Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները որոշակի դադարի վիճակում են հայտնվել նախընտրական շրջանի հերթագայության պատճառով, սակայն խոսակցություններն ու քննարկումները թեման արդիական են պահում` անկախ հակամարտության կարգավորման տարածաշրջանային կարեւորությունից: Հերթական անգամ ղարաբաղյան խնդրին արդեն ժնեւյան հանդիպմանը անդրադարձել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Մարտի 28-ին տեղի ունեցած հանդիպմանը կողմերը քննարկել են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, ինչպես նաեւ մտքեր փոխանակել հարավկովկասյան հակամարտությունների եւ մերձդնեստրյան հիմնահարցի առնչությամբ:
Մինչ Կարասինի քննարկումները հերթական ճեպազրույցներից մեկում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի հնարավոր փոփոխության առնչութամբ հարցին արձագանքել է հաստատմամբ, որ Մինսկի խումբը ներկա ձեւաչափով բավականին կառուցողական ու համաձայնեցված աշխատանք է տանում: Հիշեցնենք, որ խոսքը Եվրոխորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի ընդունած փաստաթղթում դրույթի մասին է, որով Եվրոխորհրդարանին առաջարկվում է քննարկել Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու հավանականությունը:
Լուկաշեւիչը հայտարարել է, թե չի տիրապետում որեւէ տեղեկության, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիայի մանդատը կարող է փոխանցվել: Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան նման հարց օրակարգ չի բերել, համանախագահներն էլ բավականին ինտենսիվ աշխատում են, ընդ որում` նաեւ մեջտեղ բերելով «հսկայական ծավալի փաստաթղթեր, որ համաձայնեցվում են տարբեր մակարդակներում` ներառյալ ամենաբարձրը»:
Լուկաշեւիչը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների վերջին հայտարարությունը` դրա համար հիմք ներկայացնելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եռակողմՙ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան վերջին նախագահական հանդիպումը, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել «արագացնելու կարգավորման հիմնարար սկզբունքների աշխատանքը»:
Վերը նշվածն, ըստ Լուկաշեւիչի, հաստատում է, որ Մինսկի խմբի ձեւաչափը կայացած է, եւ խմբի ներուժն էլ բնավ սպառված չէ: Ըստ էության, այս կերպ եւս մեկ անգամ ՄԽ ձեւաչափից մանր-մունր բողոքներով ականջ տանող ադրբեջանական չինովնիկներին փորձում են հասկացնել, որ այդ ձեւաչափը, որի հետ աշխատելու պատրաստակամության տակ ամեն անգամ պատրաստակամորեն ստորագրում է բանակցությունների հիմնական մասնակից Ադրբեջանի նախագահը, հենց այն հիմնականն ու միակն է, որ ներկա դրությամբ զբաղվում է ղարաբաղյան խնդրում կարգավորման հասնելու միջնորդությամբ:
Մյուս կողմից, համանախագահող Ֆրանսիային որեւէ այլ կերպ փոխարինելու հավանականության հարցը կարող է քննարկվել որտեղ եւ ում կողմից ասես, սակայն այդ հարցում որոշիչ ու էական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի, այնպես էլ մյուս համանախագահողների համաձայնությունը:
Ա. Հ.