Շախմատի Եվրոպայի առաջնության մասնակից հայ շախմատիստներից ամենափորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը շարունակեց իր հիանալի ելույթները: 8-րդ տուրում պարտության մատնելով Դենիս Խիսմատուլինին, Վլադիմիր Հակոբյանը տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը եւ 6,5 միավորով ռուսաստանցիներ Վլադիմիր Մալախովի եւ Մաքսիմ Մատլակովի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ հայ շախմատիստը հիանալի հնարավորություն ունի նվաճելու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այդ պայքարում կարող է վճռորոշ լինել 9-րդ տուրում Վլադիմիր Մալախովի հետ կայանալիք մրցավեճը: Վերջինս 8-րդ տուրում պարտության մատնեց Սերգեյ Ազարովին: Մատլակովն էլ առավելության հասավ Վիկտոր Բոլոգանի նկատմամբ:
Հայ շախմատիստներից 2-րդ լավագույն արդյունքն ունեն Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը: Մովսիսյանը սպիտակներով հաղթեց Լեւան Պանցուլայային, իսկ Գաբրիելը հաշտություն կնքեց Յան Սմիթսի հետ: Տուրը հաղթական էր Մելքումյանի համար, որի մրցակիցը Բորիս Էսենն էր: Պետրոսյանը հաղթելով Վալերի Պոպովին, վաստակեց 5 միավոր:
8-րդ տուրում հաղթանակ տոնեց նաեւ Զավեն Անդրեասյանը, որը պարտության մատնեց Անդրեաս Հագենին: Զավենն ունի 4,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունեն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Հովհաննիսյանը հաշտություն կնքեց Դավիթ Բենիձեի հետ, իսկ ահա Գաբուզյանը պարտվեց Սանան Սյուգիրովին:
4 միավոր ունեցող Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Բուրակ Ֆիրատի հետ: Արման Փաշիկյանն ու Վլադիմիր Պողոսյանը պարտվեցին համապատասխանաբար Դալիբոր Ստոյանովիչին եւ Վեսելին Պանտեւին: Փաշիկյանը վաստակել է 3,5 միավոր, Պողոսյանն ունի 2,5 միավոր: