«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2012-03-28 | #56, 2012-03-29 | #57, 2012-03-30


«ԱՐԱՐԱՏ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳԻՆ

Զուտ հայկական նշանակություն ստացած «կանանց մեկամսյակը» կարծես թե իր վարակիչ ազդեցությունն է ունենում նաեւ Վալենսիայի, այսպես կոչված, «նոր քաղաքացիների» եւ, հատկապես, նախկին խորհրդային երկրների ժողովուրդների մոտ: Եվ դա միանգամայն հասկանալի է. գեղեցկության տոնը համընկնում է գարնանային զարթոնքին: Ու թեեւ Իսպանիայի գարունը, որպես այդպիսին, այնքան էլ չի նշմարվում կամ տարբերակվում մյուս եղանակներից, այնուամենայնիվ ամենուրեք նկատելի է տոնական բարձր տրամադրությունը, երգն ու պարը:

Ահա այդ լավ տրամադրությունը շրջապատին փոխանցելու համար էլ Վալենսիայի «Օլիմպիա» հյուրանոցային համալիրում կազմակերպվել էր գալա-համերգ նախկին խորհրդային ժողովուրդների մասնակցությամբ: Նախաձեռնության առաջատարներն էին ռուսական «Կալինկա» պարային համույթն ու «Հյուսիսային աստղ» միությունը, «Էդդի-Դոր» երաժշտական ակումբը ու «Արարատ» հայկական միությունը:

Համերգի ժամանակ փայլուն ելույթ ունեցան հայկական դպրոցի սաները, ովքեր միաժամանակ հաճախում են «Էդդի-Դոր» երաժշտական ակումբ, որի հիմնադիրներն են Էդվարդ Դորոշենկո-Պետրոսյանը եւ Հելեն Հարութը: Հանդիսատեսը պարզապես կլանված էր 16-ամյա Լիլիթ Ավետիսյանի եւ 13-ամյա Լանա Բաբայանի զրնգուն ձայներով: Իսկ ահա 6-ամյա Հելենա Ղուկասյանը պարզապես գրավել էր հանդիսատեսի սիրտը:

Հայ երեխաներին լրացնելու էր եկել ինքըՙ տենոր Էդվարդ Դորոշենկո-Պետրոսյանը, ով 1987-1992 թվականներին ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

Համերգին ներկայացվեց նաեւ ռուսական ֆոլկլոր եւ իսպանական ֆլամենկո: Աննախադեպ էր Մարատ եւ Իննա Յարուլինների տնօրինությամբ գործող «Կալինկա» պարային համույթի ելույթը. սաներն ու պարուսույցները ներկայացրեցին վալսի, լատինական եւ սպորտային պարերի ողջ գեղեցկությունը:

Ահա այսպես իսպանական (եւ ոչ միայն) հանդիսատեսին հերթական անգամ ներկայացվեց խորհրդային ժողովուրդների բազմամշակույթ արվեստը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4