Հայ թատրոնի պատմությունը հազարամյակների խորքում է սկիզբ առել ու առաջին անգամ Արտաշատում բեմադրվել է Էվրիպիդեսի «Բաքոսուհիները» պատմական դրաման, որի ընթացքում մատուցարանի վրա բերել են Կրասոսի գլուխը... Հենց այդ ներկայացումով հիմք դրվեց հայ թատրոնը ու մինչեւ այսօր, բոլոր ժամանակներում, տվեց անվանի անուններ, թատրոնին նվիրյալ արվեստագետներ: Այսօր մեկ հոդվածով հնարավոր չի լինի նրանց անունները հիշատակել: Սակայն կա մի կարեւոր ձեռնարկ, որը արժեւորում է նորին մեծություն թատրոնի նվիրյալներին եւ երախտավորներին: Ավանդույթի համաձայն, ամեն տարի մարտի 27-ինՙ Թատրոնի միջազգային օրը, մեկտեղվում են թատերական աշխարհի ներկայացուցիչները մեծ շուքով տոնելու մասնագիտական տոնը, որի ընթացքում հանձնվում են նաեւ «Արտավազդ» մրցանակները:
«Ազգը» զրուցեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ եւ տեղեկացավ, որ այս տարի բացի 11 անվանակարգերից, առաջադրվածներին կհանձնվի «Արտավազդ» արձանիկը, ավելացել է եւս մեկ հատուկ մրցանակ: Հաշվի առնելով, որ այս տարի լրացել է ՀՀ ժող. արտիստ, Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, մեներգիչ Տիգրան Լեւոնյանի ծննդյան 75-ամյակը, միությունը որոշել է անվանական մեկ մրցանակ հանձնել այն անվանի թատերական գործչին վերջին մեկ տարվա լավագույն աշխատանքի համար: Ի դեպ, նախորդ տարիներին արդեն եղել են Վարդան Աճեմյան եւ Խորեն Աբրահամյան անվանական մրցանակներ, որով թատերական աշխարհն իր երախտագիտությունն է հայտնում հայ թատրոնի հիմնասյուներինՙ նրանց անվան մրցանակներ շնորհելով: Մասնագիտական տոնը այս տարի հոբելյանական է թատրոնի բնագավառում աշխատողների համար: Տոնվում է ՀԹԳՄ 70-ամյակը: Հոբելյանական մեկ խոշոր համերգային երեկո տեղի կունենա աշնանը, որին կմասնակցեն բոլոր թատրոնները: «Այդ օրը կլինի ՀԹԳՄ 70-ամյա պատմությանը նվիրված գրքի շնորհանդեսը, նաեւ 50 եւ ավելի տարի մեր միությանն անդամակցած թատերական գործիչներ կպարգեւատրվեն հատուկ հուշամեդալով», տեղեկացրեց Հակոբ Ղազանչյանը:
«Ազգը» պրն Ղազանչյանից փորձեց տեղեկանալ, թե ինչպե՞ս է անցել Ուլյանովսկի Իվանո Գանչարովի անվան պետական դրամատիկական թատրոնում իր բեմադրած Վամպիլովի «Գավառական անեկդոտներ» ներկայացման առաջնախաղը եւ ինչպե՞ս եղավ, որ հրավիրեցին իրենց թատրոնում բեմադրություն անել:
«Ասեմ, որ հրաշալի ընդունելություն ունեցավ առաջնախաղը եւ բուռն արձագանքներ եղան մամուլում եւ հեռուստաեթերում: Մեր համագործակցությունը սկիզբ էր առել դեռեւս նախորդ տարի, երբ ԵՊՀ թատրոնը Ուլյանովսկում մասնակցում էր միջազգային թատերական փառատոնին եւ հենց այդ ընթացքում ինձ հետ բանակցություններ վարեցին: Այս տարվա սկզբին ես 1,5 ամսով մեկնեցի Ուլյանովսկ, բեմադրեցի պիեսը: Հաջողությունը այնքան էր ոգեւորել թատրոնի տնօրենությանը, որ նրանք ինձ առաջարկեցին «Իմ թոռ Վենիամինը» դրաման կրկին բեմադրել: Պետք է ասեմ, որ շատ լավ թատերասեր հանդիսատես ուներ թատրոնը, կիրթ, որը ուրախալի փաստ է: Ես ուրախացա, որ այդ թատրոնի խաղացանկում գտնվող «Խելքից պատուհասը» ներկայացման տոմսերը վաճառվում են մեկ ամիս առաջ: Մի բան, որ շատ թատրոններ կերազեն: Դա խոսում է թատերասեր հանդիսականի մասին, որոնց համար թատրոնը առաջնային տեղում է առօրյայում»:
Առիթը օգտագործելով, շնորհավորեցի Հակոբ Ղազանչյանին ե՛ւ առաջնախաղի լավ ընդունելության, ե՛ւ Մարիամ Ղազանչյանի փայլուն ելույթի առիթով, որը կայացել է Գերմանիայում: Պատանի հանդիսատեսի թատրոնը հրավիրվել էր Հաննովեր, մասնակցելու «Փոքր ֆորմատի թատրոններ» միջազգային փառատոնին: Փառատոնին Մարիամ Ղազանչյանը հանդես է եկել «Մարսել» մոնոներկայացումով, որը բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը բեմադրել է Էդիտ Պիաֆի երգերի հիման վրա: Լավագույն դերակատարման համար Մարիամը արժանացել է փառատոնի դիպլոմին: Ասեմ, որ «Մարսել» ներկայացումը բավականին մեծ հաջողություն ունեցավ նաեւ վերջերս մեր երկրում անցկացվող մոնոներկայացումների «Արմմոնո» փառատոնում: Փառատոնին մասնակցող տարբեր երկրներից ժամանած հյուրերը մի առանձնահատուկ գոհունակությամբ էին խոսում «Մարսել» ներկայացման եւ հատկապես Մարիամիկի հրաշալի խաղի մասին: Արդեն այդ ներկայացումը հրավեր է ստացել Լեհաստանից եւ աշնանը Վրոցլավում կայանալիք մոնոներկայացումների փառատոնն կներկայացնի Հայաստանը:
Շնորհավորելով թատրոնի միջազգային օրվա առիթով, մաղթում ենք, որ հայ թատրոնը մշտապես վերելք ապրի եւ ունենա կայուն խաղացանկ, այլ ոչ թե շոու-բիզնեսի վերածվի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ