Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ազգի» ընթերցողներին, մեկնարկել է «Ուկրաինայի մշակույթի օրերը» Հայաստանում: Ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարչական ցուցահանդես, որում ներկայացված էր Ուկրաինայի նկարիչների ազգային միության հավաքածուից արժեքավոր գործեր: Ցուցանմուշներում տեղ էին գտել ուկրաինական գեղանկարչության անվանի վարպետներ Վ. Բարինովա-Կուլեբայի, Ս. Գրիգորեւի, Ա. Կաշշայի, Օ. Յաբլոնսկայայի ստեղծագործություններից, որոնք դասական կերպարվեստի նմուշներ են: Ցուցադրությունը ներկայացնում է տարբեր սերունդների նկարիչների, ովքեր երբեմն հակադիր են իրենց փիլիսոփայությամբ եւ ստեղծագործական միտումներով:
«Ներկայացված 30 գործերում նկատելի է մեկ ընդհանուր գիծՙ դրանք իրականացված են բարձր վարպետությամբ, ինչը ժամանակաշրջանի կերպարվեստի յուրատեսակ այցեքարտն է, որը պայմանավորել է նրանց վաստակած մեծ համբավը», այսպես բնորոշեց ցուցանմուշները «Ազգի» հետ զրույցում Ուկրաինայի նկարիչների միության փոխնախագահ Միկոլա Կիշչուկը : Նա նաեւ նշեց. «Վստահ ենք, որ հայ հանդիսականը նոր անուններ կհայտնաբերի եւ լիարժեքորեն կգնահատի ներկայացված գործերից յուրաքանչյուրը»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին եւ ելույթներ ունեցան Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը , ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը : Միկոլա Կիշչուկը հաստատեց հնչած բոլոր այն կարծիքները, որ մշակույթը լավագույն միջոցն է ժողովուրդներին մտերմացնելու, համագործակցելու խնդրում: Նա սրտանց հրավիրեց հայ նկարիչներին այցելել Ուկրաինայի նկարիչների միության չորս ստեղծագործական տներ ու թարմացնել նախկինում դրսեւորված ջերմ ու մտերմիկ կապերը:
«Լավագույն գործերի ցուցադրման ավանդույթը շարունակվում էՙ ժամանակակից հայ հանդիսականի պատկերացումները Ուկրաինայի կերպարվեստի, ուկրաինացի արվեստագետների ձեռքբերումների եւ ազգային գանձարանում վերջիններիս ներդրման վերաբերյալ: Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը իրական գեղագիտական հաճույք կպարգեւի այցելուներին», ասաց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը կգործի երկու շաբաթ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ