Երեւանում ավարտված ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում գրանցվեցին ուշագրավ մի քանի արդյունքներ: Հատկապես հիանալի հանդես եկավ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդինՙ Վարդանը: 16-ամյա պատանին մինչեւ 69 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց երկամարտի 302 կգ (135+167) արդյունքով: Նշենք, որ անցյալ տարի Վարդանը քաշային այս կարգում պատանիների ՀՀ չեմպիոն էր դարձել երկամարտի 270 կգ արդյունքով: Այնպես որ առաջընթացը զգալի է:
Վարդան Միլիտոսյանն այս տարի եւս իր ուժերը կչափի պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Եվրոպայի առաջնությունը կկայանա օգոստոսին ռումինական Կոստանցա քաղաքում, իսկ սեպտեմբերին Սլովակիայի Կոշիցե քաղաքում ծանրորդները կվիճարկեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Գերազանց ելույթ ունեցան նաեւ 16-ամյա Ժորժ Եղիկյանն ու 17-ամյա Անդրանիկ Կարապետյանը: Առաջինը մինչեւ 62 կգ քաշային կարգում երկամարտի 257 կգ (110+147) արդյունքով չեմպիոն հռչակվեց, իսկ Կարապետյանը ուժեղագույնը ճանաչվեց մինչեւ 77 կգ քաշային կարգումՙ 321 կգ (148+173):
Աղջիկների մրցապայքարում կրկին իրեն գերազանց դրսեւորեց միջազգային մրցումների զգալի փորձ ունեցող Իզաբելա Յայլյանը, որը մինչեւ 58 կգ քաշային կարգում մրցակցությունից դուրս էր: Նա երկամարտի 165 կգ (75+90) արդյունքով արժանացավ ոսկե մեդալի:
Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ընդհանուր առմամբ գոհ է պատանի ծանրորդների ցուցանիշներից: Մեծ են սպասելիքները հատկապես 18-ամյա գերծանրքաշային Գոռ Մինասյանից: Վերջինս այս տարի արդեն հաջողության հասել էՙ դառնալով մեծահասակների Հայաստանի չեմպիոն: Գոռը մեդալների հարուստ հավաքածու ունիՙ մասնակցելով աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններին: Հեռանկարային ծանրորդներ են նաեւ Վարդան Միլիտոսյանը (69 կգ), նույն քաշային կարգում հանդես եկող Վլադիկ եւ Վարդան Կարապետյանները, 77 կգ քաշայիններ, 17-ամյա Անդրանիկ Կարապետյանն ու Ռազմիկ Օլթեցյանը: Այնպես որ հուսալի հերթափոխ է աճում: