Պրոֆ. Թաներ Աքչամը թուրքական «Թարաֆ» թերթում լույս ընծայած իր հոդվածում նմանություններ է հայտնաբերել Հրանտ Դինքի եւ 1915-ի ցեղասպանության պարագլուխ Թալեաթ փաշայի սպանության ձեւերում եւ բացատրել, թե հունվարի 13-ին մահացած Ռաուֆ Դենքթաշը Թալեաթի սպանության վրեժը լուծել էր Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպելովՙ «Էրգենեքոն» ծայրահեղական «խորքային պետության» միջոցով, տեղեկացնում է Կանադայից «Ապագայ» շաբաթաթերթը: Նա հայտնել է, որ Դենքթաշն այդ կազմակերպության մաս էր կազմում: Նաեւ նախագահն էր «Թալեաթ փաշա» հանձնախմբի, որի նպատակն էր վերականգնել դահճապետի վարկն ու հեղինակությունը զանազան միջոցառումներով Լոզանում, Բեռլինում, Փարիզում եւ Հյուսիսային Կիպրոսում: Այդ միջոցառումները անցկացվել են «Հայոց ցեղասպանությունը սուտ է» կարգախոսի ներքո:
«Մենք այս պետությունը կառուցել ենք 1915-ի հիմքերի վրա: Դինքի ոճրին ավելի լույս սփռելը հարցականի տակ դնել է նշանակում այս պետության գոյությունը եւ խարխլել դրա հիմնաքարերը: Մենք բոլորս Ռաուֆ Դենքթաշ ենք եւ միշտ մնալու ենք Թալեաթ փաշայի կողմնակիցները», հորդորել են Դենքթաշի հուղարկավորությանը մասնակից սգակիրները:
Դենքթաշը թուրք կիպրացի էր, որ Հյուսիսային Կիպրոսի բռնագրավումից հետո դարձել էր դրա նախագահը:
Հ. Ծ.