Քննարկում Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում
Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում (ՀԱԱՊ) երեկ քննարկում էր կազմակերպվել գինի եւ կոնյակ արտադրողների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես նշեց ՀԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, նկատի ունենալով, որ Հայաստանի կառավարությունը գինեգործությունը եւ կոնյակագործությունը հայտարարել է արդյունաբերական աջակցության ծրագրի գերակա ճյուղ, անհրաժեշտություն կա, որ ոլորտի ներկայացուցիչները ներկայացնեն իրենց խնդիրները: Դրանք, Ըստ Արայիկ Վարդանյանի, կարող են լինել արտադրանքի որակի, փաստաթղթավորման, արտահանման նոր շուկաների որոնման հարցեր, մաքսային եւ հարկային, ոչ տարիֆային սահմանափակումների խնդիրներ, ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին մասնակցության եւ այլ հարցեր:
ՀԱԱՊ նախագահից հետո խոսեց պալատի գործարարության աջակցման վարչության պետ Մասիս Սարգսյանը : Նա այն կարծիքը հայտնեց, որ ընկերություններն ավելի մեծ հաջողություններ կունենան, եթե փորձեն համատեղ աշխատել, օրինակ` արտահանմանն ու մարկետիգի հարցերում, քան եթե դա փորձեն անել միայնակ:
Քննարկման ժամանակ նշվեց, որ Հայաստանից 25 երկրներ կոնյակ են արտահանում 30 ընկերություններ, իսկ 15-16 գինի արտադրողներ հայկական գինին իրացնում են 20 երկրներում:
Հանդիպման մասնակից ընկերություններից մեկի ներկայացուցիչը բարձրացրեց Հայաստանում թունդ ոգելից խմիչքների գովազդի արգելքի հարցը, ասելով, որ արտերկրում իրենց արտադրանքն ավելի լավ գիտեն, քան Հայաստանում: Այդ ընկերությունն արտադրում է թթի, հոնի, ծիրանի, վայրի տանձի թունդ ալկոհոլային խմիչքներ: Մեկ այլ ընկերության ներկայացուցիչ կարեւորեց նմուշների առաքման հարցը, որը մեծ ծախսերի եւ փոխադրման ոլորտում խնդիրների հետ է կապված: Նրա ներկայացմամբ, նախկինում, երբ արտադրության համար սարքավորումներ էին ներմուծվում, ավելացված արժեքի հարկը 1 տարի հետո էր գանձվում, եւ այդ հարցը լուծվում էր ապրանքի արտահանման ժամանակ փոխադարձ հաշվարկներով: Այժմ այդպես չէ, ԱԱՀ-ն գանձվում է անմիջապես: Նույնը նաեւ ժամանակավոր ներմուծման ռեժիմի տակ ընկնող հումքի` շշերի, պիտակի ներմուծման դեպքում է:
Կոնյակ եւ գինի արտադրողները բարձրացրեցին նաեւ այլ հարցեր, որոնք ՀԱԱՊ-ում կափոփվեն եւ կներկայացվեն կառավարությանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ