«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2012-03-28 | #56, 2012-03-29 | #57, 2012-03-30


ԹՌՉՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԳԱԼԻՍ ՔԱՂԱՔ

«Թռչունների պահպանության համար ՀՀ-ում մեծ նշանակություն ունեն ջրային տարածքները, քանի որ Հայաստանը սակավաջուր երկիր է եւ ջրային, ճահճային տարածքները քիչ են»,- ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Սիլվա Ադամյանը :

Բնապահպանը, խոսելով Սեւանա լճի սառած լինելու մասին, ասաց, որ սառույցները լճում քիչ են եւ որեւէ վտանգ չեն ներկայացնում թռչունների բնադրման համար. «Անգամ սառած վիճակում լիճը կարող էր ընդունել թռչուններին, քանի որ առափնյա շրջաններում նրանց բնադրման եւ ձվադրման համար տեղանքներ կան: Նաեւ կա այլընտրանք` Արարատի ջրերը, որտեղ նույնպես հանգրվանում են չվող թռչունները»:

Ըստ Սիլվա Ադամյանի` դրանք են, որ ապահովում են մոտավորապես 120 տեսակ ջրաճահճային թռչունների բնադրավայրերը, չուի հանգստավայրերը. «Մենք անընդհատ խոսում ենք, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ճահճային տարածքներին: Գիլի լճից հետո դրանք են ընդունում ջրաճահճային թռչուններին, այն էլՙ մեծ քանակությամբ»:

Այս տարի, հունվարի 14-17-ը, ՀՀ-ում անցկացվել է ջրլող թռչունների ձմեռային հաշվառումը, որն իրականացվում է տասներորդ անգամ: Հաշվառումը կատարվել է Սեւանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական լճերում եւ Մեծամոր գետում: Ինչպես տեղեկացնում է Թռչունների պահպանության կենտրոնը, հաշվառվել են շուրջ 13.000 սեւ փարփարներ, կռնչան, մոխրագույն բադեր: Սեւանա լճում գրանցվել են հետաքրքրական տեսակներ` ճչան եւ փոքր կարապներ, խայտաբադ: Ամբողջ հաշվառման ընթացքում գրանցվել է 42 տեսակի 41360 թռչուն, որը վերջին տարիներին արված հաշվառումների ամենաբարձր ցուցանիշն է:

Թռչունների պահպանության համար շատ կարեւոր է արգելոցներում տարվող խնամքը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանն ասաց, որ այժմ արգելոցում կա շուրջ 149 տեսակ թռչուն, որոնք գտնվում են ե՛ւ արգելոցի, ե՛ւ պետության խնամքի ներքո. «Մենք ամեն ինչ անում ենք, որ պահպանենք արգելոցի տեսակները, այդ հարցում ունենք պետական աջակցություն, մեզ օգնում է բնապահպանության նախարարությունը»:

ՀՀ բնապահպանության նախարարության հրատարակած Կարմիր գրքում այժմ կա 96 տեսակի թռչուն, սակայն, ըստ Սիլվա Ադամյանի, հատուկ վերաբերմունք է պետք թռչունների 110 տեսակի հանդեպ:

Բնապահպանին հուզող հարցերից մեկն էլ քաղաքային միջավայրում թռչունների պահպանության խնդիրն է. «Մենք այսօր քաղաքում կորցրել ենք մեր երգեցիկ թռչունների տեսակային կազմը եւ ձեռք ենք բերել ուրբանիզացված տեսակային կազմ, որոնք են ագռավներն ու կաչաղակները: Այս թռչունները քաղաքի աղտոտվածության ցուցանիշ են, դրանց քանակի ավելացումը մեզ պետք է ահազանգի, որ մենք ունենք խնդիրՙ քաղաքում»:

Կանաչ տարածքների կորուստը, շինհրապարակների, աղբակույտերի առկայությունը բերում է նրան, որ թռչունների այս տեսակները սկսում են շատանալ, քանի որ այս թռչունները սիրում են աղբի մեջ քչփորել, աղբով սնվել: Ագռավները որոշակի չափով նաեւ գիշատիչներ են, կարող են սնվել մանր մկներով, երգեցիկ թռչունների ձվերով: Ըստ բնապահպանի` երգեցիկ թռչունների կորուստը կարող է բերել մեր թռչնաշխարհի փոփոխությանը:

ՀՀ-ում խնդիրներ ունենք նաեւ գիշատիչ թռչունների պահպանության հետ կապված: Բնապահպանը նշեց, որ բնական միջավայրի փոփոխությունից գիշատիչ թռչունների տեսակային կազմը կորցնում է իր կերակրավայրը եւ հետզհետե գնում է այդ բնադրավայրերից դեպի այլ երկրներ. «Սեւ անգղը, օրինակ, Կարմիր գրքում է, Խոսրովի արգելոցում այդ անգղը կա, բայց քանակությունը այնքան էլ մեծ չէ: Այս տեսակետից անտառային տարածքների եւ ընդհանրապես արգելոցային վայրերի պաշտպանությունը շատ մեծ նշանակություն ունի», հավելեց բնապահպանը:

ԱՆՈՒՇ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4