ՀՅԴ Հայ դատի հանձախումբը այժմ հույսերը կապում է Ֆրանսուա Հոլանդի հետ
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2 գլխավոր թեկնածուներն էլ` գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Հոլանդը խոստացել են, որ ընտրություններից հետո Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նոր տեքստ կկազմեն: Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի խոսքերովՙ տեքստը նախորդի պես արագ չի պատրաստվի, իրավական բոլոր կետերով կլինի անթերի: Օրինագիծն էլ կպատրաստվի Ֆրանսիայի նախագահի կամ նրա փաստաբանի խորհրդով:
Մուրադ Փափազյանը հիշում է, որ դեռեւս 2007-ին Նիկոլա Սարկոզին խոստացել էր ընդունել օրինագիծը, սակայն խոստումը չկատարեց: Երբ այս տարի Ֆրանսիայի Ազգային ժողովը, այնուհետեւ Սենատը ընդունեցին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Փափազյանի մեջ հույս առաջացավ, որ երկարամյա պայքարը հաղթանակ կգրանցի: «Սենատում օրինագծի ընդունումից հետո մենք լուրեր ստացանք, որ թուրքական լոբբին ստորագրություններ է հավաքում, որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան: Այդ ժամանակ մենք դիմեցինք Նիկոլա Սարկոզիինՙ ասելով, որ նման պարագայում նախընտրելի կլինի, որ նախագահն օրինագիծը շուտ ստորագրի: Սարկոզին խոստացավ, որ կստորագրի, սակայն չստորագրեց փաստաթուղթ, ու Սահմանադրական դատարանն օրինագիծը համարեց հակասահմանադրական», «Ուրբաթ» ակումբում ասում է Փափազյանը` հավելելով, որ որոշումը ոչ թե իրավական էր, այլ բացառապես քաղաքական: Թե ինչու Սարկոզին չստորագրեց օրենքը, արդյո՞ք այդ ամենը կազմակերպված շոու էր, Փափազյանը չի մեկնաբանում, միայն ընդգծում է, որ Սարկոզին խոստումը չպահեց: Նրա մեկանաբանությամբ` Հայ դատի հանձնախումբն ու ֆրանսահայ համայնքը այնքան մտերմություն եւ ջերմ հարաբերություն չունեն Սարկոզիի հետ եւ չկարողացան պարտադրել, որ նախագահը խոստումը պահի: Մինչդեռ նախագահի մյուս թեկնածուին` Հոլանդին ճանաչում են ավելի քան 15 տարի: «Մեզ պետք չեն միայն խոսքեր: Մենք ընդունում ենք, որ Երեւանում Նիկոլա Սարկոզին շատ ճիշտ եւ շատ լավ ելույթ է ունեցել, սակայն միայն խոսքերով բավարարվելու ժամանակն արդեն անցել է: Մեզ նաեւ գործողություններ, արարքներ են հարկավոր», ասում է Փափազյանը: Նա հղում է կատարում ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդած տեղեկատվությանը, համաձայն որի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի տապալման համար մեկ տարում Թուրքիան ծախսել է 100 միլիոն դոլար: Ժամանակն է, որ Թուրքիայի վարած հակահայ քաղաքականությանը պատասխան տա Հայաստանը:
Հայ դատի հանձնախմբի մեկ այլ անդամի` Հրաչ Վարժապետյանի ներկայացմամբ` Ֆրանսիայում այսօր գոյություն ունի հստակ թուրքական վտանգ, ավելին` համայնքի անվտանգության հարցն էլ խնդրո առարկա է: Ֆրանսիայում կան հայամետներ եւ թուրքամետներ: Վերջիններս հիմնականում քաղաքական գործիչներ են եւ լրագրողներ, որոնց թուրքական կառավարությունը կարողացել է կաշառել: Վարժապետյանը հավելում է, որ նոր օրինագծի ընդունման ժամանակ իրենց գործողություններն էլ կտարբերվեն: Ինչ վերաբերում է Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ժամանակ ֆրանսահայերի դիրքորոշմանը, ապա այստեղ կա տարակարծությունը: Հայ դատի հանձնախումբը կպաշտպանի Հոլանդի թեկնածությունը, մինչդեռ համայնքից հնչել են հայտարարություններ, որ սատարելու են Սարկոզիին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ