«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱՂՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ 3 ՄԻԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ»

Երեկ «Բանանցի» մարզադպրոցում թիմի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ թիմը լրջորեն է նախապատրաստվել նոր մրցաշրջանին, գոհ է նախապատրաստական փուլից, թեեւ «Բանանցը» ստուգողական հանդիպումներում հիմնականում պարտվել է: Սակայն իրեն գոհացնում է մարզումների նկատմամբ ֆուտբոլիստների դրսեւորած պատասխանատու վերաբերմունքը:

Նոր մրցաշրջանում «Բանանցի» կազմում միայն մեկ լեգեոնական է ընդգրկված, թիմը համալրել է արարատցի Գեւորգ Կարապետյանը, իսկ մնացած ֆուտբոլիստները սեփական կադրերն են: Ռաֆայել Նազարյանը նշեց, որ դա ֆինանսների հետ որեւէ կապ չունի: Այդ առումով «Բանանց» ակումբը որեւէ խնդիր չունի: Պարզապես փոխվել է քաղաքականությունը եւ ակումբի ղեկավարությունը որոշել է հիմնական շեշտը դնել սեփական մարզադպրոցի երիտասարդ կադրերի պատրաստման վրա: Գլխավոր մարզիչն ուրախ է դրա համար ու հույս ունի, որ մոտ ապագայում երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց մասին խոսել կտան: Ապագայում «Բանանցն» էլ «Փյունիկի» օրինակով կարող է իր լավագույն ֆուտբոլիստներին արտերկիր գործուղել:

Ըստ Ռաֆայել Նազարյանի, թիմի առջեւ նոր մրցաշրջանում կոնկրետ խնդիր դրված չէ: Սակայն «Բանանցը» միշտ էլ պայքարել է մրցանակային տեղերի համար ու այս տարի էլ ձգտելու է լրջորեն պայքարել առաջնության մեդալների համար: Թե ինչ կստացվի, ցույց կտա առաջնության ընթացքը: Ամեն դեպքում թիմը խաղադաշտ է դուրս գալու յուրաքանչյուր խաղում 3 միավոր վաստակելու վճռականությամբ: Բացի այդ, աշխատելու են բարձրացնել ֆուտբոլիստների կատարողական վարպետությունը: Ռաֆայել Նազարյանի կարծիքով բոլոր թիմերն էլ լավ են նախապատրաստվել նոր մրցաշրջանին, ուստի սպասվում է համառ պայքար առաջնության մեդալների համար: Ճիշտ է, որոշակի առավելություն կարող է ունենալ «Ուլիսը», որի կազմում մեծ թիվ են կազմում փորձառու ֆուտբոլիստները:

Ռաֆայել Նազարյանը խոսեց նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականից, որը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական հերթական մրցախաղերին: Նա նշեց, որ ցավոք մինչեւ Անդորրայի հավաքականի հետ կայանալիք ընտրական մրցախաղը երիտասարդական հավաքականն ընկերական որեւէ հանդիպում չի անցկացնի: Գլխավոր մարզիչը հույս հայտնեց, որ մինչեւ Ուելսի հետ ընտրական հաջորդ հանդիպումը ընկերական խաղ կկազմակերպվի:

Մինչեւ Անդորրայի հավաքականի հետ հանդիպումը դեռեւս բավականին ժամանակ կա ու Ռաֆայել Նազարյանը հետեւելու է թեկնածուների ելույթներին: Արտերկրում հանդես եկող Մասիս Ոսկանյանի եւ Գեւորգ Բադալյանի ելույթներին նա հետեւում է տեսագրություններով: Առաջնության հանդիպումները թույլ կտան գործի մեջ տեսնելու հավաքականի թեկնածուներին ու որոշելու կազմը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4