Ի հեճուկս այն սոցիոլոգիական կանխատեսումների եւ քաղաքագիտական վերլուծությունների, թե ՕԵԿ-ը նոր խորհրդարան անցնելու շանս չունի, երեկ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ պատրաստակամ ու վճռական են` ունենալու այսօրվա համեմատ կրկնակիից ոչ պակաս մանդատներ: Սոցիոլոգների կարծիքները, ըստ ՕԵԿ փոխնախագահի, ամեն օր կարող են փոխվել, քանի որ ամենօրյա հետեւողական աշխատանքի եւ գրագետ քարոզարշավի դեպքում միշտ բարձրանում են քաղաքական ուժերի տոկոսները, այնպես որ վաղ է այս պահին գնահատական տալ սոցիոլոգների ասածին ու որոշել ապագա քվեների տոկոսը: Արդեն 4-րդ անգամ ընտրություններին մասնակցող փորձառու ՕԵԿ-ը, ըստ նրա փոխնախագահի, կազմակերպչական առումով այսօր մարտունակ է, ձեւավորել է բոլոր կառույցները երկրով մեկ եւ պատրաստ է հաջողելու խորհրդարանական ընտրություններում: Ապրիլի 7-ին, պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ, ՕԵԿ-ը նախատեսել է հանրահավաք «Ազատության» հրապարակում, ապրիլի 8-ին` քարոզարշավի առաջին օրը, նախընտրական ծրագրի շնորհանդեսն է լինելու, ժամանակացույց կհրապարակվի` ո՞ր օրը ի՞նչ ձեւաչափով եւ որտե՞ղ է հանդիպում լինելու մարզերում եւ Երեւանում. «15 տարվա մեր հաջողության պատճառն այն է, որ մշտապես մրցունակ ծրագրեր ենք ներկայացրել հանրությանը, հետեւողականություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացման առումով, եւ որոշակի ընտրազանգված միշտ մեր կողքին է, հավատում ու վստահում է մեզ, եւ մենք ուզում ենք ընդլայնել ընտրողների թիվը մեր նոր, մարտունակ եւ բավականին հետաքրքիր ծրագիրը ներկայացնելով հանրությանը»: Հ. Բիշարյանը ընդհանրապես կուզենար գաղափարների եւ ծրագրերի պայքար տեսնել քարոզարշավի ընթացքում:
Հարց եղավ մամուլում շրջանառված` ՕԵԿ-ի մուրաբա բաժանելու մասին: Հ. Բիշարյանը նշեց, որ տեղական գրասենյակների ղեկավարների մոտեցումն է եղել մարտի 8-ին նվերներ բաժանել կուսակցական կանանց: Բայց ոչ միայն մուրաբա է եղել. «Էդպես չէ, որ համատարած մուրաբա են բաժանել, լավ չեք իրազեկված, տարբեր տեղեր տարբեր մոտեցումներ են եղել իրենց կուսակցության կին անդամներին, էնպես որ, ես կարծում եմ, սրա մեջ միայն եւ միայն լավ բան կա. մենք, գիտեք, օգնություններ չենք բաժանում, քաղաքացիներին փողով չենք առնում, չենք ցուցակագրում եւ չենք էլ անելու: «Օրինաց երկիր» կուսակցությունը խոսելու է եւ պայքարելու է փողով քվե գնելու դեմ եւ ունենալու է իր խիստ մոտեցումները», ասաց նա` հավելելով, թե կուսակցական կառույցներում կուսակցական կանանց հանդեպ վերաբերմունքը այնքան էլ հանրության դատին ներկայացնելու թեմա չէ: Աջափնյակ համայնքի ամբողջ մի մուտքում ջեմ բաժանելու հարցին ի պատասխան` Բիշարյանը սեպեց. «Ուրեմն նրանց ցանկանում եմ բարի ախորժակ»: Ո՞ւմ, ո՞ր կուսակցություններին է ուղղված Հ. Բիշարյանի այն խոսքը, թե պայքարելու փողով քվե գնելու դեմ, արդյո՞ք Հանրապետականի. «Ես չգիտեմ` Հանրապետական, «Բարգավաճ», թե ո՞ր կուսակցությունն է մտածում էդպես անել, վստահ եմ, որ առավել եւս կոալիցիոն քաղաքական ուժերը արդեն էնքան աշխատանքներ են կատարել իրենց քվեները հավաքելու, որ, կարծում եմ, նման քայլի դիմելու հարկ էլ չկա: Ինչ նշանակություն ունի` ո՞ր կուսակցությունից, եթե այդպիսի բան տեսնենք, մենք կխոսենք դրա մասին: Խոսքը երեւույթի մասին է, խոսել որեւէ կուսակցության մասին, ճիշտ չէ», ասաց կոալիցիոն կուսակցության փոխնախագահը:
Երբ «Ազգը» հղում արեց մամուլի այն հրապարակումներին, թե ՕԵԿ-ի ցուցակում ով ասես կա` գործավարներ, վարորդ, ի պատասխան Հ. Բիշարյանը նկատեց. «Ես, ճիշտն ասած, ծիծաղով եմ վերաբերվում (հրապարակումներին-Մ. Խ.), որովհետեւ բոլոր այդ մարդիկ ունեն բարձրագույն կրթություն, նույնիսկ Ձեր մատնանշած վարորդ ասածը երկու ինստիտուտ ավարտած է, այնպես որ մենք բոլոր սոցիալական շերտերից եւ խավերից վերցրել ենք` ելնելով հենց այն սկզբունքից, որ յուրաքանչյուր մարդ, անկախ նրանիցՙ ի՞նչ է աշխատում, իրեն մարդ զգա եւ գնահատված զգա: Սա խիստ կարեւոր է»:
Էդուարդ Մադաթյանը հեռացե՞լ է կուսակցությունից (նրան, ինչպես գիտեք, ԸԸՀ-ն չի գրանցելու), հարցրին. «Ո՞վ ասաց, էդ ո՞վ է երազում տեսել: Խորհուրդ կտամ ամեն մարդ քնի իր համար, երազ տեսնի իր համար»: «Ազգը» հետաքրքրվեց նաեւ ՕԵԿ համամասնական ցուցակի 9-րդ համարով` Նելսոն Զուլոյանով, որն, ըստ մամուլի հրապարակումների, երկքաղաքացի է. Հ. Բիշարյանը նշեց, որ նա հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից, իսկ վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվել է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ