ կոլաժում ներկայացված է այնպես, որ պոռնոսկանդալի հերոսուհուՙ Անժելա Սարգսյանը «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչ է, իսկ վերոնշված աղանդի պարագլուխ Արթուր Սիմոնյանին պատկերել էին կաթոլիկ վանականի հանդերձով: Հայցվոր կողմը պահանջում է հերքել «կրոնական ատելություն հրահրող» տեղեկությունները եւ ներողություն խնդրել:
Հայցվոր կողմը դրամական պահանջ չի ներկայացրել, սակայն հնարավոր է, որ առաջիկայում այդպիսի պահանջ ներկայացվի: Առայժմ դրամական պահանջը սահմանափակվում է դատական ծախսերի հատուցմամբ:
Ըստ հայցվորիՙ «աղանդ» բառը իրենց համար վիրվորական է: Իսկ ի՞նչ է «Կյանքի խոսք»-ը:
Ընդգծենք, ՀՀ սահմանադրության հոդված 8.1-ի առաջին պարբերությունը. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: Իսկ «աղանդ» բառը «Արդի հայերենի բացատրական բառարանում» տրված է որպեսՙ 1. տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք, 2. տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն:
Դատական գործընթացը գտնվում է առաջին փուլում: Սպասենք զարգացումների:
Մյուս դատական նիստը տեղի կունենա ապրիլի 13-ին:
Մինչ այդ ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ մամուլի մասին օրենքում կոլաժների ու երգիծանկարների մասին որեւէ վերաբերմունք արտահայտված չէ: Այս պարագայումՙ բարեբախտաբար...
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ