«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԿԱՐԵՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՆԱԵՎ ՍՈՎՈՐԵՆՔ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՑ

Գյումրիում ֆրանկոֆոնիայի շաբաթն ավարտվեց

Անցած շաբաթ օրը Գյումրի էին ժամանել Հայաստանում հավատարմագրված ֆրանսախոս երկրների դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնակցելու այստեղ անցկացված ֆրանսախոսության շաբաթի փակման միջոցառումներին: Այդ առթիվ նրանց ընդունել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Օրվա ընթացքում Գյումրու կենտրոնական զբոսայգում կազմակերպվել է ֆրանսախոս երկրների մշակույթներն ու ավանդույթները ներկայացնող ցուցահանդես, բեմադրություններով ու պարերով հանդես են եկել քաղաքի երկու ավագ դպրոցների, «ԿԱԶԱ» շվեյցարական բարեգործական հիմնադրամի, «Ժան եւ Ալբեր Պողոսյաններ» արվեստի կենտրոնի սաները:

Գյումրին երկրորդ տարին է ընդգրկվում ֆրանսախոսության հայաստանյան միջոցառումներում: Ադ շրջանակներում մարտի 19-ից 24-ն ընկած օրերի ընթացքում Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կազմակերպվել է կոնֆերանս, ֆրանսերեն ներկայացումներ են բեմադրվել «Ընտանիք», «Տիրամայր Հայաստան կուսաստան» կենտրոններում, կինոդիտումներ` «Հոկտեմբեր» կինոթատրոնում եւ համերգ` շվեյցարական «Ալիոզ» խմբի կատարմամբ: Ու չնայած ֆրանսախոսության շաբաթը պաշտոնապես փակվել է, տարբեր միջոցառումները դեռ կշարունակվեն:

Ֆրանկոֆոնիայի միջոցառումները նպատակ ունեն զարկ տալ աշխարհում ֆրանսիական լեզվի, մշակույթի եւ ավանդույթների տարածմանը: Թերեւս մենք կարող ենք սովորել բարեկամ ֆրանսիացիներից` հազարամյակներից եկող մեր մայր լեզվի եւ ազգային դպրության նկատմամբ պատշաճ վերաբերմունքը հենց Հայաստանի ներսում վերականգնելու համար...

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4