Սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաջող մեկնարկեց Դորտմունդում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում: Մեկնարկային խաղում մեր թենիսիստները 3-0 հաշվով պարտության մատնեցին Նիկարագուայի հավաքականին: Մեր հավաքականի անդամներ Մեսրոպ Ղուկասյանը, Ալեքսանդր Դիարյանն ու Մուրադ Ասատրյանը հաղթեցին մրցակիցներին: Հայաստանի տղամարդկանց հավաքականն ընդգրկված է 4-րդ խմբի N ենթախմբում: 2-րդ տուրում մեր թենիսիստները կմրցեն ղազախների հետ, որոնք մեկնարկային խաղում 3-0 հաշվով պարտության եմ մատնել ադրբեջանցիներին:
Ի տարբերություն տղամարդկանց, ՀՀ կանանց հավաքականն անհաջող է մեկնարկել 3-րդ խմբի K ենթախմբում: Առաջին մրցախաղում հայ թենիսիստուհիները 0-3 հաշվով պարտվեցին Իռլանդիայի մարզուհիներին: Ընդ որում բոլոր 3 մրցախաղերն էլ անցան համառ մրցապայքարում: Հաղթողին որոշելու համար հարկ եղավ 5 մրցափուլ անցկացնել: Հասմիկ Խաչատրյանը, Լուիզա Նազարյանն ու Ռուբինա Վարդանյանն իրենց մրցակցուհիներին զիջեցին միեւնույն 2-3 հաշվով: 2-րդ խաղում էլ մեր հավաքականը պարտվեց 0-3 հաշվով: Մրցակիցը Կանադայի ընտրանին էր, որի կազմում հանդես էին գալիս չին թենիսիստուհիներ: 3-րդ տուրում հայ թենիսիստուհիների մրցակիցը կլինի Մոնղոլիայի հավաքականը: