«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2012-03-29 | #57, 2012-03-30 | #58, 2012-03-31


ՀԱԿ-Ը ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՑԵՑԻՆ ՔԱՐՈԶԱՀԱՆՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքը փաստորեն այս քաղաքական ուժի` ընտրությունների քարոզարշավին տրված մեկնարկն էր, թեեւ պաշտոնական քարոզարշավը սկսվում է ապրիլի 8-ին: Ընդհանրապես այս անգամ բոլոր քաղաքական ուժերը մի տեսակ շատ շուտ են սկսել քարոզչությունը, որոնք տարբեր դրսեւորումներ ունեն: Հանրահավաքի բանախոսները փորձեցին մարտական տրամադրություն փոխանցել իրենց համակիրներին: Նիկոլ Փաշինյանը թվեց ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված մականունավոր գործարարների անունները, իսկ Հայաստանի նախկին ու ներկա նախագահներին էլ հղում արեց. «Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դուք մեր արյունը չեք մարսելու, դուք խեղդվելու եք մեր արյան մեջ»: «Հանրապետության» Արամ Սարգսյանը խոսեց ՀԱԿ-ի եւ նրա համախոհների երազանքից` «քաղաքական մեր դասավորությունը բերելու», որի համար տեւական պայքար ու համբերություն է պետք լինելու:

Արամ Մանուկյանը ՕԵԿ-ի բաժանած ջեմից ու օծանելիքից մի-մի օրինակ ուներ` ցույց տվեց (արդյո՞ք հենց ՕԵԿ-ի բաժանածն է, թե սիմվոլիկ ջեմ ու սիմվոլիկ օծանելիք` սեփական պահուստներից, չիմացանք):

Բայց իհարկե, ամենից կարեւորը Տեր-Պետրոսյանի ներկայացրած ՀԱԿ-ի դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներն էին, որոնք իր խոսքով համաձայնեցված էին դաշինքի անդամ կուսակցությունների հետ: Թեեւ նշեց միաժամանակ, թե ՀԱԿ-ը Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որ հատուկ ծրագրով հանդես գալու կարիք չունի` 4 տարի իշխանության իրական հակակշիռ է ներկայացել հասարակությանը ու հաջողությամբ լուծել է «ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտման եւ սահմանադրական կարգի վերականգնման, երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված այլընտրանքի առաջադրման» խնդիրներն այդ 4 տարում:

Բերվեցին տնտեսական ցուցանիշներ` երկրի արտաքին` 1,5 մլրդից 3,8 մլրդ դոլարի հասած պարտք, գնաճի պատկեր, դրամի արժեզրկում, տնտեսության խորացած մենաշնորհացում, պաշտոնական թվով 120 հազ արտագաղթած, խաղաղ պայմաններում զոհված 200 զինծառայող, հայ-թուրքականի եւ ԼՂՀ խնդրի փակուղի արտաքին ոլորտում: Իշխանության բոլոր այս եւ այլ մեղքերի վրա կանգ առնելով` ՀԱԿ-ի առաջնորդը ոլորտ առ ոլորտ իրենց մշակած ծրագրերը դեմ արեց` նշելով, որ իշխանության գալու դեպքում դրանք իրականացվելու են: Նա չմոռացավ իշխանության գալուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու եւ մի շարք այլ անհետաձգելի քայլերի մասին, այդ թվում` հասարակության աչքում վարկաբեկված ՍԴ-ի կազմի վերանայումը, լրիվ պոպուլիզմի հոտ արձակող ԽՍՀՄ խնայբանկերի ավանդների` պարտատոմսերի ձեւակերպմամբ աստիճանական մարումը, ծննդյան կես միլիոն դրամանոց միանվագ նպաստի սահմանումը եւ այլ քաղցր խոստումներ: Դե, այս ծրագրային դրույթները դեռ մեկ ամիս շուռումուռ ենք տալու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4