Ֆրիմոնթում (ԱՄՆ) լույս է տեսել ամերիկահայ բանաստեղծ Զարեհ Մելքոնյանի «Մորմոքըՙ տարբաղադրուող երազներուն» ժողովածուն («Yerevan» հրատ.), Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի հովանավորությամբՙ մատենաշարի թվով 13 հրատարակությունը, Վաչե Սեմերճյանի խմբագրությամբ, ձեւավորումըՙ Մինաս եւ Նազելի Գոճայանների: «Զարեհ Մելքոնեան. Զարտուղի բանաստեղծը հայ գրականութեան» խորագրով Երվանդ Ազատյանի առաջաբանում գրականագետը մասնավորից ընդհանրացնողի իրեն բնորոշ ձեռագրով ներկայացնում է Զարեհ Մելքոնյանի մտավորական գործունեությունը եւ բանաստեղծական դիմանկար ստեղծումՙ ստեղծագործական զարգացումների առանձին շրջաններով, ըստ բանաստեղծական ժողովածուների եւ դրանց յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկությունների ու փոփոխությունների: Ինչպես Ե. Ազատյանն է նկատում, սփյուռքյան պայմաններում քչերն են կարողանում մնալ գրական պատնեշի վրա: Զարեհ Մելքոնյանը սփյուռքահայ գրականության նահապետն է: Այս տարի նա հատում է 90-ի սահմանը, 70 տարի գրական-մտավորական պատնեշի վրա էՙ այդ աշխարհ մուտք գործած 1943 թվականից, «Ես եւ մարդիկ» անդրանիկ ժողովածուով: Իր գործունեությունը սփյուռքահայ կյանքի ամենակարեւոր ասպարեզիՙ կրթության մեջ նույնպես բարեբեր պտուղներ է տվելՙ ազգապահպանման ջահակիրների թվում նրան դասելով:
Ծնվել է Սիրիայում, 1922-ին, ավարտել Հայկազյան ազգային նախակրթարանը, սովորել Մխիթարյան վարժարանում, ապա Մելգոնյան կրթական հաստատության մանկավարժական բաժնում: Տեղափոխվելով Բեյրութՙ սովորում է տեղի Ամերիկյան համալսարանում: Որպես մանկավարժ աշխատել է ՀԲԸՄիության Հովակիմյան-Մանուկյան եւ Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարաններում, տարբեր տարիների համապատասխանաբար նաեւ փոխտնօրենի եւ տնօրենի պաշտոններ է վարել: 1968-ին տեղափոխվել է Մ. Նահանգներ, շարունակել մանկավարժական, ազգային, գրական գործունեությունը. վարիչ-տնօրենն էր ՀԲԸՄ Ամերիկայի Միջին-արեւմտյան շրջանի, վարիչ քարտուղարն էր Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի, գործադիր տնօրենն էր Միության Հյուսիսային Ամերիկայի դպրոցների ծրագրի, հայերեն է դասավանդել Միչիգանի համալսարանում: Բեյրութում նա խմբագրել է նաեւ «Շիրակ» գրական հանդեսը:
Զարեհ Մելքոնյանը ստեղծագործում է գրական ամենատարբեր ժանրերումՙ բանաստեղծություն, թատերգություն, գրադատություն, հուշագրություն, հրապարագրություն, միաժամանակ նա 4 անուն դասագրքերի հեղինակ է, այդ թվումՙ «Քերականութիւն արդի հայերենի» եռահատորյակի: Վերջին տարիներին աշխատում է սփյուռքահայ կյանքը ներկայացնող բազմահատոր վիպաշարի վրա:
«Մորմոքըՙ տարբաղադրուող երազներուն» գիրքը բանաստեղծությունների 12-րդ ժողովածուն է, որին նախորդած «Ես եւ մարդիկ», «Երջանկութիւն», «Ափերը մինչեւ անկարելիին», «Լեռներ վիհերու մէջ», «Ծնծղաները ոչինչին», «Կեանքով ու մասամբ նորին», «Բաւիղէ բաւիղ», «Հոն դէպի», «Առանձնութեան ժխորին մէջ» հատորներից ընտրված մի քանի բանաստեղծություններ ընդգրկված են այս վերջին ժողովածուի «Յաւելուած» բաժնի մեջ, որով նրա նախընթաց ստեղծագործությունների մասին որոշ ծանոթություն եւ պատկերացում է ստեղծվում, եւս մի քանի բանաստեղծությունՙ անգլերենով:
«Մելքոնեյանի բանաստեղծութիւնը չէ ապաւինած իրիկնամուտի, շողի, ու կանաչի, այլապէս ալ բանաստեղծական ու հեշտ միջոցներուն: Անոր քերթողութիւնը վերացական է այն իմաստով, որ վերացարկել գիտէ գեղեցկութիւնը կեանքի իրականութիւններէնՙ առանց զայն անընկալելի ընծայելու, ինքնանպատակ դարձնելու:
Ան նոյնպէս չէ կռթնած դարերով քերթողութեան արհեստին մէջ յոգնած ու պատկերներ չկարենալ ստեղծելու վրիպանքին դիակը շալկած եւ մեր քերթողութեան անտէր անդաստաններուն մէջ թափառող բառերուն: Ան ունի իր բառամթերքըՙ պահին, զգացումին, քերթուածին ու գաղափարին յատուկ ստորոգելիներով, զորս բառարանէն ապահովել կարելի չէ երբեք, ոչ ալՙ կրկնել զանոնք այլուր:
Մելքոնեան նոյնպէս խախտած է բանաստեղծութեան դասական չափերը, կշռոյթի ընկալեալ եւ ծոյլ օրէնքները, իր գրիչէն ցայտող ներշնչումը քանդելու եւ թանձրացնելու համար կաղապարի մը մէջ, որ Ի՛ՐՆ է անշփոթելի կերպով:
Ինչ որ յատկանշական է մանաւանդ, բանաստեղծին այս գիրքով իրագործուած նուաճումին համարՙ նորարարութեան ոգին է, իր յաւիտենական իմաստով: Ոչ այն նորարարութիւնը, որ անպայման ընկալեալին չափանիշները խորտակելուն մէջ երջանիկ յաջողութեան մը ինքնագոհ ակնկալութիւնը ունի. այլ նորարարութիւն մը, որ նախՙ հաղորդ է այսօրուան աշխարհի հեւքին ու թափին եւ արուեստի բնագաւառէն ներս անոնց գտած արտացոլման», գրադատի անաչառ հայացքով Զարեհ Մելքոնյանի բանաստեղծական խորքերն է թափանցում Երվանդ Ազատյանը:
... Ասես հսկող մի աչք դիտակետի բարձունքից զարմանալի ամբողջականությամբ ընդգրկում է իր ժամանակըՙ ակամայից դառնալով տխուր արձագանքողը մարդու բարոյական անկումի: Ազատության հռչակագրիՙ մարդու կողմից տարընթերցումը նրան կանգնեցրել է սահմանային եզրագծերին. բանաստեղծը միտումով խտացնում է գույները: Ստեղծագործության քննական ոգին պրպտում ու բացում է բազմաթիվ մութ ծալքերՙ չնայած թվում է նաեւ գոց տեղ չկա այլեւս, ազատությունը անպարկեշտության աստիճանի մերկացրել է ամեն հնարավորը մարդկային կյանքի. քաղաքական աշխարհը վաղուց առքուվաճառք ու շահ է, դիմակահանդեսը վաղուց ավարտված է, մարդու եսամոլությունը քանդել է հին ու բարի ավանդույթների վերջին մնացորդները, փլվել են կամուրջները, XX դարի հեղափոխություններըՙ մշակութային, մարմնային ու սոցիալական, հիմնավոր ու ասես վերջնականորեն աղավաղել են աշխարհի պատկերը: Զարեհ Մելքոնյանի բանաստեղծական ռեալիզմի սպանիչ հեգնանքը նկարագրականության հարթությունից այն տեղափոխում է խոհա-զգացական ոլորտՙ տեսողական վիճակները վերածվելով հոգեբանական դրամայի: Բանաստեղծը վերապրում է ժամանակն ու բարքերը. ափսոսանքը, ցավը ակնհայտորեն հոսում են տողատակերիցՙ հեգնանքն ու դեղին հումորըՙ նույնպես:
Գեղագիտություն կամ նուրբ քնարականություն փնտրողի հայացքը կարկամելու է այս տողերի վրայով անցնելիս, դասական զգացականության նրանց ճաշակը մի պահ վարանելու է կամ վիրավորվելու, թե ինչու է բանաստեղծը սիրային լիրիկան փոխարինել սեռային նատուրալ նկարագրություններով, կամ ինչպես կարոտի ծանոթ զգացումը բառայինի այլ չափանիշների մեջ այլ խորություններ է ստացել, եւ ամենակարեւորըՙ խորհրդավոր խորհուրդների կամ իլյուզիաների համար այս բանաստեղծության մեջ տեղ չկա: Սա այսօրվա ժամանակն էՙ որքան բարդ ու խճճված, նույնքան պարզեցված ու կոպիտ. «կասկածելի դարաշրջանի մասին» մտածումները բառաձեւերի չափից ավելի նատուրալ պատկերներ են ստեղծում, բանաստեղծը կյանքի ամեն շերտ, յուրաքանչյուր երեւույթ, ամեն նյութ իր գրչին է ենթարկումՙ ազգություն ու լեզու, կրոն ու բարոյականություն, հիվանդություն, ցավ, մորմոք ու ծերություն, սեռամոլություն, միասեռություն ու թմրամոլություն, մշակույթների բախումներ ու պատերազմներ, հոգեւոր ու մարմնային այլակերպումներ: Աշխարհի հեւքը, մարդու խելահեղ վազքի ահագնացող դրաման, որի բանաստեղծական արտահայտությունը խտացված է «Անաւարտ երազ մը շատ վտանգավոր» ապոկալիպսիկ պատկերաշարում, նախընթացի խտացումն է, որտեղ ֆիլմի կադրեր հիշեցնող դրվագներով ներկայացվում է կործանվող աշխարհի ողբերգության սկիզբըՙ մարդու հուսահատ խուճապը:
Եւ ամէն կողմ Խուճա՛պ կար
Ու Ժխո՛ր անսպառ...
Ու ես, տիրող այդ ԽՈւՃԱՊԻՆ մէջ ու ԺԽՈ՛Րին,
Ու ծուխի՜նՙ
Զարմանազան ինքնաշարժներու...
Եւ ամէ՛ն ուղղութեամբ փչող ապականա՛ծ տա՛ք հովերու,
Եւ ամէն կողմէ հնչող ահագնագոռ որոտումներու,
Ու կրկնուող Երկրաշարժային ցնցումներու...
Զարեհ Մելքոնյանի բանաստեղծության ազգային երակը տրոփում է մշտական անհանգստությամբՙ ազգային երկատված ճակատագրի դառնության բաժակը նա խմում է ցմրուր: Տարամթնոլորտ կյանքի ապրվող ամեն զգացում, ամեն ծնված նոր միտք հայության անցյալով ու ներկայով է իմաստավորվում: Նաՙ որ ապրում է ժամանակի օտարության հոգեկան տիրույթում, կարծես դիտորդ է մեկուսի կանգնած, անմասնակիցը աղմուկի չարաղետ այդ «փիլիսոփայության»: Սակայն ահա մայրենին, որ ոչ թե մասն է իր, այլ ամբողջական էությունը, մերթ իբրեւ տեսիլք է, մերթ մերձ-իրական հայտնվող հայրենիք հոգեւոր, նրա անցյալի, ներկայի եւ շարունակության միակ պատվարը, եւ որիՙ մեսրոպյան գրաբարյանի ներբողողն է դառնում այս վերջին ժողովածուի վերջին բանաստեղծությամբՙ թղթի ճերմակին թողնելով այս տողերը.
Ինք ուրկէ՞ գտաւ յանկարծ այդ մշակեա՛լ
Ու բա՛րդ, ու շքե՛ղ Հայերէ՛ն Լեզո՛ւն «ԳՐԱԲԱ՛Ր»...
Մաշտոցը, արդեօք այդ Լեզո՛ւն էր գտա՞ծ
Աւերակներո՛ւն մէջ Հա՛յ Քրմական տաճարի՞ մը դարաւոր...
ԼԵԶՈ՛Ւ, որ կը պատկանէր ՈՒՐԻ՞Շ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ-Ի Մը, որ
Անհետացա՛ծ էր Հայաստանէնՙ
Յանկա՛րծօրէն
Պատճառո՛վ մը խորհրդաւո՛ր...:
Մաշտո՛ցն ու իր գործակիցները չէի՛ն կրնար
Իրե՛նք, տեղւոյն վրայՙ Գրաբարին նման «անցեա՛լ»
Ունեցող» հարո՛ւստ լեզո՛ւ մը «հնարա՜ծ» ըլլալ...
ԼԵԶՈ՛Ւ, որ ի՛ վիճակի ըլլար
Սուրբ Գիրքի թարգմանութիւնը առաջի՛ն, վերածելո՜ւ իսկոյնՙ
«Թագուհիի՛ն Թարգմանութիւններուն»...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ